Դոնի Ռոստովում ավարտվեց կանանց շախմատի Գրան պրիի 1-ին փուլը, որի 12 մասնակիցների թվում էր Էլինա Դանիելյանը: Ցավոք Էլինան իր հնարավորություններից ցածր հանդես եկավ: 11 հնարավորից վաստակելով 5 միավոր, նա 8-9-րդ տեղերը բաժանեց Անտոանետա Ստեֆանովայի հետ: Էլինան ընդամենը 3 հաղթանակ տոնեցՙ պարտության մատնելով Ալիսա Գալյամովային, Եկատերինա Կովալեւսկայային եւ Ալեքսանդրա Կոստենյուկին: Աննա Մուզիչուկի, Տատյանա եւ Նադեժդա Կոսինցեւաների եւ Համպի Կոներուի հետ պարտիաներում հայ շախմատիստուհին հաշտություն կնքեց: 4 պարտիաներում Էլինա Դանիելյանը պարտվեց Հոու Յիֆանին, Կատերինա Լահնոյին, Անտուանետա Ստեֆանովային եւ Ռուան Լուֆեյին:
Մրցաշարում իրեն հիանալի դրսեւորեց աշխարհի ներկայիս չեմպիոնուհի Հոու Յիֆանըՙ 11 հնարավորից վաստակելով 8 միավոր: Նա միակ պարտություն կրեց 7 միավորով 2-րդ տեղը գրաված Կատերինա Լահնոյից: 3-րդ տեղը 6,5 միավորով գրավեց Աննա Մուզիչուկը: