Երեկ առավոտյան շաքարավազի գինը 350-370 դրամից տարբեր խանութներում հասավ մինչեւ 460 դրամի` միջինում գրացելով 80 դրամ թանկացում մեկ կիլոգրամի մեջ: Երեկ կային դեռ փոքրիկ խանութներ, որտեղ 400 դրամով շաքարավազ կարելի էր ձեռքբերել, բայց հատկապես սուպերմարկետներում շաքարավազի գինը բարձրացավ մեկ փայտիկի հրահանգով, միանգամից: Ավան-Առինջի խանութներում, օրինակ, շաքարավազն արժեր 460 դրամ, իսկ երեկոյան «Երեւան-սիթի» խանութներից մեկում, որի սեփականատերը շաքարավազի խոշոր ներկրող Սամվել Ալեքսանյանն է, շաքարավազն արժեր 430 դրամ: Այս խանութում (Տիգրան Մեծի պողոտայի` հրապարակին մերձ խանութ) աշխատակիցները պատրաստ էին (նրանց պատրաստել էին) թանկացման պատճառաբանություն ներկայացնել. մինչեւ երեկ, ըստ խանութի աշխատակիցների, վաճառվել է ավելի վաղ էժան գներով ներկրած շաքարավազը, այժմ նոր, ավելի թանկ գներով ներկրված խմբաքանակ է, այդ պատճառով էլ թանկացել է: Եվ գործարար Սամվել Ալեքսանյանն էլ Tert.am-ին ասել էր նույն բանը, թե նոր ապրանք է բերվել, նոր գներով են վաճառում: Նորը հասկացանք, բաց չէ՞ որ հենց դրա նախորդ երեկոյան «Երեւան-սիթիում» շաքարավազը 377 դրամ արժեր, եւ շաքարավազի բավական մեծ քանակ կար այդ օրը երեկոյան փաստորեն հին «խմբաքանակից»: Ուրեմն այդ տրամաբանությամբ աստիճանական թանկացում պիտի լիներ` մինչեւ բուն նոր ապրանքի վաճառքը, եւ ոչ թե մի ժամանակ առաջվա դոլարախաղին փոխարիներ շաքարավազախաղը: Մեզ մնում է հերթական անգամ հարցի պատասխանն ակնկալել գերիշխող դիրքի չարաշահումները հայտնաբերելու պարտավորություն ունեցող կառույցից, որը, սակայն, արդեն իսկ իր կանոնակարգով արագ շարժվելու որեւէ հնարավորություն, ասել է թե` արագ արձագանքելու հնարավոորություն չունի, կրիայի նման է գնալու, գնորդին թողնելով, որ իր յուղի մեջ տապակվի եւ նոր գներին հարմարվի: Եթե միայն այս մի թանկացումը լիներ: Բոլոր նշանները վկայում են, որ այս թանկացմանը հաջորդելու են այլ ապրանքների նոր թանկացումներ:
Ի դեպ` երեկվանից գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը ստուգումներ է սկսել «Երեւան-սիթի» խանութների ցանցում: Այն կշարունակվի մինչեւ օգոստոսի 30-ը: Նույն սուպերմարկետների ցանցում ծառայությունը մինչ այս էլ իրականացնում էր մոնիտորինգ` քաղաքացուց ստացված բողոք-դիմումի հիման վրա` ժամկետանց վարսակի շիլայի հետ կապված:
Մ. Խ.