Համաշխարհային 26-րդ Ունիվերսիադայի շախմատի մրցաշարի 4-րդ տուրն էլ հաղթական էր Ավետիք Գրիգորյանի համար: 2010-ի Հայաստանի չեմպիոնը 4-րդ անընդմեջ հաղթանակը տոնեցՙ առավելության հասնելով եգիպտացի գրոսմայստեր Ահմեդ Ադլիի նկատմամբ:
4 տուրից հետո Ավետիք Գրիգորյանը չինացի Վան Հաոյի հետ 100 տոկոսանոց արդյունքով գլխավորում է աղյուսակը: Վերջինս հաղթեց Վասիլի Պապինին:
3,5 միավորով 3-րդ հորիզոնականում է Զավեն Անդրեասյանը, որը հաղթեց միջազգային վարպետ Օլիվեր Կուրմանին: Տուրը հաղթական էր նաեւ Հայաստանի 3-րդ ներկայացուցչիՙ Հրանտ Մելքումյանի համար, որը սպիտակներով պարտության մատնեց Ալվարո Վալդեսին: Մելքումյանն ունի 2,5 միավոր:
Այսօր կայանալիք 5-րդ տուրում ուշադրության կենտրոնում կլինի երկու առաջատարներիՙ Ավետիք Գրիգորյանի եւ Վան Հաոյի մրցավեճը, որում հայ շախմատիստը կխաղա սեւ խաղաքարերով: Զավեն Անդրեասյանի մրցակիցը կլինի Լի Չաոն, իսկ Մելքումյանը կմրցի Մարիան Յուրչիկի հետ:
Կանանց մրցաշարում Աննա Հայրապետյանը հաղթելով Ֆելիսա Տրանսենոյին, վաստակեց 2,5 միավոր եւ ընթանում է 22-րդ տեղում: Ռուսաստանը ներկայացնող միջազգային վարպետ Կարինա Համբարձումովան եւս վաստակել է 2,5 միավոր: Նա պարտվեց Նինո Բացիաշվիլուն: Հետաքրքրական է, որ 5-րդ տուրում Աննա Հայրապետյանը մրցելու է Համբարձումովայի հետ: