Հնդկաստանի Չենայ քաղաքում վերջնագիծը հատեց շախմատի մինչեւ 20 տարեկանների աշխարհի առաջնությունը: Տղամարդկանց մրցաշարում հիանալի հանդես եկավ հանրապետության այս տարվա չեմպիոն Ռոբերտ Հովհաննիսյանը, որը վերջերս Հայաստանի հավաքականի կազմում դարձել էր աշխարհի թիմային առաջնության հաղթող: Ռոբերտը շատ վստահ անցկացրեց ողջ մրցաշարը, մինչեւ ավարտական տուրը հավակնում էր աշխարհի չեմպիոնի տիտղոսին: Ավարտականՙ 13-րդ տուրից առաջ Ռոբերտը 10 միավորով միանձնյա գլխավորում էր աղյուսակը: 9,5 միավորով 2-րդ տեղում էր լեհ Դարիուշ Սվերչը, որին մեկ միավոր էր զիջում Սամվել Տեր-Սահակյանը:
Մեդալների բաշխումը կատարվեց ավարտական տուրում: Ռոբերտ Հովհաննիսյանը սեւերով ոչ-ոքի խաղաց ադրբեջանցի Վասիֆ Դուրարբեյլիի հետ ու վաստակեց 10,5 միավոր: Երկարատեւ պայքարից հետո 92-րդ քայլում Դարիուշ Սվերչին հաջողվեց հաղթել Վլադիսլավ Կովալյովին ու միավորներով հավասարվել Հովհաննիսյանին: Լրացուցիչ ցուցանիշները հաշվարկելիս պարզվեց, որ աշխարհի չեմպիոնի տիտղոսին է արժանացել լեհ Դարիուշ Սվերչը, իսկ Ռոբերտ Հովհաննիսյանը ստիպված էր բավարարվել արծաթե մեդալով:
Մրցանակային տեղի էր հավակնում նաեւ Հայաստանի 2-րդ պատվիրակըՙ Սամվել Տեր-Սահակյանը: Սակայն նա ավարտական տուրում սեւերով պարտվեց հնդիկ միջազգային վարպետ Շահայ Գրովերին ու զրկվեց մեդալիցՙ 8,5 միավորով գրավելով 9-րդ տեղը: Իսկ ահա Գրովերն այդ հաղթանակի շնորհիվ 9,5 միավորով դարձավ բրոնզե մրցանակակիր:
Ռոբերտ Հովհաննիսյանը մրցաշարում մնաց անպարտելի: Նա 13 պարտիաներից 8-ում հաղթեց, 5-ն ավարտեց ոչ-ոքի: Ընդ որում 3-9-րդ տուրերում հայ շախմատիստն անընդմեջ հաղթանակներ տոնեց եւ միանձնյա գլխավորեց աղյուսակը: 9-րդ տուրից հետո 7,5 միավորով 2-րդ տեղում էր Սամվել Տեր-Սահակյանը: 10-րդ տուրում հայ շախմատիստները մրցեցին միմյանց հետ: Գրանցվեց ոչ-ոքի: Փաստորեն, հենց այդ կես միավորն էլ Ռոբերտ Հովհաննիսյանի համար ճակատագրական եղավ: 11-րդ տուրում նա հաշտություն կնքեց նաեւ Դարիուշ Սվերչի հետ, իսկ հաջորդ տուրում հաղթեց Ռայ Ռոբսոնին:
Սամվել Տեր-Սահակյանը եւս վստահ էր խաղում մրցաշարումՙ գտնվելով առաջատարների խմբում: Նրա համար ճակատագրական եղան ավարտական 2 տուրերում Դարիուշ Սվերչից եւ Շահայ Գրովերից կրած պարտությունները, որոնք էլ զրկեցին հայ շախմատիստին մրցանակային տեղից:
Աղջիկների մրցաշարում Հայաստանը ներկայացնում էր մինչեւ 18 տարեկանների հանրապետության այս տարվա չեմպիոնուհի Մարիա Գեւորգյանը: Նա 13 հնարավորից վաստակած 6 միավորով գրավեց 43-րդ տեղը 69 մասնակիցների մեջ: Աշխարհի չեմպիոնուհու տիտղոսը նվաճեց պերուացի Դեյսի Կորին, որը վաստակեց 11 միավոր: 2-րդ տեղը 10,5 միավորով գրավեց ռուսաստանցի Օլգա Գիրյան: Բրոնզե մեդալակիր դարձավ վրացի Նազի Պաիկիձենՙ 9,5 միավոր:
Շախմատասերներին հիշեցնենք, որ մինչ օրս հայ շախմատիստներից երեքինՙ Վլադիմիր Հակոբյանին, Լեւոն Արոնյանին եւ Զավեն Անդրեասյանին է հաջողվել նվաճելու մինչեւ 20 տարեկանների շախմատի աշխարհի չեմպիոնի տիտղոսը, որին շատ մոտ էր նաեւ Ռոբերտ Հովհաննիսյանը: