«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#146, 2011-08-23 | #147, 2011-08-24 | #148, 2011-08-25


ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼ ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԻ ԿԱԶՄՈՒՄ

Հունգարիայում մեկնարկել է ըմբշամարտի աշխարհի պատանեկան առաջնությունը կրտսեր տարիքի պատանիների մասնակցությամբ: Առաջինը մրցասպարեզը տրամադրվել է ազատոճային ըմբիշներին: Մրցումների առաջին օրը աշխարհի չեմպիոնի տիտղոսը վիճարկվեց քաշային 5 կարգերում: Դրանցից 4-ում հանդես եկան Հայաստանի ներկայացուցիչները, որոնց ելույթն անհաջող էր:

Առավել հաջող էր մինչեւ 50 կգ քաշային Նարեկ Բաբայանի ելույթը: Նա առաջին գոտեմարտում հաղթեց մոնղոլ Ունիրբաթ Բյամբատսոգտին: Քառորդ եզրափակիչում հայ ըմբիշը պարտվեց իրանցի Հասան Յազդանիխարատիին: Վերջինս հասավ մինչեւ եզրափակիչ, ուստի Նարեկն իրավունք ստացավ պայքարելու բրոնզե մեդալի համար: Այդ պայքարում նա հաջող անցկացրեց առաջին գոտեմարտըՙ հաղթելով հունգարացի Բենցե Բալատոնիին: Սակայն վճռորոշ գոտեմարտում հայ ըմբիշը պարտվեց ճապոնացի Ռինուա Նակամուրային ու մրցակցին զիջեց բրոնզե մեդալը: Քաշային այս կարգում չեմպիոն հռչակվեց ռուսաստանցի Հաջիմուրադ Ռաշիդովը:

Մեր մյուս երեք ըմբիշներն անհաջողության մատնվեցին առաջին իսկ գոտեմարտում: Մինչեւ 42 կգ քաշային կարգում Վահե Մատինյանը պարտվեց ադրբեջանցի Վուրղուն Ալիեւին, իսկ Անանիա Հակոբյանը (69 կգ) զիջեց Ուկրաինան ներկայացնող Ռուստամ Ջաֆարյանին: Վերջինս հաջող ելույթ ունեցավ: Հաղթելով նաեւ ուզբեկ Իսլոմիդին Ռահիմովին, քառորդ եզրափակիչում Ռուստամը պարտվեց հնդիկ Կումար Դինեշին, որը հասավ մինչեւ եզրափակիչՙ զիջելով ռուսաստանցի Մահոմեդհաջի Իմանշապիեւին: Իսկ հայ ըմբիշն իրավունք ստացավ մասնակցելու բրոնզե մեդալի համար մղվող պայքարին: Այն հաջողությամբ ավարտվեց: Հաղթելով հունգարացի Նոե Սաբոյին եւ ադրբեջանցի Էլմար Իսմայիլովին, Ռուստամ Ջաֆարյանը դարձավ բրոնզե մեդալակիր:

Մինչեւ 58 կգ քաշայինների մրցավեճում Դավիթ Շեկոյանը առաջին գոտեմարտում զիջեց մոլդովացի Տոմա Վասկանին ու դուրս մնաց հետագա պայքարից:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4