«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#141, 2011-07-30 | #142, 2011-08-17 | #143, 2011-08-18


ՀԱՅ ՈՍԿԵՐԻՉՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ (AJA) ՆԱԽԱԳԱՀ ԳԱԳԻԿ ԳԵՎՈՐԳՅԱՆԻ ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԸ ԼԻԲԱՆԱՆՈՒՄ

Լիբանանահայ գործարարների համախմբման եւ Հայ ոսկերիչների միության նախաձեռնությամբ, օրերս Բեյրութ այցելեց հայ ոսկերիչների միջազգային միության (AJA) նախագահ Գագիկ Գեւորգյանը: Ռուսաստանի ամենամեծ «Էստետ» ոսկերչական հաստատության հիմնադիրն ու սեփականատերը, իր «Էյ-Ջեյ-Էյ»-ի (AJA) նախագահ ընտրվելու առաջին օրիցՙ ձեռնարկել էր կազմակերպությունը աշխուժացնելու, սփյուռքում թե հայրենիքում հնագույն այդ արհեստ-արվեստը զարգացնելու ու միջազգային ցուցահանդեսներում միացյալ եւ հզոր ներկայությամբ հանդես գալու բազմաթիվ ծրագրերով:

Օգոստոսի 10-ին ժամանելով Բեյրութ, նախագահ Գագիկ Գեւորգյանն ու պատվիրակությունը ջերմորեն ընդունվեցին Լիբանանահայ գործարարների համախմբման նախագահ Նազարեթ Սաբունջյանի եւ գործադիր վարչության անդամների, AJA -ի Լիբանանի ղեկավարության կողմից:

Այս միջազգային հայկական կազմակերպության փոխնախագահն է Պերճ Աբաջյանը, քարտուղարըՙ Հովեր Շնորհոքյանը, գործադիր վարչության անդամները` Նազարեթ Սաբունջյանը եւ Հարրի Գազանջյանը: Իսկ Լիբանանի AJA-ի անդամներՙ Լորանս Թյուֆենկջյանը, Հակոբ Տաքեսյանը, Պետիկ Սաբունջյանը, Հակոբ Միսիրյանը, Վազգեն Հատիտյանը, նաեւ Ալեքս Ֆաթթալը, Գրիգոր Եսայանը եւ Ռոնի Մալջյանը (որոնք Գագիկ Գեւորգյանի այցելության օրերին աշխատանքով բացակայում էին Բեյրութից) կարեւոր աշխատանքներ էին կատարել Հայ ոսկերիչների միջազգային միությունը կազմակերպելու եւ արժանի բարձունքի վրա պահելու համար...

Գործարար հանդիպումներին զուգահեռ, Գագիկ Գեւորգյանը այցելեց Մեծի տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսին Անթիլիասի մայրավանքում: Երկժամյա հանդիպման ընթացքում քննարկվեցին հայապահպանման եւ արտագաղթի կասեցման, ոսկերչության միջոցով աշխատանքային տեղերի ապահովման, AJA-ի շնորհիվ հայ մշակույթի եւ հայ լեզվի զարգացմանը, հայ վարպետների ու ոսկերչական հաստատությունների միջեւ հաղորդագրությունները ուժեղացնելու եւ այլ հարցեր:

Նախագահ Գագիկ Գեւորգյանին ընդունեց նաեւ Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանը, որը հաջողություն մաղթեց այս կարեւոր կազմակերպության առաքելությանը, մանավանդ որ առաջիկա սեպտեմբերինՙ Հայաստանի Հանրապետության հիմնադրության 20-ամյակի օրերին, քաղաքամայր Երեւանում տեղի է ունենալու ոսկերչության միջազգային ցուցահանդես, սփյուռքից եւ արտասահմանից բազմաթիվ մասնակիցներով:

Հինգշաբթի, 11 օգոստոսի 2011-ի երեկոյան, Բեյրութի «Ռոյալ» հյուրանոցի շքեղ դահլիճում տեղի ունեցավ ճաշկերույթՙ ի պատիվ Հայ ոսկերիչների միջազգային միության նախագահի: Ներկա էին Լիբանանահայ գործարարների համախմբման ղեկավարությունը, գործադիր վարչության անդամները, AJA-ի պատվիրակությունը, ազգային դեմքեր, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներ:

Ռուսաստանից ժամանած հայ պատվավոր հյուրին ու ներկաներին ողջունեց Նազարեթ Սաբունջյանը, հույս հայտնելով, թե այս այցելությունը սկիզբ կլինի ավելի մեծ ծրագրերի իրագործմանը, ի փառս սփյուռքի եւ մայր հայրենիքի: Ապա ելույթ ունեցավ Գագիկ Գեւորգյանը, որ նշեց, թե աշխարհի բնակչության շուրջ 1 տոկոսը կազմող հայությունը այսօր արտադրում է մեր երկրագնդի ոսկերչական արտադրանքի 5 տոկոսը...: Նա կարեւորեց այս հնագույն, «հայկական» արհեստ-արվեստի դերը հայապահպանման, հայ ժողովրդի գոյատեւման դարավոր պայքարում, որն շարունակվում է մինչեւ այսօր:

Գագիկ Գեւորգյանն իր հիացմունքը հայտնեց նաեւ լիբանանահայության հայապահպանման մեծ գոյապայքարի հանդեպ, առանձնապես նշելով իր գործընկերների կազմակերպվածությունը, հայրենասիրությունը, հյուրընկալությունը, նա խոստացավ իր բոլոր միջոցները տրամադրել Հայ ոսկերիչների միջազգային միությունը հասցնելու աշխարհի ամենաբարձր կազմակերպությունների մակարդակինՙ բոլորին ցույց տալու հայ ժողովրդի պատմությունն ու մշակույթը, ներդրումը մարդկային քաղաքականության մեջ:

Բուռն ծափահարություններով ընդունվելով ներկաների կողմիցՙ ճաշկերույթը մինչեւ ուշ գիշեր շարունակվեց փոխադարձ զրույցի եւ մտքերի փոխանակման հաճելի մթնոլորտում:

12 օգոստոսին, շարունակելով իր գործնական հանդիպումները, միաժամանակ հարցազրույցներ տալով լիբանանահայ հեռուստատեսությանը, Գագիկ Գեւորգյանը հրաժեշտ տվեց Բեյրութին` մեկնելով Երեւան ու Մոսկվա:

ՀԱՄՈ ՄՈՍԿՈՖՅԱՆ, Բեյրութ, Լիբանան

Խմբ. կողմից - Երեւանում արդեն, օգոստոսի 16-ին, Գագիկ Գեւորգյանն ընդունվեց հանրապետության նախագահի կողմից եւ նրան տեղեկացրեց սեպտեմբերի 21-ին կազմակերպվելիք միջազգային ցուցահանդեսի եւ հարակից հարցերի մասին:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4