«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#145, 2011-08-20 | #146, 2011-08-23 | #147, 2011-08-24


«ԱՎՏՈԽՑԱՆՈՒՄ» ՍՏԱՄԲՈՒԼԻ ԲՈՂԱԶԻՉԻ ԿԱՄՐՋԻ ՄՈՏ

Հավանաբար Ստամբուլի Ղոլմաբաղչե պալատի ճանապարհին օգոստոսի 22-ին տեղի ունեցած ավտոխցանման մասնակիցներն ու ականատեսները այդպես էլ չեն կարողացել հասկանալ խցանման պատճառը, այնինչ, ինչպես Zaman-ին վկայակոչելով նշում է ադրբեջանական Vesti.az-ը, «մեղավորը» եղել է Թուրքիայի վարչապետ Էրդողանը. հենց այդ ճանապարհով անցնելիս` Էրդողանին զանգահարել է Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը: Հեռախոսազրույցը տեւել է ուղիղ 37 րոպե եւ ներառել առավելապես Սիրիայում տիրող իրավիճակի, ինչպես նաեւ «այդ համատեքստում» թուրք-իրանական հարաբերությունների թեմաներ:

Հետաքրքական հայտարարությամբ երեկ հանդես եկավ իրանցի բարձրաստիճան հոգեւորական, այաթոլլահ Մաքարեմ Շիրազին: Իրանական «թաբնաք.իռ» կայքի փոխանցմամբ` նա հայտարարել է. «Մենք չենք ցանկանում սպասել, թե Թուրքիան այդքան գոռոզություն կցուցաբերի եւ կգործի ընդդեմ Սիրիայի: Թուրքիան պետք է իմանա, որ Սիրիային պատճառված վնասն իրեն էլ է հասնելու: Ովքեր գոռոզություն են անում եւ հանգիստ քնում, պետք է իմանան, որ մի օր այդ դժբախտությունը իրենց դուռն է գալու»: Ուշագրավ զուգադիպությամբ, ինչպես երեկվա համարում գրել էր «Ազգը», «Թուրքիային սպասվող դժբախտության մասին» հայտարարությամբ օգոստոսի 22-ին հանդես եկավ այդ երկրի ընդդիմադիր Աշխատավորական կուսակցության ներկայացուցիչ Նուսրետ Սենեմը: Իր կուսակցության նախագահ Դողու Փերինչեքի որդու` գիտնական Մեհմեդ Փերինչեքի ձերբակալության կապակցությամբ Սենեմը հայտարարել էր. «Էրդողանը պատրաստ է ամեն ինչ անել, ինչ ասում է Վաշինգտոնը: Սակայն ԱՄՆ-ի նպատակն է պառակտել եւ կործանել մեր երկիրը, իսկ դա մենք ոչ ոքի թույլ չենք տա»:

Այս ամենը բավական նշանակալից, անգամ պատմական իրադարձություններ են խոստանում մեր տարածաշրջանին, որտեղ Թուրքիային վերապահված է ունենալու «մեծ դեր»: Ու ամենեւին էլ պատահական չէր, որ այս տարվա փետրվարի 1-ին «կանխատեսող» հայտարարությամբ հանդես եկավ վարչապետ Էրդողանը` նշելով. «Թուրքիան խաղում է մի դեր, որով կարող է փոխել պատմության ընթացքը տարածաշրջանում եւ գրել այն մաքուր էջից»: Ու հավանաբար հենց այդ «փոխվող պատմության ընթացքը» նկատի ուներ այս ամռան սկզբին Երեւանից հեռացած ԱՄՆ դեսպան Մարի Յուվանովիչը, որն իր «հրաժեշտի նամակում» գրեց. «Ես ափսոսում եմ, որ հեռանում եմ Հայաստանից այս պատմական պահին»: Ուրեմն ի՞նչ է այս ամենը նշանակում կամ արդյո՞ք չի նշանակում Մեծ Մերձավոր Արեւելքում «մեծ ուժերի» վերադասավորումներ, տարածաշրջանային ուժերի` «վերահաստատումներ»: Հավանաբար նշանակում է, քանի որ նախկին «արյունակից-դաշնակիցներ» Իսրայելն ու Թուրքիան միմյանց հետ խոսում են միայն ԶԼՄ-ների միջոցով ու փոխադարձ մեղադրանքներով: Միեւնույն ժամանակ, «Թուրքիայի ցավը մեր ցավն է» հայտարարող Բաքուն ավելի ու ավելի է մտերմանում Թել Ավիվի հետ: Այս ամենից, ինչպես նաեւ Ադրբեջանում «իսլամի զավակների» դեմ տարվող քաղաքական արշավից բորբոքված Իրանի համբերությունը այնքան սպառվեց, որ այդ երկրի ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ Սեիդ Հասան Ֆիրուզաբադին հրապարակավ «իրանցիներ» անվանելով բոլոր ադրբեջանցիներին, հայտարարեց. «Եթե Իլհամ Ալիեւը շարունակի ճնշել Արանի ժողովրդի (նկատի ունի` ադրբեջանցիներին- Հ. Ա.) զարթոնքը, ապա նրա վերջը սեւ կլինի»: Ճիշտ է, հետագայում Բաքվում Իրանի դեսպանը հանդես եկավ` «զինվորականները քաղաքականությամբ չեն զբաղվում» ոճի հայտարարությամբ, սակայն հենց դրա համար իրանական լրատվամիջոցները վերջինիս արժանացրին խիստ քննադատության` «գեներալի արդարացի խոսքերը հերքելու համար»:

Այս համայնապատկերում բավական ուշագրավ է Իսրայելի գործոնը, որը «արաբական գարուն»-ից հետո բավական հետաքրքրական իրավիճակում է հայտնվել: Եթե «Մուբարաքի Եգիպտոսը» Թել Ավիվի համար վստահելի գործընկեր էր, եթե ոչ դաշնակից, ապա այժմ Եգիպտոսի «հեղափոխականների կոալիցիան» Իսրայելի սահմանին եգիպտացի սահմանապահների մահվան կապակցությամբ, պահանջեց հեռացնել Կահիրեում Իսրայելի դեսպանին` դադարեցնելով գազամատակարարումը Իսրայել: Ու եթե Սիրիայում նույնպես տապալվի նախագահ Ասադը, ապա հավանականությունը մեծ է, որ «սիրիացի հեղափոխականների կոալիցիան» եւս կմիանա «ակտիվ գարուն» անցկացրած Եգիպտոսին եւ այլ արաբական երկրների` «պատմական չարիք» Իսրայելի դեմ: Եթե հաշվի ենք առնում, որ «այստեղ են» նաեւ հրեական պետության թշնամի Իրանն ու Սաուդյան Արաբիան, որի հետ Թել Ավիվն ըստ էության «զրո հարաբերություններ» ունի, ապա Իսրայելը «արաբական գարուն»-ից հետո հայտնվում է ամբողջությամբ թշնամական օղակի մեջ: Չմոռանանք նաեւ Պաղեստինի գործոնը, եւ որ առաջիկա սեպտեմբերին, ինչպես վաղօրորք հայտարարել են պաղեստինցի գործիչները, Պաղեստինը պատրաստվում է դիմել ՄԱԿ-ին` «անդամակցելու խնդրանքով»: Վերհիշենք նաեւ ԱՄՆ նախագահի խոսքերը. «Առաջիկա սեպտեմբերին ԱՄՆ-ը ցանկանում է տեսնել անկախ, անվտանգ գոյակցող Պաղեստինի եւ Իսրայելի պետությունները` 1947-ի սահմանագծով»: Այս ամենը Թել Ավիվին գցել են բավական «անսովոր իրավիճակում», ինչն իր հերթին նշանակում է, որ տարածաշրջանում նշմարվում են ուժերի վերադասավորումներ: Մյուս կողմից` բավական ուշագրավ են Իսրայել-Թուրքիա «հարաբերությունները»: Անշուշտ Թել Ավիվի համար հասկանալի է, որ իր համար այսքան անցանկալի «արաբական գարնան» գործում էական դեր է խաղացել եւ խաղում Թուրքիան: Բացի դրանից` Անկարան բազմիցս հանդես է եկել Պաղեստինի պետությունը «ողջունող» հայտարարություններով: Ու այս ֆոնին, «պատահականորեն» Թուրքիայում, «չգիտես որտեղի՞ց ոգեւորված» «Քուրդիստանի աշխատավորական կուսակցությունը», որին ԱՄՆ-ը եւ ԵՄ-ն համարում են «ահաբեկչական խմբավորում», Թուրքիայում հայտարարում է «քրդական ինքնավարություն»: Բացի սրանից` վարչապետ Բենիամին Նաթանյահուն հայտարում է, որ «Իսրայելը չի պատրաստվում ներողություն խնդրել Անկարայից` «Մավրի Մարմարա» նավի միջադեպի հետ կապված»: Եթե Թուրքիայում քրդական «անջատողականության» այս ալիքի մեջ չկա հրեական հետք, ապա ինչո՞ւ իսրայելական առաջատար ռուսալեզու կայքերից մեկում` zman.com-ում, հրապարակվեց ընդարձակ վերլուծություն` «Ինչո՞ւ աշխարհը չի տեսնում քրդերի պայքարը, բայց արձագանքում է պաղեստինցիների ամեն մի աղաղակին» ընդհանուր իմաստով: Ու «հանկարծ» այստեղ թուրքական «Ջումհուրիեթ» թերթում լույս է տեսնում թուրք պրոֆեսոր Մեթին Քալենի հոդվածը, որտեղ պրոֆեսորը գրում է. «Արեւմուտքը ցանկանում է «թաղել» Լոզանի կոնֆերանսը եւ վերածնել Սեւրը` թուրքական տարածքում ստեղծելով Քուրդիստան եւ Հայաստան»: Իսկ պառակտել Թուրքիան հնարավոր է միայն վերջինիս որեւէ լայնամասշտաբ ռազմական գործողությունների մեջ ներքաշելով, ինչպիսին կարող է լինել, օրինակ, Սիրիայում: Հետաքրքրական պատահականությամբ` այն նույն ժամանակ, երբ Թուրքիան անարգել ընդունում էր սիրիացի փախստականներին`դրանով իսկ առաջ բերելով, ինչպես Սիրիայի, այնպես էլ Իրանի դժգոհությունը, Իսրայելը ականապատում էր Սիրիայի հետ ունեցած սահմանը, այսինքն` սիրիացի փախստականներին թողնում միայն մեկ ճանապարհ` դեպի Թուրքիա, հնարավորինս մոտեցնելով վերջինիս` ռազմական բախման: Սակայն Անկարան այդ ընթացքում հանդես եկավ հայտարարությամբ. «Թուրքիան չի մասնակցի որեւէ ռազմական գործողության Սիրիայում», հայտարարեց արտգործնախարար Դավութօղլուն:

Մեկ այլ ճանապարհ, որը կարող է Անկարային հանգեցնել ռազմական բախման, անշուշտ ղարաբաղյանն է: Իսրայելը, ընդլայնելով իր` առավելապես ռազմական կապերը Բաքվի հետ, զինում է վերջինիս, որով եւ նախ տեխնիկապես ամրապնդում «ռազմի դաշտ նետվող» ադրբեջանական բանակը եւ առաջացնում Իրանի դժգոհությունը` Բաքվից, ինչը, հրեական հաշվարկներով, կարող է ի վերջո բերել նաեւ Թուրքիա-Իրան լուրջ պառակտմանը: Բացի սրանից` եթե Ադրբեջանը Ղարաբաղի դեմ նոր պատերազմ սկսի, ապա, ինչպես հասկանալի է Իսրայելին, անխուսափելի կլինի Թուրքիայի ներգրավածությունը, ինչպես նաեւ` Ռուսաստանի: Իսկ այս բախումը, ինչ խոսք, կարող է «պառակտել եւ կործանել» Թուրքիան: Այս ֆոնին հատկանշական է ՌԴ նախագահի հայտարարությունը, երբ պատասխանում էր ռուս լրագրողների հարցերին. «Եթե Ադրբեջանը պատերազմ սկսի, ապա կունենա Վրաստանի ճակատագիրը»:

Ինչեւէ, փաստորեն, «թշնամական օղակում» հայտնվող Իսրայելը «գլխավոր մեղավորին» պատժելու խնդիր ունի: Իսկ, թե ինչո՞ւ Թել Ավիվը «գլխավոր մեղավոր» չի համարում Վաշինգտոնին, թերեւս կարելի է պատասխանել միայն ենթադրությամբ. իսկ ո՞վ գիտի ԱՄՆ-ի իրական պլանները Անկարայի նկատմամբ, միգուցե իրավացի՞ է Թուրքիայի «Աշխատավորական կուսակցության» ներկայացուցիչ Սենեմը...:

Անկախ նրանից` խոսե՞լ են այս ամենի մասին 37 րոպեում վարչապետ Էրդողանն ու նախագահ Ահմադինեժադը Ստամբուլի Բողազիչի կամրջի մոտ, թե՞` ոչ, ակնհայտ է` առաջիկայում սպասվում են «լուրջ ավտոխցանումներ» Ստամբուլի ոչ միայն վերոհիշյալ փողոցում:

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4