Սեւան քաղաքի բնակիչ Գագիկ Նավասարդյանը 4 տարի առաջ Սեւանա լճում մոտորանավակին ընդհարվելու հետեւանքով ծանր մարմնական վնասվածք է ստացել. անդամահատվել է նրա ոտքը: Գեղարքունիքի մարզի թիվ 1 բժշկասոցիալական փորձագիտական հանձնաժողովը (ԲՍՓՀ) Նավասարդյանին նշանակել է հաշմանդամության երկրորդ խումբ, սակայն երբ Գագիկը պրոթեզավորվել է, նրա խումբն անժամկետ փոխվել է երրորդի` պատճառաբանությամբ, թե երիտասարդը պրոթեզավորվել է եւ հեշտությամբ է տեղաշարժվում:
Գեղարքունիքի թիվ 1 ԲՍՓՀ-ի ընդունած որոշումը Գագիկը բողոքարկում է` դիմելով ՀՀ ԲՍՓ գործակալությանը, սակայն ապարդյուն: Վարչական դատարանում Գագիկի հայցը բավարարում են, սակայն պատասխանող կողմը բողոքարկում է դատարանի որոշումը, եւ Վճռաբեկ դատարանը վճիռ է կայացնում հօգուտ ԲՍՓՀ-ի:
Որ ՀՀ ԲՍՓ գործակալությունն ու երկրի դատական համակարգը օրենք են խախտել եւ ոտնահարել մարդու իրավունքներ, փաստում է Փաստաբանների պալատի անդամ Գայանե Խաչատրյանը : «Երկրորդ կարգից երրորդ կարգ տեղափոխել` պատճառաբանելով պրոթեզավորումը, անհեթեթություն է եւ խախտում է կառավարության 2003 թ. ընդունած թիվ 780 «Բժշկասոցիալական փորձաքննության ժամանակ օգտագործվող դասակարգիչները եւ հաշմանդամության խմբերի սահմանման չափանիշները հաստատելու մասին որոշումը»:
Գագիկ Նավասարդյանը Վճռաբեկի որոշումը բողոքարկել է: Եթե տեղական դատական համակարգը արդար որոշում չընդունի, Նավասարդյանը խոստանում է դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան: «Մեզ համար տհաճ է ձեւակերպումըՙ «Գագիկ Նավասարդյանն ընդդեմ Հայաստանի Հանրապետության», որովհետեւ մենք չենք ուզում մեր երկրին դատի տալ, մենք ընդամենը ցանկանում ենք պայքարել բյուրակրատիայի եւ անօրինականության դեմ, ցանկանում վերականգնել մեր իրավունքները», ասում է հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող «Ունիսոն» ՀԿ-ի նախագահ Արմեն Ալավերդյանը :
Գագիկ Նավասարդյանն էլ պատմում է, որ հաշմանդամ դառնալուց հետո բախվել է պետական մարմիններում առկա բյուրակրատիային: «Վրդովված եմ պետական մարմինների վերաբերմունքից, բացի իմ խնդիրները` գումարվում են այլ խնդիրներ: Ստեղծված է մի համակարգ, որ դիտավորյալ մարդուն քաշքշուկների մեջ է գցում: Քեզ ոչ ոք չի առաջարկում կաշառք տալ, բայց դու ստիպված ուզում ես այլ ուղիներ փնտրել` այդ ամենն ավելի հեշտ անցնելու համար», ասում է Նավասարդյանը` հավելելով, որ ինքը կաշառք չի վճարելու եւ պետության կողմից իրեն հասանելիքի համար չի կաշառելու:
Թե ինչո՞ւ է ԲՍՓ-ն քաշքշուկներով տրամադրում առաջին կամ երկրորդ կարգի հաշմանդամության թուղթ` բացատրությունը պարզ է: Եթե երկրորդ խմբի հաշմանդամության կարգ ունես` ավելի բարձր թոշակ ես ստանում, բուժօգնությունը, դեղերն ու կրթությունն անվճար են ի տարբերություն երրորդ խմբի: Գագիկ Նավասարդյանի դեպքը առաջինն ու միակը չէ: Հաշմանդամություն ունեցող բազմաթիվ անձինք ընդհուպ կաշառք ու ծանոթ են մեջտեղ գցում իրավունքները պաշտպանելու համար: Բազմաթիվ են նաեւ դեպքերը, երբ մարդը` հոգնելով բյուրոկրատական քաշքշուկներիցՙ հրաժարվում է պայքարել իրավունքների պաշտպանության համար: Կոպիտ ասածՙ ԲՍԹ մասնագետները յուղոտ պատառ են ստանում հատկապես զորակոչերի ժամանակ: Հաշմադամություն ունեցող երիտասարդին, որ տեսողական լուրջ խնդիրներ ունի, սրտի արատ եւ այլն, զորակոչում են բանակ ու ծնողից պահանջում մի քանի հազար դոլար իրական ախտորոշման համար: Հաճախ են դեպքերը, երբ առողջ երիտասարդին բանակից ազատելու համար որեւէ հիվանդություն են «կպցնում» եւ համարում «ոչ պիտանի»: Իհարկե, կլորիկ գումարի դիմաց:
Ընդգծենք, որ ԲՍՓ-ները աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ենթակայության տակ են գործում, իսկ եթե հիշենք, թե վերջին մի քանի տարվա ընթացքում Վերահսկիչ պալատն ինչպիսի խախտում, կոռուպցիա եւ փողերի լվացում է արձանագրել այդ նախարարությունում, ակնհայտ կդառնա, որ ԲՍՓ-ներն էլ, մեղմ ասած, մաքուր չեն գործում:
Արմեն Ալավերդյանը հիշում է, որ դեռեւս երկու ամիս առաջ ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության գործակալության պաշտոնական կայքում www.Hhbsp.am, նշված էր, որ հանրապետությունում հաշմանդամների թիվը 185.000 է: Ներկայումս այդ թիվը 172.000 է: «13.000-ով պակասել է այդ թիվը: Ի՞նչ եղան այդ մարդիկ. ստուգումներ եղան, եւ պարզվեց, որ կամ չկան, կամ հաշմանդամ չեն, կամ էլ տարիներ առաջ հեռացել են երկրից»: Բնական է, որ հաշմանդամություն ունեցող 13.000 անձանց հասանելիք թոշակն ու փարոսը գնացել են ինչ-որ մեկի գրպանը:
Անդրադառնալով հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրներինՙ Ալավերդյանն ասաց, որ գլխավորը պրոբլեմը ազատ տեղաշարժումն է:
«Տրանսպորտը հարմարեցված չէ, որ հաշմանդամներն էլ կարողանան երթեւեկել, ներկայիս բարձրահարկ շենքերում չկա որեւէ պայման ազատ տեղաշարժման համար: Հաշմանդամները դուրս են մշակութային կյանքից, իսկ գլխավոր խնդիրը աշխատանքի տեղավորվելն է»:
Այսօր հաշմանդամների միայն 8 տոկոսն է ապահովված աշխատանքով, իսկ ինչո՞վ զբաղվի մնացած 92 տոկոսը կամ ինչպես ապրի պետությունից տրամադրվող 10-13.000 դրամ թոշակով:
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ