Օգոստոսի 20-ին լրացավ ժամանակակից հայ խոշորագույն ֆիզիկոս-տեսաբաններից մեկի` ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Յուրի Լազարի Վարդանյանի ծննդյան 75-ամյակը: Ծնվել է 1936 թ. օգոստոսի 20-ին Նոր Բայազետ (Գավառ) քաղաքում: Ավարտել է ԵՊՀ Ֆիզիկայի ֆակուլտետը (1959 թ.), 1964-ին հաջողությամբ պաշտպանել է ֆիզ.-մաթ. գիտ. թեկնածուական թեզը, 1965-ից աշխատում է ԵՊՀ-ում: Երկար տարիներ մի շարք առարկաներ է դասավանդել ԵՊՀ-ում, պատրաստել է բազմաթիվ կադրեր: 1972-ից ֆիզ.-մաթ. գիտ. դոկտոր է, 1974-ից` պրոֆեսոր: 1974-83-ին եղել է ԵՊՀ միջուկային ֆիզիկայի, 1983-2000-ին` ալիքային պրոցեսների տեսության եւ ֆիզիկայի ամբիոնների վարիչ: 1975-ից ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետի դեկանն է, 2010-ից` ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ: Վարդանյանի աշխատանքները վերաբերում են միջուկային նյութի տեսությանը, դրա աստղաֆիզիկական կիրառություններին եւ ռելյատիվիստական աստղաֆիզիկային: Կարեւոր արդյունքներ է ստացել գերխիտ այլասերված նյութի վիճակի հավասարման, սպիտակ թզուկների, բարիոնային եւ տարօրինակ աստղերի կայունության, բաբախումների, անհամասեռ պտույտի, սառեցման եւ գրավիտացիոն ճառագայթման վերաբերյալ: Եղել է ՀՀ ԳԽ (1990-95) եւ ՀՀ ԱԺ (1995-99) պատգամավոր: Պարգեւատրվել է ԽՍՀՄ «Աշխատանքային արիության համար» մեդալով (1970), ՀԽՍՀ ԳԽ պատվոգրով (1980), ՀՀ «Անանիա Շիրակացու» մեդալով (1999), ՀՀ վարչապետի հուշամեդալով (2009), ՀՀ պաշտպանության նախարարության «Դրաստամատ Կանայան» մեդալով (2009) եւ ԵՊՀ Ոսկե մեդալներով (2007, 2010):