«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#146, 2011-08-23 | #147, 2011-08-24 | #148, 2011-08-25


«ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ» ԸՍՏ ԲԱՅՐԱՄ ՍԱՖԱՐՈՎԻ

1news.az-ի տարածաշրջանային թղթակիցը տեղեկացրել է, որ օգոստոսի 23-ին «ԼՂ ադրբեջանական համայնքի ղեկավար» Բայրամ Սաֆարովը «այցելել է Բեյլագանի շրջան եւ հանդիպել «ադրբեջանական օկուպացված շրջանների» գործադիր իշխանության աշխատակազմերի ներկայացուցիչների հետ»: Միջոցառումն, ըստ այդմ, նվիրված է եղել «Ֆիզուլիի եւ Զանգելանի շրջանների օկուպացման տարելիցին»: Բայրամովն, իհարկե, կարող է ազատորեն շրջել Ադրբեջանում: Բայց զարմանալի է, որ սույն անձը Բեյլագանում երկու շատ արտառոց հայտարարություն է արել:

Նա ասել է, որ անցած 20 տարում «ԼՂ ադրբեջանական բնակչությունը 50 հազարից հասել է 75-ի»: Սաֆարովի հիշողությունը թարմացնելու համար հարկ է ասել, որ 20 տարի առաջ նախկին ԼՂԻՄ-ում, ըստ խորհրդային պաշտոնական վիճակագրության, որի իսկությանը կասկածելու առիթ չկա, քանի որ մարդահամարն անցկացվել է արտակարգ դրության պայմաններում եւ վերահսկվել զինվորականների կողմից, բնակվել է 40, 6 հազ. ադրբեջանցի` ներառյալ «մեսխեթցի թուրք փախստականներին» եւ «Հայաստանից բռնատեղահանված ադրբեջանցիներին», որոնց անվան տակ Ադրբեջանի իշխանությունները Շուշիում, Խոջալուում եւ այլ ադրբեջանաբնակ համայքներում «ժողովրդագրական կտրուկ աճ էին ապահովել»:

Այնուհետեւ, վերջերս Ադրբեջանի պետական վիճակագրական ծառայությունը հրապարակել է տվյալներ, որոնց համաձայն վերջին երկու տասնամյակում Ադրբեջանի «բնակչությունն աճել է 20,4 տոկոսով»: ԼՂ «ադրբեջանական համայնքն», ինչպես նույն Սաֆարովն է ասում, «ցրված է ադրբեջանական 58 շրջաններում»: Բնական է, որ այդ մարդիկ ադրբեջանական ժողովրդի եւ հասարակության անբաժանելի մասն են արդեն, ապրում են նույն օրենքներով, նույն պայմաններում, նույն կենսակերպով: Ուստի պարզ կեղծարարություն է ասելը, որ Ադրբեջանի ամբողջ բնակչությունն աճել է ընդամենը 20, 4, իսկ նրա մաս կազմող «ԼՂ ադրբեջանական համայնքը»` շուրջ 100 տոկոսով:

Սա ոչ այլ ինչ է, եթե ոչ Բայրամ Սաֆարովի հիվանդ երեւակայության պտուղ եւ վկայում է, որ այդ մարդը նույնիսկ իր հարազատ հանրապետության կյանքից է անտեղյակ: Երկրորդ սենսացիան, որ Սաֆարովն է արել, ոչ մի տրամաբանության մեջ պարզապես չի տեղավորվում: Ավելին, հակասում է Ադրբեջանի պետական քաղաքականությանը: Ինչպես Սաֆարովն է ասել, ««ԼՂ ադրբեջանական համայնքը» որոշել է իր ներկայացուցչություններն ունենալ արտասահմանյան երկրների մայրաքաղաքներում, դա ծանր, քրտնաջան աշխատանք է, բայց մենք աստիճանաբար ամեն ինչ կանենք` մեր ներկայացուցչությունները բացելու արտերկրում»:

Եթե սա պարզապես հիմարություն չէ, եւ Սաֆարովը բացահայտել է Ադրբեջանի արտաքին քաղաքականության «նոու-հաու»-ն, ապա մնում է ենթադրել, որ Իլհամ Ալիեւը վերջնականապես հաշտվել է արտերկրում ԼՂՀ դիվանագիտական ներկայացուցչությունների գործունեության օրինականության հետ եւ մտադիր է դրան զուգահեռ ստեղծել «ԼՂ ադրբեջանական համայնքի ներկայացուցչություններ»: Բայց ո՞րն է այստեղ տրամաբանությունը. ԼՂՀ-ն արտերկրում դիվանագիտական ներկայացուցչություններ է հաստատել, հաստատում եւ հաստատելու է, որովհետեւ հռչակված է որպես անկախ պետություն եւ ձգտում է միջազգային ճանաչման:

Իսկ ինչի՞ են ձգտելու «ԼՂ-ի ադրբեջանական համայնքի «ներկայացուցչություններն» արտասահմանյան երկրների մայրաքաղաքներում»: Երեւի զբաղվելու են Բայրամ Սաֆարովի «վիճակագրական տվյալների» քարոզչությամբ: Կամ, ով գիտի, գուցե Սաֆարովին մեկ «Շուշա» ռեստորանը Բաքվում չի հերիքում, եւ նա մտադիր է նույնանուն թեյատուն բացել Ստամբուլո՞ւմ: Բայց այդ դեպքում ի՞նչ կարիք կա հիմար «վիճակագրություն» անել եւ չարաշահել «համայնքի» անունը: Դատելով տեսքից` Սաֆարովն ուր էլ գնա, թեյատուն կունենա:

Վ. Ա.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4