«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#146, 2011-08-23 | #147, 2011-08-24 | #148, 2011-08-25


Ի՞ՆՉ «ԴԺԲԱԽՏՈՒԹՅՈՒՆ» Է ԵԿԵԼ «ՄԵՐ» ՏՈՒՆ

«Քույրեր եւ եղբայրներ, դժբախտություն է եկել մեր տուն», այս վերամբարձ խոսքերով սկսվում է էլ ավելի վերամբարձ անվանում ունեցող «Աստծո ձայն» ավետարանական եկեղեցու հոգեւոր հովիվ Սեդրակ Մինասյանի կոչը Հայաստանի կրոնական կազմակերպությունների ղեկավարներին` առանց հստակեցնելու, թե «մեր տունը» ո՞րն է: Ինչեւէ` սկսենք «Հրապարակ»-ից: Երեկ հայկական այս օրաթերթում տպագրվեց հոդված, որը «բացահայտում էր», թե «Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն ֆինանսավորում է «Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությանը` աղանդների դեմ պայքարելու համար», ավելին` թերթն արձանագրել էր, որ` «առաքելական եկեղեցու հասցեին «Չենք լռելու»-ի քննադատությունն էլ պարզապես համագործակցության մասին կասկածները ցրելու միջոց է»: Ու հենց այստեղ, գուժելով «մեր տուն» վրա հասած դժբախտությունը, քույրերին ու եղբայրներին դիմեց վերոհիշյալ Սեդրակ Մինասյանը` «Աստծո ձայն»-ից, իսկ միգուցե եւ` «Աստծո ձայնո՞վ»..... ««Հրապարակ» թերթը բացահայտեց Էջմիածնի պլանները` ստեղծելով եւ ֆինանսական մեծ միջոցներ տրամադրելով «Չենք լռելու» երիտասարդական կազմակերպությանը, որը նպատակ ունի` ամբողջովին կոտրել մարդկանց հավատքը այլ եկեղեցիների հանդեպ: Մեզ բոլորիս ձեռնոց է նետված, հակառակորդն ուժեղ է ու հզոր եւ ջանք չի խնայելու այլադավաններին հասարակության աչքում թշնամի դարձնելու համար», Մինասյանի այս խոսքերը կարծես միջնադարում վճռական պատերազմի նետվող զորախմբի հրամանատարի խոսքեր լինեն, իսկ շարունակելով` «հոգեւոր հովիվը» կոչով է դիմում հայաստանյան բոլոր կրոնական կազմակերպությունների ղեկավարներին` միավորվելու «այս օրհասական պահին»:

Միեւնույն ժամանակ, երեկ «Չենք լռելու» նախաձեռնությունը հանդես եկավ հայտարարությամբ, որով մասնավորապես նշեց. «Ոչ մի էժանագին սենսացիա չի կարող ստիպել երիտասարդական նախաձեռնությանը որեւէ կերպ փոխել իր սկզբունքներն ու աշխատաոճը: Նախաձեռնությունը ինչպես քննադատել, այնպես էլ քննադատելու է Հայ առաքելական եկեղեցու վերնախավում գտնվող մի շարք հոգեւորականների բացարձակ անհաղորդությունը ներհասարակական կյանքին, նրանց կողմից հարյուրավոր հնադարյան սրբավայրերի փրկման խնդրի անտեսումը, աղանդների կարգավիճակը բարելավող օրինագծի ընդունմանն ընդառաջ` հանցավոր լռությունը: Որպես երեւույթ` ինչպես քարկոծվել, այնպես էլ քարկոծվելու են հայի ինքնությունը քայքայող օտարածին աղանդները: Այս առիթով նշենք, որ «Չենք լռելու»-ն մոտակա օրերին սկսելու է աղանդների մերկացման լայնածավալ ծրագիր` 5 բացառիկ տեսանյութերի հրապարակմամբ»: Հայտարարությամբ «Չենք լռելու»-ն հերքում է նաեւ, որ իրենք ֆինանսավորվում են որեւէ մի կազմակերպությունից, առավել եւս Հայ առաքելական եկեղեցուց. «Մինչեւ օրս մենք որեւէ ֆինանսական աջակցություն չենք ստացել», արձանագրում է նախաձեռնությունը: Հայտարարության վերջում «Չենք լռելու» խումբը «հատուկ շնորհակալություն» է հայտնում «Հրապարակ» օրաթերթին` «նախաձեռնության համեստ արժանիքները այդքան բարձր գնահատելու համար»:

Իր հերթին` «Խոսքի իրավունք» միավորումը նույնպես տարածել է հաղորդագրություն` «Հրապարակ»-ի հոդվածի կապակցությամբ. «Մեր միավորումը հակված է ենթադրելու, որ «Հրապարակ»-ի նյութն իրականում աղանդավորների պատվերն է` հաշվի առնելով այդ թերթի խմբագրության սերտ կապերը աղանդավորական կազմակերպություններից մեկի ղեկավարի հետ: Թերթի նման գործելաոճը մեծ ստվեր է նետում Հայաստանում մամուլի հանդեպ հարգանքի եւ վստահության ձեւավորման վրա», արձանագրում է «Խոսքի իրավունքը»:

Մեր կողմից միայն մի քանի «տարօրինակ թվացող» հարցեր «հոգեւոր հովիվ» Սեդրակ Մինասյանին. նախ` «այդ ո՞ւմ տունն է դժբախտություն եկել», մե՞ր, իսկ ովքե՞ր ենք այդ «մենքը», ավելի ճիշտ` ինչո՞ւ Մինասյանի «մենքը» նաեւ մենք չենք: Երկրորդ` ո՞ւմ մասին է խոսում Մինասյանը` ասելով «հակառակորդն ուժեղ է ու հզոր», մե՞ր, Հայ առաքելական եկեղեցո՞ւ... Հուսանքՙ Աստծո ձայնը կհուշի Մինասյանին` պատասխանելու այս հարցերին, առանց չակերտների` Աստծո ձայնը:

Հ. ԱՖՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4