Ինչպես Համահայկական նախորդ խաղերում, այս անգամ էլ բասկետբոլի տղամարդկանց եզրափակիչ հանդիպումը մեծ հետաքրքրություն էր առաջացրել: «Միկա» մարզադահլիճը լեփ լեցուն էր մարզասերներով, իսկ 4-րդ խաղափուլի սկզբից Լոս Անջելեսի եւ Սոչիի բասկետբոլիստների մրցավեճին հետեւում էր նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
Այս երկու թիմերն առանց պարտության էին հանդես եկել նախորդ հանդիպումներում եւ արժանիորեն նվաճել էին եզրափակիչում հանդես գալու իրավունքը: Նշենք, որ Համահայկական նախորդ խաղերի չեմպիոն Սոչիի թիմը կիսաեզրափակիչում շատ համառ մրցապայքարում լրացուցիչ ժամանակում հաղթել էր Գլենդեյլի բասկետբոլիստներին (87-82), որոնք եւս չեմպիոնի տիտղոսի հավակնորդ էին համարվում:
Եզրափակիչ մրցախաղն աչքի ընկավ արտակարգ լարված ու դրամատիկ մրցապայքարումՙ մինչեւ վերջ լարվածության մեջ պահելով մարզասերներին: Խաղասկզբում Սոչիի թիմը հաղթում էր 6-0 հաշվով, որն առաջին խաղափուլից հետո առջեւում էր (21-16): 2-րդ խաղափուլում էլ Սոչիի բասկետբոլիստները պահպանեցին առավելությունը (39-30): Իսկ ահա 3-րդ խաղափուլում Լոս Անջելեսի թիմը հավասարեցրեց խաղը եւ նույնիսկ հաշվի մեջ առաջ անցավ: Թիմի կազմում իր արդյունավետ ու գրագետ խաղով աչքի էր ընկնում Մայք Դանիելյանը, որի ջանքերով հաշիվը հավասարեցվեցՙ 56-56:
Չորրորդ խաղափուլում Լոս Անջելեսի բասկետբոլիստները մշտապես հաշվի մեջ առջեւում էին եւ մոտ էին հաջողությանը: Հանդիպման ավարտից 7 վրկ առաջ ամերիկահայերը հաղթում էին 75-73 հաշվով ու թվում էր, թե մրցախաղի ելքը վճռված է: Սակայն Մայք Դանիելյանը խախտեց կանոնները ու Ալեքսանդր Տիրատուրյանը տուգանային 2 դիպուկ նետումներով կրկին հավասարեցրեց հաշիվըՙ 75-75:
Հաղթողին որոշելու համար նշանակվեց լրացուցիչ 5 րոպե: Կրկին իր տարերքի մեջ մտավ Մայք Դանիելյանը, որը թիմակիցների խաղը կազմակերպելուց զատ նաեւ դիպուկ նետումներով թանկարժեք միավորներ էր պարգեւում իր թիմին: Լոս Անջելեսի թիմն այլեւս ձեռքից բաց չթողեց հաղթանակը ու խաղն ավարտեց 93-86 հաշվով: Այսպիսով, Լոս Անջելեսի թիմն առաջին անգամ հռչակվեց Համահայկական 5-րդ խաղերի չեմպիոն: Նշենք, որ բասկետբոլի մրցաշարերում դա ամերիկահայերի 4-րդ հաջողությունն է: 2 անգամ (1999, 2001) չեմպիոն էին հռչակվել Վալեյի բասկետբոլիստները, 2003-ին հաջողությունն ուղեկցել էր Գլենդեյլի թիմին: Վերջինս Համահայկական 5-րդ խաղերում դարձավ բրոնզե մրցանակակիրՙ առավելության հասնելով Թեհրանի բասկետբոլիստների նկատմամբ:
Հանդիպման ավարտից հետո ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն անձամբ կատարեց թիմերի խաղացողների պարգեւատրումըՙ մեդալներ ու գավաթներ հանձնելով մրցանակակիրներին:
Կանանց մրցաշարում չեմպիոնի տիտղոսը վիճարկեցին Թեհրանի եւ Գլենդեյլի թիմերը: Հաջողությունն ուղեկցեց Թեհրանի թիմին, որը հաղթեց 86-76 հաշվով: Բրոնզե մեդալակիր դարձավ Գյումրիի թիմըՙ 69-68 հաշվով պարտության մատնելով երեւանցի բասկետբոլիստուհիներին: