Ադրբեջանական կայքէջերի ու լրատվական, ավելի շուտ` քարոզչական գործակալությունների առաջին հաղորդագրությունները, որպես կանոն, պարունակում են առնվազն մեկ հաղորդագրություն, թե իբր հայկական զինուժը այս կամ այն ուղղությամբ խախտել է հրադադարը: Այսօրինակ հաղորդագրությունն էլ հաճախ ուղեցվում է ադրբեջանական բանակում տիրող իրավիճակի պատճառով զինվորների սպանությունների, ինքնասպանությունների փաստերը ծածկող այլ հայտարարություններով` «զինադադարի խախտումներից զոհերի» մասին:
Հերթական անգամ ադրբեջանական գործակալությունները տեղեկություն են տարածել, թե Ֆիզուլիի ուղղությամբ «հայկական ստորաբաժանումների» արձակած կրակոցներից վիրավորվել է ադրբեջանցի լեյտենանտ Ակիֆ Շաքիրօղլու Աբդուլաեւը:
Հետաքրքրական է «միջադեպի» ժամանակային ընդգրկումը, որն, ըստ ադրբեջանական տեղեկության, եղել է օգոստոսի 21-ի ժամը 20:00-20:15 ընկած ժամանակահատվածը, ինչպես նաեւ նույն օրվա կեսգիշերին մոտ: Հետաքրքրական է այն պարզ դիտարկմամբ, որ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի տեղեկությամբ էլ նույն օրը, բայց 19:45-ի սահմաններում, հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1980 թ. ծնված Նվեր Գարիկի Սարգսյանը:
Սարգսյանը վիրավորվել է ադրբեջանական բանակի առաջապահ ստորաբաժանումների կողմից հրադադարի ռեժիմի հերթական խախտման հետեւանքով շփման գծի արեւելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերից մեկում: Վիրավորվածի վիճակը միջին ծանրության էր, վիրահատությունից հետո գնահատվում է բավարար:
Միեւնույն ժամանակ, ԼՂՀ պաշտպանության բանակի լրատվության բաժնի ղեկավար Սենոր Հասրաթյանը Panorama.am-ի հետ զրույցում հերքել է ՊԲ-ի դիրքապահների կողմից ադրբեջանցի լեյտենանտին վիրավորելու տեղեկությունը: «ԼՂՀ պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումները հրադադարի ռեժիմը չեն խախտել: Շփման գոտու ողջ երկարությամբ ինչպես այսօր, այնպես էլ ողջ շաբաթվա ընթացքում, ՊԲ-ի ստորաբաժանումները հարգել են հրադադարի ռեժիմը», նշել է Հասրաթյանը:
Չնայած Ադրբեջանի տարածած հաղորդագրությունը հերթական ապատեղեկատվություն է, բայց շփման գծում տեղի ունեցող այս դեպքերը պետք է որ հստակորեն ընդգծեն, որ այն գործընթացը, որ կոչվում է բանակցային ու երբեմն-երբեմն «շնչարգել» եղած շարունակվում է տարբեր տրամաչափի ու ձեւաչափի հանդիպումների տարբերակով, անհրաժեշտություն է, անգամ եթե բանակցող կողմերի համար միմյանց տեսակետները անընդունելի են:
Այս դեպքերը առավել արդիական ու հրատապ են դարձնում դիպուկահարներին շփման գծից հեռացնելու հարցը, որն իրականություն չի դառնում Ադրբեջանի դիրքորոշման պատճառով, ընդ որում, դրա փոփոխության համար առանձնակի ազդեցություն չեն բանեցնում միջնորդ ու ոչ միջնորդ տերությունները, որոնք իրենց շահերը գերադասում են տարածաշրջանի կայունությունից: Մյուս կողմից, հրադադարի ռեժիմի բազմակի խախտումները, որոնցից յուրաքանչյուրը «փոքր» պատերազմի նման երբեմն նաեւ զոհեր է բերում, պետք է լուրջ մտահոգության տեղիք տան բոլոր նրանց, ում առաջարկները որեւէ կերպ ընդունելու ցանկություն կամ պատրաստակամություն չի դրսեւորում Բաքուն, ըստ էության դառնալով շփման գծի բոլոր միջադեպերի միակ պատասխանատուն:
Ա. Հ.