Գրեթե նախորդ շաբաթվա սկզբից մինչեւ երեկ Արաբկիրի վարչական շրջանում աղբարկղերի մոտ այսպիսի կույտեր էին գոյացել, որ անկասկած էր մի քանի օր աղբահանության բացակայության արդյունքը: Եղանակն էլ մի կարգին նպաստում էր գարշահոտության տարածմանը, այնպես որ անգամ աղբակույտերի մեջ կորած աղբատեղիին մոտենալ չէր լինում:
Երեկ աղբահանության խնդրին է անդրադարձել Երեւանի քաղաքապետը: Ըստ քաղաքապետարանի կայքէջի, հերթական աշխատանքային խորհրդակցությանը Կարեն Կարապետյանը «հնչեցրել է Արաբկիր վարչական շրջանում ստեղծված իրավիճակի հարցը»: Ըստ այդմ, Արաբկիրի սանմաքրման ձեռնարկությանը պատկանող մեքենամեխանիզմների մի մասի խափանման հետեւանքով վարչական շրջանում աղբահանության կազմակերպման խնդիրներ են առաջացել:
Քաղաքապետի ունեցած տվյալները այնքան էլ չեն համապատասխանում իրականությանը, քանի որ Արաբկիրում աղբահանություն շատ տեղերում չի էլ իրականացվել օրեր շարունակ, այսինքն` կամ Արաբկիրի սանմաքրման ձեռնարկության մեքենամեխանիզմները բոլորն էին անսարք, կամ սարքին վիճակում եղածներն էլ փողոցներում չեն հայտնվել:
Այդուհանդերձ, քաղաքապետը, ըստ հաղորդագրության, հանձնարարել է միավորել վարչական շրջանների սանմաքրման տեխնիկան եւ Արաբկիրում արագ վերացնել ստեղծված իրավիճակը: Քաղաքապետը նաեւ բոլոր վարչական շրջանների ղեկավարների առջեւ խնդիր է դրել ուսումնասիրել սանմաքրման ձեռնարկությունների գործունեությունը, տեխնիկայի ընդհանուր վիճակն ու կանխարգելիչ միջոցառումներ մշակել նման իրավիճակներից խուսափելու համար:
Հուսանք, որ քաղաքապետի ջանքերն արդյունք կտան, քանի դեռ Արաբկիրում չեն բազմացել առնետները:
Ա. Հ.