Մի շարք կրպակատերեր, որոնց կրպակները քաղաքապետարանի որոշմամբ ապամոնտաժվել են, երեկ այցելել են Երեւանի քաղաքապետարան եւ ավագանու բոլոր անդամներին հասցեագրված 52 նամակ հանձնել: Նրանք պահանջում են Երեւանի վարչական շրջանների կրպակների ապամոնտաժման հարցը քննարկելու նպատակով հանդես գալ Երեւան քաղաքի ավագանու արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնությամբ, արտահերթ նիստի օրակարգի հարց ընդգրկել հողի վարձակալության պայմանագրերը երկարացնելն ու կրպակների փաստաթղթերը լիարժեք դարձնելը, դադարեցնել ապամոնտաժման գործընթացը եւ ապահովել ավագանու արտահերթ նիստում իրենց ներկայացուցիչների մասնակցությունն ու զեկույցի ներառումը:
Հիշեցնենք, որ «ժառանգության» խմբակցության անդամներն էլ կրպակատերերի խնդրով նամակով դիմել էին ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին` առաջարկելով արտահերթ նիստ հրավիրել:
Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ ապամոնտաժվելու են մայրաքաղաքում գործող անօրինական, չգործող, ժամկետանց պայմանագրերով գործող եւ քաղաքաշինական չափորոշիչներին չհամապատասխանող կրպակները: Քաղաքապետարանի տվյալներովՙ ապամոնտաժվող կրպակների թիվը մի քանի հազար է: Արդեն ապամոնտաժվել են 1200 «չգործող կամ իրավական թերի հիմքերի վրա գործող կրպակներ»: Քաղաքապետի վերոնշյալ որոշումը հասարակական դժգոհության տեղիք է տվել, որովհետեւ մայրաքաղաքի գլխավոր կառավարիչը առանց սոցիալական խնդիրները հաշվի առնելու, առանց ժամկետներ նշանակելու ապամոնտաժել է կրպակներն ու այլընտրանքային այլ տարբերակ չի առաջարկել:
Հ. Հ.