«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#140, 2011-07-29 | #141, 2011-07-30 | #142, 2011-08-17


ՄՈՏԿՈՐԻ ԲՆԱՇԽԱՐՀՈՒՄ ԲԱՑՎԵՑ ՀՐԱՆՏ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻ ԱՐՁԱՆԸ

Օգոստոսի 14-ին Լոռու մարզի Մոտկորի ենթաշրջանի գեղատեսիլ բնության գրկում հարյուրավոր լոռեցիներ միանգամից 3 տոն էին նշումՙ Մոտկորի սրբավայրի (Շամուտ գյուղի հարեւանությամբ) Սուրբ Մարիամ Աստվածածին մատուռի հիմնադրման 6-րդ տարեդարձը, մեծանուն գրող Հրանտ Մաթեւոսյանի արձանի բացումը հայրենի բնօրրանի գրկումՙ մատուռից փոքր-ինչ հեռավորության վրա եւ Հայ Առաքելական եկեղեցու տաղավար հինգ տոներից մեկըՙ Խաղողօրհնության տոնը: Լոռու մարզի տարբեր բնակավայրերից ու մայրաքաղաքից ժամանած հյուրերը հնարավորություն ունեցան եւս մեկ անգամ ոգեղեն սնունդ ստանալու եւ հիանալու մայր բնության հրաշալիքներով: Տոնակատարություններին մասնակցում էին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, փոխմարզպետ Աղվան Վարդերեսյանը, Գուգարաց թեմի առաջնորդ, գերաշնորհ տեր Սեպուհ եպիսկոպոս Չուլջյանը, ԱԺ պատգամավոր Կարեն Սարիբեկյանը, ՀՀ ժողովրդական արտիստ, լոռվա զավակ Սոս Սարգսյանը, «Լոռվա ձոր» հայրենակցական միության նախագահ Սերգո Երիցյանը, Կոմանդոսըՙ գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադեւոսյանը, ՀՀ զինված ուժերի հրթիռահրետանային զորքերի հետախուզության բաժնի պետ, գնդապետ Սամվել Վանեսյանը, Հրանտ Մաթեւոսյանի եղբայրըՙ Համլետ Մաթեւոսյանը, ընտանիքի անդամները, Լոռու մարզպետարանի աշխատակիցներ, ենթաշրջանի համայնքների ղեկավարներ, մտավորականներ, արվեստագետներ, հյուրեր:

Հանդիսությունը վարում էր դերասան, ասմունքող Ջիվան Սարգսյանը:

Օրվա խորհուրդը ներկայացրեց Սերգո Երիցյանը :

- Այսօր խորհրդանշական օր է, եւ պատահական չէ, որ նշում ենք միանգամից 3 տոնՙ Հայ Առաքելական եկեղեցու տաղավար տոներից մեկը, Սուրբ Մարիամ Աստվածածին մատուռի հիմնադրման 6-րդ տարեդարձը: Իսկ օրվա հիմնական խորհուրդն այն է, որ Մոտկորի նշանավոր զավակներից մեկըՙ Հրանտ Մաթեւոսյանը, քարեղեն տեսքով վերադարձել է հայրենի բնաշխարհի գիրկը: Մեծանուն գրողի արձանն այստեղ տեղադրելու գաղափարը հղացվել է անցած տարի, սեպտեմբերի 11-ին տեղի ունեցած հանդիսության ժամանակ եւ այսօր այդ մտահղացումը իրականություն է դարձել շնորհիվ մի քանի բարերարների: Այսօր նաեւ մատաղի օրհնություն է կատարվելու, կներկայացվի նաեւ ազատամարտի հերոսներին նվիրված Սերժ Սոսյանի «Իսկ թիկունքում հող-հայրենին է» գիրքը, ասաց նա:

Օրհնության խոսք հղեց տեր Սեպուհ եպիսկոպոս Չուլջյանը :

- Մեր պապերը դարեր շարունակ կառուցել են մատուռներ ու եկեղեցիներՙ իրենց աղոթքը հնչեցնելու առ Աստված, ասաց նա: Ուրախալի է, որ գալիք սերունդները շարունակում են այդ սուրբ գործը եւ պահպանում այդ մասունքները:

Այս օրը մի խորհուրդ եւս ունի. Արեւմտյան Հայաստանի Մարութա սարի վրա գտնվող նշանավոր Սուրբ Մարիամ Աստվածածին սրբավայր ուխտի են գնում մեծաթիվ հայեր: Ներկաները Գուգարաց թեմի առաջնորդի հետ աղոթք հնչեցրին առ Աստված:

Շնորհավորանքի խոսք ասաց Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը .

- Ցավալի է, որ մեր ազգի արժանավոր զավակներն ըստ արժանվույն չեն գնահատվում իրենց կենդանության օրոք, ուստի անհրաժեշտ է, որ մենք մեր սերունդներին փոխանցենք նրանց մեծ վաստակը, նրանց մեջ սերմանենք մեծերին գնահատելու եւ սիրելու գաղափարը,- նշեց մարզպետը:

Ներկաներին շնորհավորելով տոների առթիվՙ Հայաստանի գրողների միության Լոռու մարզային բաժանմունքի նախագահ, բանաստեղծ Մանվել Միկոյանը մասնավորապես անդրադարձավ Հրանտ Մաթեւոսյան-արձակագրի գրական ժառանգությանը.

- Նա հայ գրականության, հայ արձակի մեջ յուրօրինակ հեղափոխություն կատարեց: Քաջածանոթ լինելով համաշխարհային գրականությանը եւ իր հոգում ունենալով հայ դասականներինՙ Հրանտ Մաթեւոսյանը կարողացավ հայ արձակը հասցնել մի նոր աստիճանի: Խորհրդային տարիներին չափազանց դժվար էր ազատ խոսք ասել, քննադատել, Հրանտ Մաթեւոսյանին դա բնավ չէր կաշկանդում: Նրա գործերը թարգմանվել են բազմաթիվ լեզուներովՙ Հայոց բնաշխարհի այս անկյունը քաջածանոթ դարձնելով ամբողջ աշխարհին,- ասաց Մ.Միկոյանը: Նա երախտագիտություն հայտնեց Սուրբ Մարիամ Աստվածածին մատուռի հիմնադիր եւ հովանավոր գնդապետ Սամվել Վանեսյանին, որ աջակցել է նաեւ մեծանուն գրողի արձանի կերտմանն ու տեղադրմանը, գործարար Մխիթար Մաթեւոսյանինՙ դարձյալ իր աջակցությունն է ցուցաբերել այս գործին, ինչպես նաեւ Լոռու մարզպետարանինՙ միջոցառման կազմակերպման համար:

- Բարեւում եմ բոլորին, հայեր, լա՛վ եղեք,- իր ողջույնը հղեց Սոս Սարգսյանը , ում խոսքն առանձնակի խորհրդավորություն պարգեւեց տոնակատարությանը: Նա, որ Հրանտ Մաթեւոսյանի ստեղծագործության հիման վրա նկարահանված «Մենք ենք, մեր սարերը» համանուն ֆիլմում մարմնավորել է ոստիկանի կերպարը եւ մեծանուն գրողի մտերիմ ընկերներից մեկն է եղել, շատ հիշողություններ ուներ պատմելու:

- Հրանտ Մաթեւոսյանը Թումանյանական մտավորական է, այդ խորությամբ, այդ նվիրվածությամբ, մեծությամբ,- ասաց Սոս Սարգսյանը:- Համաշխարհային մակարդակի պոեզիա ունենք. Հրանտն իր խոսքով, գրվածքով ապացուցեց, որ նաեւ համաշխարհային մակարդակի արձակ ունենք: Ես բախտ եմ ունեցել նրա գրվածքների հիման վրա նկարահանված ֆիլմերում իմ մասնակցությունն ունենալ. առաջինը «Չեզոք գոտի» հանճարեղ թատերագրությունն է, որտեղ ես բախտ ունեցա մարմնավորել գլխավոր դերը եւ «Մենք ենք, մեր սարերը»: Եթե այսօր փոքր երեխաները մոտենում ու ինքնագիր են խնդրում, ես դա վերագրում եմ հենց «Մենք ենք, մեր սարերը» ֆիլմին: Այս ֆիլմը ժողովուրդն անգիր գիտի: Թող Հրանտի հիշատակը հավերժ մնա մեր սրտերում,- ասաց սիրված դերասանը:

ՀՀ վաստակավոր արտիստուհի Գրետա Մեջլումյանը մի հատված կատարեց «Աշնան արեւը» պատմվածքի հերոսուհուՙ Աղունի մենախոսությունից:

Հանդիսությանը ներկա էր նաեւ Հրանտ Մաթեւոսյանի կինըՙ Վերժինե Մովսիսյանը : Նա շնորհակալություն հայտնեց, որ ժողովուրդը, ինչպես միշտ, մեկ քայլ առաջ է անցել եւ գրողի արձանը տեղադրվել է «Հրանտի սիրելի բնաշխարհում»

Բանաստեղծ Լիպարիտ Սարգսյանը , որ Հրանտ Մաթեւոսյանի համակուրսեցին է եղել, նույնպես հուշեր պատմեց մեծանուն գրողի մասին, իսկ բանաստեղծ Հրաչյա Սարուխանը կարդաց իր բանաստեղծություններից մեկը, որը գրվել է Հրանտ Մաթեւոսյանի մահից հետոՙ նրա հիշատակին: Նա դրվատանքի խոսքեր ասաց նաեւ ուղղված քանդակագործ Սարգիս Ղարիբյանին (Սեւո), որ կերտել է մեծ գրողի հուշարձանը:

Շնորհավորանքի խոսք հղեց նաեւ մատուռի հիմնադիր եւ հովանավոր, արցախյան հերոսամարտի մասնակից Սամվել Վանեսյանը , ով մի շարք բարեգործական նախաձեռնությունների հեղինակ է ու պատրաստակամություն է հայտնել աջակցելու արձանի տեղադրման նախաձեռնությանը: Նա իր հերթին շնորհակալություն հայտնեց Մխիթար Մաթեւոսյանին, գնդապետ Համլետ Մաթեւոսյանին, բոլոր նրանց, ովքեր օգնել են արձանը տեղադրելուն եւ տոնակատարությունը կազմակերպելուն:

Հրանտ Մաթեւոսյանի արձանի բացման պատիվը տրվեց գրողի հարազատներին եւ Սոս Սարգսյանին: Ապա կատարվեց Խաղողօրհնեքի արարողությունը: Օրհնության կարգը կատարեց Գուգարաց թեմի առաջնորդը: Ներկաները ճաշակեցին օրհնված խաղողը:

Օրհնվեց եւ բաժանվեց նաեւ Սուրբ մատաղը, որը նվիրված էր զոհված ազատամարտիկների հիշատակին: Բնության գրկում բացվել էին նաեւ հյուրասիրության սեղաններ, որտեղ իրենց ուխտը կատարելուց հետո հյուրասիրվեցին, մատաղ համտեսեցին ներկաները:

Գեղարվեստական կատարումներ եւս ներկայացվեցին, հանդես եկան մարզի երգի, պարի համույթները:

ԱՆՆԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4