«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#140, 2011-07-29 | #141, 2011-07-30 | #142, 2011-08-17


ՀԱՅ ՄԱՐԶԻԿՆԵՐԻ ԱՌԱՋԻՆ ՈՍԿԵ ՄԵԴԱԼՆ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԽԱՂԵՐՈՒՄ

Չինաստանի Չենժեն քաղաքում մեկնարկել է համաշխարհային 26-րդ Ունիվերսիադան: Հայաստանի մարզիկների համար այն հոբելյանականՙ 10-րդն է: Ուսանողական խաղերի մեկնարկը մեր մարզիկների համար նշանավորվեց Ունիվերսիադաների պատմության մեջ առաջին ոսկե մեդալի նվաճմամբ: Մինչ այդ հայ մարզիկները նախորդ 9 խաղերում նվաճել էին 3 արծաթե եւ 11 բրոնզե մեդալ: Հայաստանին առաջին ոսկե մեդալը պարգեւեց մինչեւ 77 կգ քաշային ծանրորդ Աղասի Աղասյանը, որը երկամարտի 337 կգ (151+186) արդյունքով դարձավ հաղթող:

Ի դեպ, ծանրամարտն, ինչպես նաեւ շախմատն առաջին անգամ է ընդգրկվել ուսանողական խաղերի ծրագրում: Աղասի Աղասյանը վստահ ելույթ ունեցավ: Պոկում վարժությունում նա հաջորդաբար բարձրացրեց 146 եւ 151 կգ: 3-րդ մոտեցումը (153 կգ) թեեւ անհաջող էր, սակայն 151 կգ-ն էլ բավարար էր պոկում վարժության ոսկե մեդալին արժանանալու համար: Հրում վարժությունում էլ Աղասին առաջին երկու մոտեցումները հաջող կատարեց (182 եւ 186 կգ), իսկ ահա 190 կգ-անոց ծանրաձողը նրան չենթարկվեց: Այս վարժությունում Աղասին ավելի ծանր անձնական քաշի պատճառով ոսկե մեդալը զիջեց ռուսաստանցի Վիկտոր Խառչենկոյին, որը երկամարտի 331 կգ (145+186) արդյունքով երկամարտում դարձավ 3-րդ մրցանակակիր: Աղասյանը երկամարտի արդյունքով 5 կգ-ով գերազանցեց արծաթե մեդալակիր դարձած ռուսաստանցի մեկ այլ ծանրորդիՙ Վյաչեսլավ Լաստուխինին:

Ունիվերսիադայում մրցահարթակ դուրս կգան եւս չորս հայ ծանրորդներՙ Արամ Անդրիկյանը (85 կգ), Նորայր Վարդանյանը (94 կգ), Վարդան Դավթյանը (94 կգ) եւ գերծանրքաշային Հայկ Հակոբյանը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4