Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 18-րդ տուրը նշանավորվեց երկրի չեմպիոն «Փյունիկի»ՙ «Բանանցից» կրած խոշոր հաշվով պարտությամբ (0-3): «Փյունիկի» ղեկավարությունը շարունակում է իր փորձառու ֆուտբոլիստներին արտերկիր ուղարկելու քաղաքականությունը: «Բանանցի» հետ խաղում թիմի կազմում չէր Էդգար Մանուչարյանը, որը վարձավճարով հանդես է գալու Ռուսաստանի առաջին խմբի Եկատերինբուրգի «Ուրալում»:
«Բանանց»-«Փյունիկ» հանդիպումից առաջ կայացավ մեծ ֆուտբոլին Արթուր Ոսկանյանի հրաժեշտ տալու արարողությունը: «Բանանցի» 35-ամյա ավագը մարզչական աշխատանքի է անցնելու հարազատ ակումբի մարզադպրոցում: Նրա խաղընկերները լավ նվեր մատուցեցինՙ 3 անգամ գրավելով փյունիկցիների դարպասը: Աչքի ընկան Բրունո Կորեան, Վալտեր Պողոսյանն ու Արթուր Եդիգարյանը:
Նոր հաղթանակ տարավ «Գանձասարը»ՙ «Հրազդանում» 1-0 հաշվով պարտության մատնելով «Արարատին»: Միակ գոլը 28-րդ րոպեին խփեց Անդրանիկ Սարգսյանը: «Ուլիսն» էլ Իջեւանում Արտակ Գրիգորյանի եւ Ալբերտ Թադեւոսյանի խփած գոլերի շնորհիվ հաղթեց «Շիրակին», որը 5-րդ անընդմեջ պարտությունը կրեց:
Բավական հետաքրքրական պայքարում անցավ «Միկա»-«Իմպուլս» հանդիպումը: Առաջին խաղակեսի ավարտին Զավեն Բադոյանը 11 մ հարվածով առաջ մղեց «Իմպուլսին»: Ընդմիջումից հետո «Միկան» ընդամենը 4 րոպեում վճռեց հանդիպման ելքը Ալեքսի եւ Նարեկ Բեգլարյանի խփած գոլերի շնորհիվ:
Մրցաշարային աղյուսակ
Խ | Հ | Ո | Պ | Գ | Մ | |
1. Գանձասար | 18 | 10 | 6 | 2 | 24-8 | 36 |
2. Ուլիս | 18 | 10 | 4 | 4 | 24-14 | 34 |
3. Փյունիկ | 18 | 8 | 6 | 4 | 25-20 | 30 |
4. Միկա | 18 | 7 | 5 | 6 | 22-17 | 26 |
5. Իմպուլս | 18 | 7 | 4 | 7 | 23-22 | 25 |
6. Բանանց | 18 | 5 | 7 | 6 | 25-22 | 22 |
7. Շիրակ | 18 | 3 | 4 | 11 | 15-30 | 13 |
8. Արարատ | 18 | 2 | 4 | 12 | 12-37 | 10 |
Ռմբարկուները
Բրունո Կորեա | «Բանանց» | 8 |
Էդգար Մանուչարյան | «Փյունիկ» | 8 |
Մարկոս Պիզելի | «Փյունիկ» | 6 |
Նարեկ Բեգլարյան | «Միկա» | 6 |
Զավեն Բադոյան | «Իմպուլս» | 6 |