«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#140, 2011-07-29 | #141, 2011-07-30 | #142, 2011-08-17


ԴԱՏԱԽԱԶՆ ԻՆՔՆԱՍՊԱՆ Է ԵՂԵԼ

Երեկ լրատվություն տարածվեց, որ ժամը 13:40-ին Վանաձորի քաղաքային գերեզմանատանը, մոր շիրիմի մոտ հայտնաբերվել է Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության դատախազ, 37-ամյա Արամ Գրիգորյանի դիակը` քունքի շրջանում հրազենային վնասվածքով: Ըստ գլխավոր դատախազության կայքէջի` նախնական տվյալներով, Ա. Գրիգորյանն ինքնասպանություն է կատարել իրեն ամրակցված «Մակարով» տեսակի հաշվեցուցակային ատրճանակի գործադրմամբ, որը, ինչպես նաեւ մեկ պարկուճ, դեպքի վայրում հայտնաբերվել եւ առգրավվել է: Գերեզմանատան մոտ հայտնաբերված Գրիգորյանի անձնական օգտագործման մեքենայում եղել է գրություն. «Իմ որոշումը վերջնական է, խնդրում եմ ինձ ներել եւ ոչ մեկին չմեղադրել: Իմ մահվան մեջ ոչ ոք մեղավոր չէ»:

Հարուցվել է քրեական գործ` քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի (ինքնասպանության հասցնելու) հատկանիշներով, նախաքննությունը վարում է հատուկ քննչական ծառայությունը:

Ծնունդով լոռեցի Արամ Գրիգորյանը հունիսին էր նշանակվել Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազ, դրանից առաջ Լոռու կայազորի զինվորական դատախազության դատախազ էր, երեք անչափահաս երեխաների հայր: Թե ի՞նչն է եղել ինքնասպանության պատճառը` դեռեւս առաջ քաշվող վարկածները չեն շրջանառվում: Արդյոք աշխատանքային գործունեությա՞ն, թե՞ անձնական կյանքի հետ կկապվեն դրանք, արդյոք նամակի գոյությունը բացառո՞ւմ է սպանության վարկածը, թե՞ իրոք ինքնասպանություն է, առաջիկայի խնդիր է:

Մ. Խ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4