Համահայկական 5-րդ խաղերի ծրագրում ընդգրկված 10 մարզաձեւերից մասնագետների շրջանում առավել մեծ հետաքրքրություն են առաջացնում բասկետբոլի մրցումները: Եվ դա պայմանավորված է մի խումբ իրոք ուժեղ թիմերի առկայությամբ, որոնցում բավականին հասուն խաղ ցուցադրող բասկետբոլիստներ են հանդես գալիս: Պատահական չէ, որ հանդիպումներին ուշի ուշով հետեւում են բասկետբոլի մասնագետները: Ինչպես նշեց բասկետբոլի Հայաստանի ֆեդերացիայի նախագահ Հրաչյա Ռոստոմյանը, մարզիչները հետեւում են խաղերի ընթացքին, որոնց ավարտից հետո հնարավորություն կունենան Հայաստանի հավաքականի համար թեկնածուներ ընտրել սփյուռքահայ բասկետբոլիստներից:
Ինչպես միշտ, տղամարդկանց մրցաշարում ուժեղ թիմ է ներկայացրել Համահայկական նախորդ խաղերի չեմպիոն Սոչին, որը հանդես է գալիս 2-րդ ենթախմբում: Սոչիի բասկետբոլիստներին որոշ դիմադրություն ցույց տվեց Բեյրութի թիմը, որը պարտվեց 51-83 հաշվով: Իսկ ահա Թավրիզի հետ մրցախաղում Սոչիի բասկետբոլիստների առավելությունը բացահայտ էր, որոնք հաղթեցին գերխոշորՙ 101-17 հաշվով: Նույն խմբում ընդգրկված Երեւանի թիմը հաղթել է Թավրիզին (65-35), պարտվել Բեյրութի բասկետբոլիստներին (62-80):
Ուժեղ թիմ ունի նաեւ Գլենդեյլը, որը հանդես է գալիս 4-րդ ենթախմբում: Ամերիկահայ բասկետբոլիստները մեծ առավելությամբ հաղթել են Մոնրեալին (106-40), պարտության են մատնել Սալմաստի թիմին (98-79): 1-ին ենթախմբում էլ առաջատարներից մեկը Լոս Անջելեսի թիմն է, որն առավելության է հասել Հալեպի (96-78) եւ Ստեփանակերտի (95-68) նկատմամբ: Նույն ենթախմբում Թեհրանի բասկետբոլիստները պարտության են մատնել Ստեփանակերտի (76-73) եւ Հալեպի (86-62) թիմերին:
5-րդ ենթախմբում Իսֆահանի բասկետբոլիստները հաղթել են Ախալքալակի (77-40) եւ Բուենոս Այրեսի (64-59) թիմերին: Նույն թիմերի հետ մրցավեճում 2 հաղթանակ է տոնել նաեւ Կահիրեի թիմը:
6-րդ ենթախմբում առաջատարը Ստամբուլի թիմն է, որը հաղթել է Ուրմիային (75-38) եւ Փարիզին (88-33): 3-րդ ենթախմբում էլ Գլենդեյլ Մոնրռուզը պարտության է մատնել Սիդնեյի (74-67) եւ Վիեննայի (111-45) բասկետբոլիստներին:
Կանանց 11 թիմերը բաժանվել են 2 ենթախմբի: 1-ին ենթախմբում 2-ական հաղթանակ են տոնել Երեւանի, Իսֆահանի եւ Թեհրանի թիմերը: 2-րդում առաջատարներն են Գլենդեյլի եւ Շահին Շահրի բասկետբոլիստուհիները:
Երեկ Համահայկական 5-րդ խաղերում հանգստյան օր էր: Խաղերի մասնակիցներն այցելեցին Ծիծեռնակաբերդ, մեկնեցին Սեւան եւ Ծաղկաձոր, եղան Հայաստանի այլ տեսարժան վայրերում: