Համաշխարհային 26-րդ Ունիվերսիադայում ավարտվեցին ծանրամարտի մրցումները: Վերջինը մրցահարթակ դուրս եկան գերծանրքաշայինները: Այստեղ Հայաստանը ներկայացրեց 2010-ի Եվրոպայի երիտասարդների չեմպիոն Հայկ Հակոբյանը, որն այդ տիտղոսին արժանացել էր Լիմասոլումՙ երկամարտում ցույց տալով 390 կգ (180+210) արդունք: Այնպես որ Հայկից Ունիվերսիադայում սպասելիքները մեծ էին:
Ցավոք այդ սպասելիքները չարդարացան: Հայ ծանրորդին չհաջողվեց մեդալ նվաճել, թեեւ շատ մոտ էր հաջողությանը: Պոկում վարժությունը Հայկը վստահ կատարեցՙ հաջորդաբար բարձրացնելով 175, 181 եւ 186 կգ: Դա 2-րդ արդյունքն էր: Ավելի բարձր ցուցանիշ ուներ միայն հունգարացի Պետեր Նագին, որը բարձրացրել էր 192 կգ: Այնպես որ հայ ծանրորդը մրցանակակիր դառնալու լավ հնարավորություններ էր պահպանում: Ցավոք, 2-րդ վարժությունը նա այնքան էլ հստակ չկատարեց: Առաջին մոտեցմամբ բարձրացնելով 211 կգ, Հակոբյանը միայն 3-րդ փորձի ժամանակ հաղթահարեց պատվիրած հաջորդ քաշըՙ 216 կգ-ը: Եվ մեկ ձախողումը փաստորեն մեդալի արժեք ունեցավ: Հայկը երկամարտում ցույց տվեց 402 կգ (186+216) արդյունք, ինչը 12 կգ-ով գերազանցում է նախորդ տարի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում իրեն ոսկե մեդալ պարգեւած ցուցանիշին: Սակայն դա բավարար չէր նույնիսկ բրոնզե մեդալի համար: Այդ պայքարում հայ ծանրորդը անձնական ավելի ծանր քաշի պատճառով բրոնզե մեդալը զիջեց նույնպիսի արդյունքի հասած ուկրաինացի Օլեգ Պրոշակին: Վերջինս պոկում վարժությունում ցույց էր տվել 185 կգ, իսկ հրումում բարձրացրել էր 217 կգ:
Ոսկե մեդալի համար մրցավեճում էլ որոշիչ եղավ ծանրորդների անձնական քաշը: Երկամարտի 412 կգ (185+227) արդյունքով Ունիվերսիադայի չեմպիոն հռչակվեց եգիպտացի Մոհամեդ Մասուդը: Նա 4 կգ-ով ավելի թեթեւ էր արծաթե մեդալը նվաճած հունգարացի Պետեր Նագիից: Վերջինս մրցաշարի 16 մասնակիցներից ամենածանրն էրՙ 151 կգ:
Այսպիսով, Ունիվերսիադայում հանդես եկած 5 հայ ծանրորդները նվաճեցին ընդամենը մեկ ոսկե մեդալ: Չեմպիոնի տիտղոսին արժանացավ մինչեւ 77 կգ քաշային Աղասի Աղասյանը: Այս ցուցանիշով Հայաստանի հավաքականը մեդալներ նվաճած 16 երկրների ցանկում զբաղեցրեց 8-րդ տեղը: Բոլորից հաջող հանդես եկան չինացի ծանրորդները, որոնք նվաճեցին 4-ական ոսկե եւ արծաթե մեդալ: 2-րդ տեղում Ռուսաստանի ներկայացուցիչներն են, որոնց հաշվեկշռում կա 4 ոսկե, մեկ արծաթե եւ 2 բրոնզե մեդալ: