«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#144, 2011-08-19 | #145, 2011-08-20 | #146, 2011-08-23


ԿԱՐԵՎՈՐ ՈՒ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՆԱԽԱԳԾԵՐԸ ԿՅԱՆՔԻ ԵՆ ԿՈՉՎԵԼ ՄԵԾ ՍԻՐՈ ԵՎ ՆՎԻՐՎԱԾՈՒԹՅԱՆ ՇՆՈՐՀԻՎ

56 տարի անընդմեջ ու առանց մեկ րոպե ուշացումի Աբրահամ Կալպակչյանի օրը սկսվել է «Հայգունմետ» նախագծային ինսիտուտի, այժմՙ «Վալլեքս» խմբի Լեռնամետալուրգիայի ինստիտուտի իր սիրելի աշխատասենյակում: Այժմ նա «Լեռնամետալուրգիայի ինստիտուտ» ՓԲԸ ինժեներաճարտարապետական բաժնի շինարարական եւ գլխավոր հատակագծերի ու տրանսպորտի սեկտորների ղեկավարն է: Տարիների հետ փոխվել է աշխատանքի բնույթը, բայց նույնն են մնացել սկզբունքներըՙ աշխատասիրություն, ճշտապահություն եւ նվիրվածություն, սրանք են հաջողության հասնելու նախապայմանները, կարծում է Աբրահամ Կալպակչյանը:

Նա սովորել է Պոլիտեխնիկական ինստիտուտի հիդրոշինարարական ֆակուլտետում, միաժամանակ նվագում էր Պոլիտեխնիկական ինստիտուտի նվագախմբում ու հաճախ մտածում քանոնը չթողնելու մասին: Բայց ի վերջո որոշեց թողնել երաժշտությունը եւ աշխատել մասնագիտությամբ, օգնել Հայրենական մեծ պատերազմից հետո երկրի քայքայված տնտեսության վերկանգնմանը:

Ինստիտուտն ավարտելուց հետո Աբրահամ Կալպակչյանը կարճ ժամանակ աշխատել է Արտաշատի շրջանային ջրամատակարարման ձեռնարկությունումՙ որպես գլխավոր ինժեներ: Իսկ 1955 թվականից մինչ օրս աշխատում է Լեռնամետալուրգիայի ինստիտուտում :

«Շատերը մտածում են, թե սա տեխնիկական աշխատանք է, բայց սա իսկապես ստեղծագործական աշխատանք է, ստեղծագործական մոտեցում է պահանջում: Պետք է հաշվի առնել յուրաքանչյուր մանրուք: Իսկ կարեւորը արդյունքն է: Ավելի մեծ հաճույք չկա, երբ տեսնում ես թղթի վրա եղած նախագիծը իրականության մեջ: Պարզապես պետք է սիրես քո գործը»,- ոգեւորությամբ պատմում է ինժեները:

Անցած 56 տարին հիմա մեկ ակնթարթ է թվում, բայց այդ տարիներին կյանքի են կոչվել տասնյակ, հարյուրավոր, գուցե հազարավոր նախագծեր ինչպես մեր երկրում, այնպել էլ Ռուսաստանում եւ նախկին Խորհրդային Միության երկրներում:

Աշխատասենյակում մտքի գերլարումով, ուշադրությամբ եւ ճշգրտորեն ստեղծված նախագծերով կառուցվում են շինություններ, արդյունաբերական ձեռնարկություններ, որոնք տարբեր տարածաշրջաններում ապահովում են տնտեսական ռիթմը, ստեղծում աշխատատեղեր:

Նա մասնակցել է Հայաստանի բոլոր արդյունաբերական հսկաների նախագծման աշխատանքներին. այդ թվում առանձնացնում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային եւ ԼՂՀ Դրմբոնի կոմբինատի կառուցումը: Իսկ 1975-76 թթ.-ին մասնակցել է նաեւ Ալավերդու պղնձաձուլական գործարանի վերակառուցման աշխատանքներին:

«Ես ծնունդով Երեւանից եմ, բայց արդեն կիսով չափ լոռեցի եմ դարձել: Շատ եմ առիթներ ունեցել լոռեցիների հետ աշխատելու: 7 ամիս մնացինք Ալավերդիում: Տեղում նախագծում էինք եւ անմիջապես կառուցում, մինչեւ հիմա հիշում եմ արդյունաբերական հսկայի հեւքը»,- տարիների հեռվից վերհիշում է Կալպակչյանը:

Այսօր էլ նրա սեղանին բազմաթիվ նախագծեր կան: Հիմա աշխատում է «Լեռնամետալուրգիայի ինստիտուտ»-ի տնօրեն Սահակ Արզումանյանի ղեկավարությամբ: Ասում է, որ նոր մտքերն ու գաղափարները օգնում են գործին, աշխատանքը դարձնում ավելի արդյունավետ: Վերջին կարեւոր ծրագրերից մեկը Թեղուտի հանքավայրի նախագծումն էր: Աբրահամ Կալպակչյանը պատմում է, որ առաջնորդվել են այն սկզբունքով, որ հնարավորինս նվազեցնեն բնապահպանական վտանգները. «Ոչ մի գրամ ջուր չենք թափելու գետը, փակ շրջանառության համակարգով է աշխատելու: Հիմա տարեկան 7,5 մլն տոննա հանքաքարի վերամշակման հաշվարկով ենք աշխատել, բայց մի քանի տարի հետո արտադրողականությունը կբարձրանա, եւ մենք արդեն մտածում ենք, թե հետագայում այդ առումով ինչ փոփոխություններ պետք է կատարվեն»:

Խոսելով ապագայի ծրագրերի մասինՙ նա դժվարանում է զսպել հուզմունքը, ասելով, որ իր բոլոր հնարավորությունները եւ գիտելիքներն այսուհետեւ եւս պետք է ներդնի լեռնահանքային արդյունաբերության զարգացման համար:

Միայն թե ափսոսում է, որ երկու որդիներից եւ երեք թոռներից ոչ ոք չցանկացավ շարունակել իր գործը:

«Միգուցե իմ չափազանց շատ զբաղվածությունը վախեցրեց նրանց»,- կատակում է ինժեները:

Այսօրՙ օգոստոսի 23-ին լրանում է Աբրահամ Կալպակչյանի 80-ամյակը: Այդ տարիներն անցել են պայքարով, նշանավորվել բազմաթիվ ձեռնարկությունների ծնունդով, հաղթանակներով ու ձեռքբերումներով, բայց չեն փոխել նրա մարդկային նկարագիրը: Ինչպես անցած տարիներին, այնպես էլ այսօր շարունակում է մնալ բոլորի կողմից սիրված ու հարգված: Չափազանց համեստ, բայց մեծ վաստակ ունեցող Աբրահամ Կալպակչյանը դժվարությամբ է պատմում ձեռքբերումների ու հաջողությունների մասին: Բայց աշխատանքի գնահատականը չի ուշացել: Երկարամյա անձնվեր աշխատանքի համար եւ 80-ամյա հոբելյանի առթիվ ստացել է իր ծննդյան թերեւս ամենալավ նվերը: «Վալլեքս» խմբի ընկերությունների նախագահ Վալերի Մեջլումյանի նախաձեռնությամբ Աբրահամ Կալպակչյանը պարգեւատրվել է «Վալլեքս» խմբի «Ոսկե խաչ» շքանշանով եւ խոշոր դրամական պարգեւով:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4