Բացօթյա ջազ համերգները, արդեն մի քանի տարի, դարձել են մեր երիտասարդության շրջանում սպասված ու սիրված: Այդ ավանդույթը սկիզբ առավ երեւանյան «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի շրջանակներում ու դարձավ հրաշալի ժամանցի ու ջազային երաժշտության վայելքի հնարավորություն: Եթե ջազ երաժշտությունը երեք տարի շարունակ հնչեցվում էր Ազնավուրի անվան հրապարակում, այժմ Երեւանի քաղաքապետարանի հետ համատեղ «Ամառային ջազ» համերգների կազմակերպիչ, «Վիբրոգրաֆուս» ընկերության տնօրեն Վարդան Գրիգորյանը տեղեկացրեց, որ երեք օր շարունակ, Ազատության հրապարակում երեկոյան 19-ից մինչեւ ուշ գիշեր կհնչի կենդանի ջազային երաժշտություն: «Մենք ուզում ենք, որ Երեւանը դառնա երաժշտական քաղաք, դառնա փառատոնային քաղաք ու աշխարհի տարբեր երկրներից տարբեր խմբեր գան եւ մեր հանրությանը ներկայացնեն իրենց կատարումները», ասաց պրն Գրիգորյանը:
Եռօրյա բացօթյա ջազ համերգներին հրավիրվել են խմբեր Դանիայից, Գերմանիայից, Իտալիայից, Վրաստանից եւ այլն: Իսկ Հայաստանիցՙ «Դոգմա», «Բամբիռ», «Օքսեն հեմ», «Վոքս» եւ ուրիշներ: Հետաքրքրական է, որ համերգներին մասնակցելու ցանկություն է հայտնել իրանաամերիկյան «Արմանդան» ռոք խումբը: Մի խոսքովՙ 12 ռոք, ջազ խմբեր օգոստոսի 26-ին, 27-ին, 28-ին, անվճար համերգներով հանդես կգան կենդանի հնչողությամբ:
Տարօրինակ էր, որ «Ուրբաթ» ակումբի կազմակերպած ասուլիսին պրն Վարդան Գրիգորյանը հրաժարվեց ակումբում ասուլիս տալուց եւ գերադասեց ակումբի մուտքը, պատճառաբանելով, որ իրենց համերգների հովանավորը եւ «Ուրբաթ» ակումբի հովանավորը մրցակիցներ են:
Մ. Մ.