«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#146, 2011-08-23 | #147, 2011-08-24 | #148, 2011-08-25


ՀՆԱՄԵՆԻ ԲԵՐԴԻ ԳԱՂՏՆԻՔՆԵՐԸ

Քաշաթաղի այսօրվա շրջանը, որն իր մեջ է առել պատմական Մեծ Հայքի Սյունիք եւ Արցախ նահանգների մի քանի գավառներ, հարուստ է պատմամշակութային հուշարձաններով: Արդեն հայտնի բազում հուշարձաններին օրեցօր ավելանում են նորերը: Ընդհանրապես հուշարձանների մեծ մասը գտնվում է հյուսիսային թեւում` նախկին Աղահեջք (հետագայում` Քաշաթաղ, Խոժոռաբերդ), Վայկունիք գավառներում: Իսկ հարավում պատմական հուշարձանները հիմնականում սփռված են Որոտան գետի ավազանում` Քաշունիք գավառում: Ըստ 7-րդ դարի «Աշխարհացույց»-ի տվյալներիՙ Մեծ Հայքի Սյունիք նահանգի 12 գավառներից մեկը Բաղքն էր: Միջնադարում գավառը բաժանվում է արեւելյան ու արեւմտյան մասերի եւ հանդես գալիս նոր անուններով: Արեւելյանը կոչվում է Քաշունիք, իսկ արեւմտյանըՙ Աճեն կամ Աճան: 13-րդ դարից Քաշունիքը կոչվել է նաեւ Բարկուշատ:

Նույն անունով տարածքում նաեւ բերդ է եղել: 18-րդ դարի կեսերից հիշյալ տարածքները հայաթափ եղան` ընկնելով մահմեդական ցեղերի տիրապետության տակ, իսկ խորհրդային տարիներին փոխվեցին տեղանունները, տարածքում առաջացավ Ղուբաթլուի շրջանըՙ համանուն կենտրոնով:

Վերջերս ԼՂՀ ԿԱ զբոսաշրջության վարչության հուշարձանների պահպանության եւ ուսումնասիրության բաժնի վարիչ Սլավա Սարգսյանի եւ ԱրՊՀ դասախոս, ազգագրագետ Լեռնիկ Հովհաննիսյանի հետ այցելեցինք Որոտանի աջափնյա Երկաթավորք (Դամրչիլար) գյուղ, որտեղ պահպանվել են մահմեդական 2 դամբարան (ըստ Ղեւոնդ Ալիշանիՙ դրանք 14-15-րդ դարերի են) եւ 17-18-րդ դարերի միաթռիչք քարակերտ կամարակապ կամուրջ, որն ունի 9 մետրից ավելի երկարություն, իսկ լայնությունն է 3,10 մետր է: Ունի արաբատառ արձանագրություն:

Գյուղից արեւմուտք բարձր բլուրներ են, որոնցից մեկի վրա հնամենի բերդ կա: Ըստ տեղեկություններիՙ այս տարածքում է գտնվում Պահու բերդը. մտածում ենքՙ այդ ամրոցն է: Որոշում ենք բարձրանալ: Որոտանի վտակ Քաշունի (Չայ Զամի) գետի ձախ ափով շարժվում ենք առաջ եւ վերջապես հասնում բերդը պահող բարձունքի ստորոտ:

Բարձրանում ենք վեր ու կանգնում բերդի պարիսպների տակ: Պարզվում է, որ սա ուրիշ բերդ է. Պահու բերդն աշտարակներ ունի, իսկ այստեղ դրանք բացակայում են. եղածներն էլ ցածր ենՙ ի տարբերություն Պահու բերդի: Պարիսպները, որ գտնվում են արեւելյան կողմում, ունեն 2,5 մետր հաստություն, բարձրությունը տարբեր է, կառուցված են մշակված քարով, պահպանվել է մոտ 250 մետր երկարությամբ, իհարկեՙ տեղ-տեղ փլված: Հյուսիսարեւմտյան կողմում ժամանակին խանդակներ են փորել, արեւմտյան մասում բարձրաբերձ ժայռեր են, իսկ հարավային մասում բլուրը թեքությամբ իջնում է ցած ու հասնում Քաշունի գետին: Ընդհանուր առմամբ բուն բերդն ունի 250-ից ավելի երկարություն, իսկ միջին լայնությունը կազմում է մոտ 30 մետր: Մուտքը հարավարեւելքից է, ունի 2,5 մետր լայնություն: Մի կողմում պահպանվել են աշտարակի քանդված պատերը, իսկ մյուս կողմումՙ մի շինության պատերՙ մոտ 80 քմ մակերեսով. երեւի պահապանների զորանոցն է եղել: Նման 10 շինություններ տարածքում պահպանվել ենՙ տարբեր չափերով, կիսաքանդ: Բերդը պահող բլուրը պատված է սալաքարերով, ինչպես Վանքասարը, որի վրա է գտնվում Տիգրանակերտի ամրոցը: Այս բլուրն էլ է նման Վանքասարին: Նմանություն կա նաեւ, որ այստեղ էլ, ինչպես Տիգրանակերտում, տեղի սալաքարերն են կտրել ու օգտագործել որպես շինաքար: Պահպանվել են միջնադարի վարպետների գործիքների հետքերը. տեղ-տեղ կտրված քարերը մնացել են, որոշ քարեր էլ, որոնք ունեն 1 մետրից ավելի երկարություն ու լայնություն, չեն տեղափոխվել:

Բերդի դիմացի մեկ այլ բլրի վրա միջնադարյան մատուռ կա: Չափագրումներ կատարելուց հետո բերդի հարավային մասով իջնում ենք ցած ու հասնում Քաշունի գետին: Անցնելով գետըՙ բարձրանում ենք վեր ու հայտնվում մի հարթության վրա: Պարզվում է, որ դամբարանադաշտ է: Կարելի է ենթադրել, որ շատ վաղուց են այստեղ բնակվել մեր նախնիները, որ տարածքում մեծ բնակավայրեր են եղել, եւ ժողովրդի անվտանգությունն ապահովելու համար բերդեր են կառուցել: Առայժմ հաստատ հնարավոր չէ ասել, թե ինչ անուն է ունեցել մեր ուսումնասիրած ամրոցը, սակայն ժամանակագիրների աղբյուրները ուսումնասիրելովՙ կարելի է ճշտել:

ԶՈՀՐԱԲ ԸՌՔՈՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4