ՄԻՊ եւ Վճռաբեկ դատարան կառույցներն արդեն մի քանի օր մամուլի ուշադրության կենտրոնում են: Նրանց միջեւ «սեւ կատու» անցավ, երբ մի քանի օր առաջ մարդու իրավունքների պաշտպան (ՄԻՊ) Կարեն Անդրեասյանը ՀՀ արդարադատության խորհրդին հաղորդում ներկայացրեց դատավորներ Երեմ Եսոյանի, Մասիս Ռեհանյանի եւ Յուրիկ Իսկոյանի նկատմամբ կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ: Պաշտպանը դա բացատրեց այն հանգամանքով, որ դատավորները մեկ տարվա ընթացքում թույլ են տվել օրենքի նորմերի ակնհայտ եւ կոպիտ խախտումներ: Երեմ Եսոյանը 9.6 քառ.մետր բնակելի տարածքի վերաբերյալ մոր եւ որդու դատական վեճը քննել էր 19 ամիս` հետեւաբար չէր ապահովել գործը ողջամիտ ժամկետում քննելու օրենքի պահանջը: Դատավոր Մասիս Ռեհանյանը անտեսել էր առաջին ատյանում հետազոտված ապացույցները Վերաքննիչ դատարանում կրկնակի հետազոտելու վերաբերյալ քաղաքացու ներկայացրած օրինական միջնորդությունը, իսկ Յուրիկ Իսկոյանը քաղաքացու կալանավորման հարցը լուծելիս քննարկման առարկա էր դարձրել նրա մեղավորության հարցը, ինչն անձի անմեղության կանխավարկածի ակնհայտ ու կոպիտ խախտում էր: Դատավորն ամբաստանյալին չէր ապահովել օրենքով նախատեսված թարգմանչի պարտադիր ներկայությունը:
Պաշտպանի վերոնշյալ հայտարարությանը հաջորդ օրն արձագանքեց Վճռաբեկ դատարանը: Կարգապահական վարույթի շրջանակներում մի շարք նկատառումներ եւ օրինաչափություններ ներկայացնելովՙ Վճռաբեկից պատասխանել էին, որ ՄԻՊ-ը չի պահպանել միջազգային եւ ներպետական նորմերի պահանջները, չսպասելով Արդարադատության խորհրդի որոշումների կայացմանըՙ հաղորդագրություն է տարածել եւ հրապարակավ հաստատված է համարել դատավորների օրենքի նորմերի ակնհայտ եւ կոպիտ խախտումներ թույլ տված լինելը:
«Դրանով պաշտպանը կասկածի տակ է դրել ոչ միայն դատավորների հեղինակությունը, այլեւ նրանց անկախությունն ու բարձր պրոֆեսիոնալիզմը: Քանի դեռ Արդարադատության խորհուրդը դատավորների գործողությունները չի համարել օրենքի ակնհայտ եւ կոպիտ խախտում, որեւէ այլ պետական մարմին իրավասու չէ հրապարակայնորեն գնահատականներ տալ»:
Վճռաբեկ դատարանը պաշտպանի նման վարքագիծը համարել է անընդունելի եւ խորհուրդ տվել հետագայում զերծ մնալ նման գործելաոճից:
Երեկ ՄԻՊ գրասենյակը տարածեց երկրորդ հայտարարությունը` Վճռաբեկ դատարանի ներկայացրած մի շարք խախտումներ ու մեղադրանքներ անվանելով ապատեղեկատվություն: Ներկայացնելով իր տեսակետն ու լիազորությունները պաշտպանը նամակում գրել է:
«Վճռաբեկ դատարանը կամ դրա որեւէ պալատ չեն քննարկել կամ օրենքով իրավասու էլ չէին քննարկելու ՄԻՊ-ի գործունեությունը: Հետեւաբար Վճռաբեկ դատարանի անունից տարածված ապատեղեկատվությունը առանձին անհատների ապօրինի գործունեության արդյունք է: Պաշտպանին ուղղված հակաիրավական հորդորըՙ «հետագայում ձեռնպահ մնալ նման գործելաոճից», կարող է ապագայում դիտարկվել պաշտպանի որոշումների վրա ազդելու նպատակով նրա գործունեությանը միջամտություն, լիազորություների իրականացման խոչընդոտում կամ սպառնալիք, որոնց համար օրենքով սահմանված է ընդհուպ քրեական պատասխանատվություն»:
Արդարադատության խորհուրդը, անդրադառնալով ՄԻՊ-ի հայտարարությանը, երեկ հաղորդագրություն է տարածել, ըստ որիՙ պաշտպանը խեղաթյուրել է խորհրդի կարգապահական հանձնաժողովի տարածած հայտարարության բովանդակությունը եւ ապատեղեկատվություն համարել միջազգային փաստաթղթերի պահանջներն ու Սահմանադրական դատարանի որոշումից մեջբերումները: Կառույցը Անդրեասյանին խորհուրդ է տվել արդարանալու փոխարեն գործել լիազորությունների շրջանակներում, հաշվի առնելով միջազգային փաստաթղթերը, սահմանադրությունն ու օրենսդրության պահանջները: Ի պատասխան պաշտպանը հայտարարել է, որ կսպասի Արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովի արդար որոշմանը` հույս հայտնելով, որ այս անգամ նրան կհաջողվի դրսեւորել միջազգային փաստաթղթերի, սահմանադրության եւ օրենքների իմացություն:
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ