«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#143, 2011-08-18 | #144, 2011-08-19 | #145, 2011-08-20


ՄԱԺԱԿ ԹՈՇԻԿՅԱՆՆ ԱՎԱՐՏՈՒՄ Է «ԴԱՐԵԴԱՐ ԱՂԹԱՄԱՐ» ՕՐԱՏՈՐԻԱՆ

Ստամբուլում ապրող եւ ստեղծագործող տաղանդավոր երգահան Մաժակ Թոշիկյանն այս օրերին իր ավարտին է հասցնում բանաստեղծ Իգնա Սարըասլանի «Դարեդար Աղթամար» երկարաշունչ բանաստեղծության հիման վրա հորինած իր նույնանուն օրատորիան, որտեղ կենսունակ ու խանդավառ կշռույթներով իրար հետ հիանալիորեն միահյուսվում են հայ դասական երաժշտությունն ու ժամանակակից երաժշտությունը: Այս մասին տեղեկանում ենք Կանադայում լույս տեսնող «Ապագայ» շաբաթաթերթի հունիսի 27-ի համարից, որն իր հերթին այն արտատպել է Պոլսո «Մարմարա» օրաթերթից:

Առինքնող մեղեդիներ պարունակող այդ քառասուն րոպեանոց օրատորիայում մենակատարումներով հավանաբար հանդես են գալու Այլին Աթեշը (սոպրանո), Գեւորգ Դավթյանն ու Տիգրան Գարակյոզյանը (տենորներ):

Երաժշտական երկի կատարմանն իրենց համապատասխան բաժինն են բերելու նաեւ «Լուսավորիչ» երգչախումբը, խմբավարըՙ Հակոբ Մամիկոնյանը եւ Բաքըրգյուղից պարուսույց Հակոբ Գյուլեշի ժամանակակից բալետի խումբը:

Ավելացնենք, որ Մաժակ Թոշիկյանն այն երաժիշտներից է, ովքեր «Կոմիտաս» մեդալով պարգեւատրվեցին վերջերս ՀՀ սփյուռքի նախարարՙ տիկ. Հրանուշ Հակոբյանի ձեռամբ:

Նա հետաքրքրական գաղափարներ ունի երաժշտության ակունքների մասին: Թոշիկյանի կարծիքով, երաժշտությունն ամեն բանից առաջ պատկանում է ոչ թե ժողովուրդներին կամ ցեղերին, այլ աշխարհագրությանը, տեղանքին, այսինքնՙ հողին կամ ջրին (ծով, գետ): Լեռնային միջավայրը, օրինակ, ծնունդ է տալիս համապատասխան յուրահատուկ երաժշտության: Հողի ձայնն է իր արձագանքը գտնում երաժշտության մեջ: Օրինակՙ ծովեզերյա շրջանների ժողովուրդների երաժշտությունը, ինչպես ծովը ինքը, ավելի օրորուն, ավելի վետվետուն, ավելի հարաշարժ նկարագիր ունի:

Վերջում ավելացնենք, որ «Դարեդար Աղթամար» օրատորիայի կատարումը, որն սպասվում է առաջիկա ձմեռնամուտին, կազմակերպչական առումով ունի գլխավոր մի դժվարությունՙ 25 հոգանոց արհեստավարժ նվագախմբի կազմությունը:

Հ. Ծ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4