«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#146, 2011-08-23 | #147, 2011-08-24 | #148, 2011-08-25


ՄԵՐՁԵՐԿԽՈՍԱԿԱՆ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Իշխանություն-ՀԱԿ երկխոսության ձգվող ռաունդներին զուգահեռ` լուրջ-լուրջ, իսկ երբեմն էլ զավեշտալի մերձերկխոսական մեկնաբանություններ են հնչում, որոնք լցնում են քաղաքական կյանքի այս պահին դատարկ զամբյուղը: Երեկ, օրինակ, «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը, նկատի ունենալով 86 էջ ՀԱԿ-ի, 135 էջ իշխանության հիմնավորումները` արտահերթ ընտրություններ լինել-չլինելու վերաբերյալ, բնորոշեց, թե ամեն ինչ վերածվել է համապետական ընթերցանության երեկոյի, իսկ ողջ ամառվա ընթացքում էլ իշխանության եւ ՀԱԿ-ի ուշադրությունը այդ ներկայացմանն էր ուղղված, որն ապագա չունի, դրանից երկրին ուղղված մարտահրավերները չեն նվազում: Բացի դրանից, ըստ Սաֆարյանի, ՀԱԿ-ի եւ իշխանության դիրքորոշումները ղարաբաղյան խնդրի հետ կապված, ինչպես նաեւ ներքաղաքական դաշտում գրեթե չեն տարբերվում, ուրեմն եւ նոր ընտրություններին ընդառաջ` ՀԱԿ-ն այլընտրանք չի կարող ընկալվել իշխանությանը: Այդպիսին կարող է ընկալվել ամեն ուժ, բայց ոչ ՀԱԿ-ը: Այս մտքերին ափալ-թափալ պատասխանել է Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը, ով թեւաթափ է եղել «տրամաբանության նման բացակայությունից եւ փաստերի նման խեղաթյուրումից», թե` «Ստյոպան հավանում է խլել իր ավագ հանրապետական գործընկերոջ դափնին». Ս. Սաֆարյանը ասուլիս էր տալիս ՀՀԿ-ական Արտակ Զաքարյանի հետ, որն ասում էր, թե երկխոսությունը կայանում է:

Իսկ Հանրային խորհրդի անդամ Խոսրով Հարությունյանը երեկ դեռ ողջունում էր երկխոսությունը` որպես «հանրային կյանքի կազմակերպման լուրջ հնարավորություն», ընդ որում, ըստ նրա, քաղաքական իրականության մեջ որակապես նոր գործընթաց է տեղի ունենում` «բանակցում են ոչ թե իշխանությունն ու խորհրդարանական ընդդիմությունը, այլ իշխանությունն ու արտախորհրդարանական քաղաքական ուժը», իսկ ընդհանրապես` սա նոր մշակույթ է քսանամյա հանրապետության` անպտուղ առճակատումներով լի պատմության մեջ:

Իսկ ահա Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը երկխոսությունը շատ գեղեցիկ սցենարով շոու անվանեց, կողմերին էլ` բիզնեսով զբաղվող. «Այսօր ամեն ինչ արվում է բիզնեսի համար, փող են սարքում տղաները», ասաց:

Ահա այսպիսի մերձերկխոսական մեկնաբանություններ, որոնք, երկխոսության` ամեն ռաունդ անպտուղ 4-5 ժամերի անվերջ ձգելու պարագայում կարող են առհասարակ հասարակությանը մղել` անլուրջ վերաբերվելու կատարվողին:

Մ. Խ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4