Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 19-րդ տուրում կենտրոնականը «Գանձասարի» եւ «Միկայի» մրցավեճն էր: Առաջնության առաջատար «Գանձասարի» համար հաջող դասավորվեց խաղասկիզբը: Արդեն 6-րդ րոպեին թիմի լեգեոնական Գորան Օբրադովիչը բացեց հաշիվը: «Միկայի» ֆուտբոլիստներին միայն 2-րդ խաղակեսի սկզբում հաջողվեց վերականգնել հավասարակշռությունը: Աչքի ընկավ թիմի ավագ Հրայր Մկոյանը: Սակայն 6 րոպե անց Յամադոու Կեյտան կրկին առաջ մղեց «Գանձասարին»: Այդ հաջողությունից հետո դաշտի տերերը նահանջեցին եւ հիմնականում զբաղված էին սեփական դարպասի պաշտպանությամբ: «Միկան» մեծ ուժերով գրոհում էր եւ ճնշում էր գործադրում մրցակցի դարպասին: Ի վերջո հյուրերին հաջողվեց փրկվել պարտությունից: Խաղի վերջին րոպեին Նարեկ Բեգլարյանը գլխի հարվածով վերականգնեց հավասարակշռությունը:
Միավորների այս կորուստը թանկ արժեցավ «Գանձասարին», որն առաջատարի դիրքը զիջեց նախորդ օրը «Արարատին» ջախջախած «Ուլիսին»: Վերջինս աչքի ընկավ արդյունավետ խաղովՙ 5 անգամ գրավելով «Արարատի» դարպասը: Դրանում մեղքի իր բաժինն ուներ «Արարատի» երիտասարդ դարպասապահ Արման Հովհաննիսյանը, որը հաճախ էր դարպասից բավական հեռանում, որի արդյունքում ուլիսցիները հեռահար հարվածներով գնդակն ուղարկեցին ցանցը: «Ուլիսի» կազմում գոլերի հեղինակներ դարձան Նգավուկա Պատոն, Արամ Բարեղամյանը, Շոթա Ջիքիան, Ալբերտ Թադեւոսյանն ու Գեորգի Կրասովսկին:
Մեծ հետաքրքրությամբ էր սպասվում Իջեւանում «Իմպուլսի» եւ «Բանանցի» միջեւ կայացած խաղը: Երկու թիմերն էլ, հատկապես «Բանանցը» հաջող են սկսել առաջնության 3-րդ շրջանը: Խաղասկիզբը շատ հաջող դասավորվեց «Իմպուլսի» համար: Արդեն 16-րդ րոպեին դիլիջանցիները խաղը շահում էին 2-0 հաշվով: Երկու դիպուկ հարվածներով աչքի էր ընկել Նարեկ Դավթյանը: Փաստորեն հենց այդ գոլերն էլ վճռեցին հանդիպման ելքը: Ճիշտ է, առաջին խաղակեսի ավարտին Արթուր Եդիգարյանը կրճատեց հաշվի տարբերությունը, սակայն 77-րդ րոպեին Սամվել Հակոբյանը խփեց 3-րդ գոլը եւ «Իմպուլսը» հաղթեց 3-1 հաշվով: «Բանանցը» 3-րդ շրջանում անդրանիկ պարտությունը կրեց:
Վերջապես հաղթանակ տոնեց «Փյունիկը», որը նախորդ 4 հանդիպումներում ընդամենը 3 միավոր էր վաստակել: «Շիրակի» հետ խաղում թիմին հաղթանակ պարգեւեց Արտակ Եդիգարյանի խփած միակ գոլը: Դա շիրակցիների հետ հանդիպումներում «Փյունիկի» հոբելյանականՙ 100-րդ գնդակն էր: «Փյունիկը» շարունակում է առաջատարների հետապնդումը, իսկ «Շիրակն» արդեն 6-րդ անընդմեջ պարտությունը կրեց, ինչն ընթացիկ առաջնության տխուր ռեկորդ է: Վարդան Բիչախչյանի գլխավորությամբ գյումրեցիները դեռեւս միավոր չեն վաստակելՙ կրելով 5 անընդմեջ պարտություն:
Մրցաշարային աղյուսակ
Խ | Հ | Ո | Պ | Գ | Մ | |
1. Ուլիս | 19 | 11 | 4 | 4 | 29-14 | 37 |
2. Գանձասար | 19 | 10 | 7 | 2 | 26-10 | 37 |
3. Փյունիկ | 19 | 9 | 6 | 4 | 26-20 | 33 |
4. Իմպուլս | 19 | 8 | 4 | 7 | 26-23 | 28 |
5. Միկա | 19 | 7 | 6 | 6 | 24-19 | 27 |
6. Բանանց | 19 | 5 | 7 | 7 | 26-25 | 22 |
7. Շիրակ | 19 | 3 | 4 | 12 | 15-31 | 13 |
8. Արարատ | 19 | 2 | 4 | 13 | 12-42 | 10 |
Ռմբարկուները
Էդգար Մանուչարյան | «Փյունիկ» | 8 |
Բրունո Կորեա | «Բանանց» | 8 |
Նարեկ Բեգլարյան | «Միկա» | 7 |
Զավեն Բադոյան | «Իմպուլս» | 6 |
Մարկոս Պիզելի | «Փյունիկ» | 6 |
Գեորգի Կրասովսկի | «Ուլիս» | 6 |