Անկախության հռչակագրի ընդունումից անցել է 21 տարի
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
1990թ. օգոստոսի 23-ին Հայաստանի Գերագույն խորհրդի առաջին նստաշրջանում ընդունվեց Հայաստանի Անկախության հռչակագիրը: Այդ փաստաթղթղով վերացվեց Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունն ու հռչակվեց անկախ Հայաստանի Հանրապետությունը: Հայաստանի Գերագույն խորհրդի որոշմամբ 1991թ. սեպտեմբերի 21-ին անցկացվեց ԽՍՀՄ կազմից դուրս գալու եւ անկախ պետականության մասին հանրաքվե: Հանրապետության քաղաքացիների 94.99 տոկոսն «այո» ասաց անկախությանը: Երկու օր անց Գերագույն խորհուրդը Հայաստանը հռչակեց անկախ, ինքնիշխան պետություն:
Կառավարության շենքի դիմաց կա փոքրիկ հուշատախտակ, որը ազդարարում է Անկախության հռչակագրի ընդունումը: Ամեն տարի օգոստոսի 21-ին այդտեղ են հավաքվում մտավորականներ, գիտնականներ, քաղաքական գործիչներ:
Ավանդույթի համաձայն, երեկ Մելիք-Ադամյան փողոցը կրկին մարդաշատ էր: Փողային նվագախումբը զինվորական քայլերգեր էր կատարում, Անկախության հռչակագրի ընդունմանն իրենց լուման ներդրածներն էլ կրկին հիշում էին անցած օրերը, սպասելիքներն ու հույսերը:
«Քսան տարի կառուցել ենք երկիր, որ ուզում էր մեզանից յուրաքանչյուրը: Յուրաքանչյուրս ենք պատասխանատու երկրի քաղաքական, սոցիալական, տնտեսական վերելքի համար», ասաց սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:
Այն ժամանակ Գերագույն խորհրդի պատգամավոր Վարազդատ Ավոյանն էլ երեկ հիշում էր, որ 21 տարի առաջ, ցերեկըՙ ժամը 12-ին, դահլիճում տիրում էր միասնության եւ ոգեւորության մթնոլորտ: «Այդ օրը միակամ էինք Հայաստանն անկախ հռչակելու հարցում:
Հռչակագրի ընդունումից հետո շատ հարցերում ենք սխալվել ու այսօր պետք է հասկանանք, թե ինչ եղավ, որ հետագայում վերստին անկախություն ձեռք բերած ժողովուրդը հիասթափություն ապրեց»:
Թեպետ երեկ տոնական օր էր, սակայն դրա մասին ոչ բոլորն էին տեղյակ: Միջոցառման ժամանակ բազմաթիվ երիտասարդներ զարմացած անցնում էին Մելիք-Ադամյան փողոցով` չհասկանալով, թե ինչ է կատարվում: Նրանցից մեկն էլ չկարողացավ հետաքրքրությունը զսպել ու մոտենալով միջոցառումը լուսաբանող լրագրողներինՙ հետաքրքրվեց, թե արդյոք «միտի՞նգ է, որ հավաքվել եք»: Մեր պատասխանին` Անկախության հռչակագրի ընդունմանը նվիրված միջոցառում է, աղջիկը զարմացավ. «Ըտենց տոն էլ կա՞»:
Օգոստոսի 23-ը պետության կենսագրությունում կարեւոր իրադարձություն էր: Թեպետ անկախությունը կերտեցին միասնական, սակայն քաղաքական ուժերն ու նրանց ներկայացուցիչները երեկ այն տոնեցին առանձին:
ՀԱԿ-ը (ՀՀՇ) իր տոնական միջոցառումը կազմակերպել էր Սարյանի պուրակում, իսկ կառավարության շենքի դիմաց կազմակերպված միջոցառմանը ներկա էին միայն իշխող կուսակցության` ՀՀԿ-ի ներկայացուցիչները: Կոալիցիայի այլ անդամի կամ ՀՅԴ ներկայացուցիչների չհանդիպեցինք:
Անկախության հռչակագրի ընդունման հիմքում կանգնած Պարույր Հայրիկյանն էլ օրվա խորհրդի մասին իր տեսակետները ներկայացրեց «Հայացք» ակումբում:
«Հայ ժողովուրդն իր անկախությունը դեռեւս չի ընկալել որպես ազգային գիտակցություն, մեզ մեր արմատներին կապող երեւույթ: Եթե մենք կատարելապես արժեւորեինք անկախությունը, այդ տոնը կնշեինք մայիսին, քանի որ անկախության բոլոր խորհրդանիշները` դրոշը, զինանշանը, օրհներգը, գալիս են 1918-ից, այնինչ տոնը նշում ենք սեպտեմբերի 21-ին: Սա ցույց է տալիս, որ անկախության հանդեպ պատշաճ վերաբերմունք մեր երկրում դեռեւս չկա, որ այսպես կոչված նախագահների համար ազգային արժեքներն այնքան էլ էական չեն»: «Մեր երեք նախագահներն էլ պակաս ազգային են, քան Ադրբեջանինը, որովհետեւ նրանց հաջողվեց վերադառնալ ազգային արմատներին»:
«Անկախությունն ազգի բնականոն ապրելարեպն է», այսպես է բնութագրում անկախությունը Հայրիկյանը, որը սպասում էր, որ հռչակագրի ընդունումից հետո հայաստանյան իշխանությունները անկախության տրամաբանությանը համապատասխանող գործելակերպ որդեգրեին:
«Սակայն իշխանության էին եկել ուժեր, որոնք ոչ միայն չէին հավատում անկախությանը, այլեւ չէին ամաչում բարձրաձայն ասել, որ դեմ են դրան»:
Հայրիկյանը հիշում է, որ Գերագույն խորհրդի այն ժամանակվա նախագահը ֆրանսիական «Մոնդին» տված հարցազրույցում ասել էր` դեմ է անկախությանը: «Այդ ժամանակ Անկախության հռչակագիրն իշխանությունն ընդունել է հասարակական ճնշման արդյունքում»: Թեպետ անկախություն ենք ձեռք բերել, սակայն այն կորցնելու վտանգը միշտ պետք է աչքի առաջ ունենալ: Անկախության պահպանման համար Հայրկյանն առաջարկում է հատուկ ուշադրություն դարձնել 1918-1920թթ դեպքերին, երբ ժողովրդավարության բացակայության պատճառով կորցրեցինք մեր պետությունը: