Հին աշխարհի հայտնի պետական, ռազմական գործիչները պատմության մեջ հիշվում են նաեւ իրենց ասույթներով: Ասենք` «Եկա, տեսա, հաղթեցի», «Եվ դո՞ւ, Բրուտոս», «Ռուբիկոնն անցա» եւ այլն:
Հավանաբար նրանց նմանվելու մոլուցքն է պատճառը, որ հատկապես խորհրդային դարաշրջանի «առաջնորդները» նույնպես «թեւավոր մտքեր» էին արտահայտում: Լենինն, օրինակ, ասում էր, որ «ամեն մի խոհարար պիտի սովորի երկիր կառավարել»: Իհարկե, դրանից խոհարարները բոլորովին էլ չէին վերափոխվում պետական կառավարիչների, բայց փոխարենն առաջնորդի միտքը միլիոնավոր օրինակներով բազմացվում եւ տարածվում էր: Ստալինյան «Մարդը ամենաթանկ կապիտալն է» ասույթով ցուցապաստառները զարդարում էին խորհրդային երկրի քիչ թե շատ աչքի ընկնող բոլոր շենք-շինությունները: Նույն տարիներին, սակայն, Ստալինը միլիոնավոր անմեղ քաղաքացիների աքսորում էր հեռավոր վայրեր կամ ուղղակի գնդակահարում կամ փտեցնում համակենտրոնացման ճամբարներում: Իսկ ասույթը տարածվում-տարածվում էր:
«Հանճարեղությամբ» Ստալինի հետ մրցակցում էր «չինացիների աստված» Մաոն` Մաո Ցզե Դունը: Մի անգամ նա ասել է. «Սա այն կամուրջն է, որ գետի այս ափը կապում է մյուս ափին»,- եւ չինական բոլոր թերթերը հաջորդ օրը լույս են տեսել այդ կարգախոսով: Իսկ ուրիշ կերպ չէր էլ կարող լինել. եթե Մաոն չասեր, չինացիներից ոչ ոք չէր հասկանա, որ կամուրջն իրար է կապում գետի հակադիր ափերը: Թեեւ նույն չինացիներն առանց Մաոյի օգնության հազարամյակ առաջ կառուցել էին Չինական մեծ պարիսպը:
Իմաստախոսությունների «վարպետ» էր նաեւ Բրեժնեւը: Լինելով Ադրբեջանում եւ արժանանալով շքեղ ընդունելության եւ թանկարժեք նվերների, խորհրդային երկրի ծեր առաջնորդն այդ ամենից տպավորություն էր ստացել, որ «առանձին վերցրած մեկ հանրապետությունում կոմունիզմի կառուցումն ավարտված է», եւ ասել էր. «Լայն քայլերով է ընթանում Ադրբեջանը»: Բրեժնեւն, իհարկե, չէր կարող իմանալ, որ իր ասույթը Կովկասում մի նոր անեկդոտի առիթ է դառնալու. «Լայն քայլերով է ընթանում Ադրբեջանը` Վրաստանի եւ Հայաստանի խանութներով»,- որի համար Ադրբեջանում մարդկանց վերցնում եւ դատում էին «թանկագին Լեոնիդ Իլյիչին վիրավորելու», իրականում` տնտեսական հավելագրումներն ու աչքակապությունները ծաղրելու համար:
Թերեւս այդ պատճառով է, որ անկախ Ադրբեջանում նույնպես ասույթները հարգի են: Օրինակ` «Մեր անկախությունը վերջնական է եւ անշրջելի»: Սա Հեյդար Ալիեւի իմաստախոսություններից է: Եթե լրջորեն մոտենանք, ապա դժվար չի լինի հասկանալ, որ Հեյդար Ալիեւը երկրի անկախությունը կապել է իր քաղաքական վերածննդի հետ: Եվ այսօրվա իշխանությունն էլ ամեն ինչ անում է, որպեսզի մարդկանց հիշողությունից ջնջվեն Ադրբեջանի պատմության ոչալիեւյան դրվագները: Անկախ Ադրբեջանի պատմությունն, ըստ այդմ, սկսվում է 1993 թ. ամռան իրադարձություններից, այլ ոչ թե 1991-ի աշնանն ընդունված «Ադրբեջանական հանրապետության պետական անկախության մասին» սահմանադրական ակտից: Եվ դա այնքան է արմատավորվել, որ Բաքվի կոմունալ ծառայության պատասխանատուները հանգիստ խղճով վերցնում եւ անջատում են հանգուցյալ Էլչիբեյի` Ադրբեջանի երկրորդ նախագահի ընտանիքի գազը, ջուրը եւ լույսը` «գոյացած պարտքերի դիմաց»: Կա՞ աշխարհում մի երկրորդ երկիր, որտեղ էքս-նախագահի ընտանիքն այնքան ծայրահեղ աղքատ ապրի, որ չկարողանա մուծել կոմունալ ծախսերը:
Իրոք, ամեն մի պատասխանատվությունից եւ բարոյականությունից Ալիեւների կլանի անկախությունը «վերջնական է եւ անշրջելի»: Այնքան, որ էքս-նախագահ Այազ Մութալիբովը, Բաքվում հարազատ որդուն հողին հանձնելուց հետո «սրտի թելադրանքով» այցելել է «համազգային առաջնորդ Հեյդար Ալիեւի եւ Զարիֆա խանում Ալիեւայի շիրիմներին»: Իսկ այդ նույն օրերին գործող նախագահ Իլհամ Ալիեւը, շրջելով Բաքվի մերձակա բանվորական ավաններով, իրեն թույլ է տվել մեծերի նման «անմահության ձգտել» եւ ասել է. «Երկրի բարեկեցությունը կախված է ամեն մի ավանի բարեկեցությունից»:
Պետք է համոզված լինել, որ «պալատական գրիչներն» արդեն տիրաժավորել եւ տարածել են այս «դարակազմիկ միտքը»: Բայց թե գործնականում ի՞նչ նշանակություն ունի Իլհամ Ալիեւի «իմաստախոսությունն» ադրբեջանական ժողովրդի բարեկեցության բարձրացման մեջ` այդ մասին հնարավոր կլինի դատել շատ ժամանակ անց: Միայն ասենք, որ երբ Իլհամ Ալիեւն ասել է այդ «իմաստնությունը», նույն օրը Թարթառի շրջանի Բեգում Սարով գյուղում 14-ամյա մի աղջիկ ինքնասպանություն է գործել: Ըստ պաշտոնական տեղեկատվության` «սոցիալական թշվառությունից դրդված»: Մեկնաբանություններն ավելորդ են:
ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ