ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Ծաղկաձորում անցած շաբաթավերջին հավաքվել էին երիտասարդ գիտնականները` երեք օր քննարկելով գիտության ոլորտի ֆինանսավորման, ընդհանրապես գիտությանն ու մասնավորապես երիտասարդ գիտաշխատողների խնդիրները: Գիտության հետ կապվող համարյա բոլոր կառույցներից ներկա էին այս քննարկմանը, անգամ ներկայացված էր քաղաքական դաշտը` խորհրդարանական կուսակցություններն ու ՀԱԿ-ը: Նախաձեռնությունը եկել էր «Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» ֆեյսբուքային խմբից, ԱՐՄԱԿԱԴ գիտական ցանից, իսկ քննարկման կազմակերպմանն աջակցել էր Հայաստանի երիտասարդական հիմնադրամը: Քննարկմանը համալիր ներկայացվեց գիտության ոլորտի խնդիրների մեծ մասը` եւ տարբեր պատասխանատուների, եւ քննարկման կազմակերպիչներ Արթուր Իշխանյանի եւ Խաչիկ Գեւորգյանի միջոցով:
Նշելով, որ գիտության ֆինանսավորումը շատ երկրներում ՀՆԱ-ի երկուս տոկոսից ավելի է, նախաձեռնողները պահանջում են Հայաստանում գիտության ֆինանսավորումը դարձնել առնվազն մեկ տոկոս` այն միտումով, որ հետո հասցվի երկու տոկոսի: Այժմ Հայաստանի գիտության ֆինանսավորումը կազմում է ՀՆԱ-ի 0,24 տոկոսը, տարեկան բյուջեի մոտ 1 տոկոսը` քսաներկու, քսաներեք մլն դոլար, որը սաստիկ պակաս է աշխարհում ընդունված միջին շեմից:
Քննարկումն, իհարկե, նախ վերաբերում էր գիտության ապագային` երիտասարդներին, երիտասարդ գիտնականների ցածր ֆինանսավորմանը եւ դրանից բխող այլ խնդիրների` գիտնականների թվի նվազմանն, օրինակ. այժմ ՀՀ-ում 4500 գիտնական է աշխատում, այն դեպքում, երբ Խորհրդային Միությունում Հայաստանում կար քսանյոթ հազար գիտնական (Միության վերջին տարվա թիվն է):
Բարձրանում է գիտնականների միջին տարիքը` այժմ հիսունութ է, երբ պետք է լինի քառասունից ոչ բարձր: Մի խոսքով, նախաձեռնողների կարծիքով, կորցնում ենք գիտությունը, եւս հինգ-վեց տարի եթե այսպես շարունակվի` միջին տարիքը կհասնի վաթսունչորս-վաթսունհինգի, եւ միջին տարիքի գիտնականները կանցնեն թոշակի բոլորով: Զուգահեռ` երիտասարդ գիտնականները լքում են երկիրը` ոչ միայն վատ են ֆինանսավորվում (երիտասարդ գիտնականների միջին աշխատավարձը երեսուն հազար դրամից մի փոքր է ավելի), այլեւ լաբորատորիաներ, աշխատանքի պայմաններ չկան:
«Մեխանիզմներից մեկն անվերջ բարձրաձայնելն է, որ գիտության համար անհրաժեշտ է ֆինանսավորում», չթաքցրեց Խ. Գեւորգյանը, ասել է թե` լացող երեխային կաթ կտան (եւ իրոք, այդ մեխանիզմն աշխատել է, օրինակ` Գագիկ Ծառուկյանը 20 մլն դրամ է հատկացրել այս նախաձեռնության կազմած ցուցակով մի խումբ երիտասարդ գիտնականների, ովքեր գիտական հոդվածներ են տպագրել միջազգային հեղինակավոր ամսագրերում):
Որտեղի՞ց ֆինանսներ վերցնել. այս անլուծելի թվացող դիլեման եւս քննարկում էին մասնակիցները, բայց ռեալ աղբյուրներ, այդպես էլ չնշվեցին: Խտրականություն նկատեցինք` հիմնականում դահլիճում էին ճշգրիտ գիտությունների ներկայացուցիչներ, եւ նախաձեռնողներն էլ ասում էին, թե, ի տարբերություն ճշգրիտ գիտությունների, հասարակական գիտությունների ներկայացուցիչներն այդ որակը չունեն, որ միջազգային գիտական հեղինակավոր ամսագրերում տպվեն (այս կասկածելի տեսակետը, կարծում ենք, պետք է բողոքի ալիք բարձրացնի): Ներկա քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչները (ԲՀԿ` Վահե Էնֆիաջյան, ՀՅԴ` Լիլիթ Գալստյան. «Ժառանագություն»` Հովսեփ Խուրշուդյան), կողմնակից էին, որ Հայաստանի բյուջեի 3 տոկոսը հատկացվի գիտությանը, իսկ թե որտեղի՞ց, ասում էինՙ ստվերը բերեք հարկային դաշտ, օլիգարխիան վերացրեք, եւ այլն: Եվ անգամ այս իմաստով զարմանալիորեն ամենաչափավորը ՀԱԿ-ի ներկայացուցիչ Արմեն Կիրակոսյանն էր, որն ընդամենը նշեց առայժմ գիտության բյուջեն կրկնապատկելու անհրաժեշտության մասին` հետագայում կամաց -կամաց ավելացնելով, քանի որ առկա ռեսուրսներն են սուղ:
Ամեն տեսակ խոսակցություն էլ գնաց, որ սովորաբար գնում է այս տեսակ հավաքների ժամանակ` հիմնարա՞ր գիտությունն է պետք նախ զարգացնել, թե՞ կիրառականը, Գիտությունների ազգային ակադեմիան ո՞ւմ է պետք, դարձնենք միություն (այս ծայրահեղ առաջարկի հեղինակը Գիտության եւ առաջավոր տեխնոլոգիաների հիմնադրամի տնօրեն Հարություն Կարապետյանն էր): «Հիմնարար գիտնականի գործը գիտություն ստեղծելն է, կիրառական գիտնականները պետք է տնտեսության համար աշխատեն», հակասություն չէր տեսնում Արթուր Իշխանյանը: Ասենք, որ երեք օրում այնքան շատ տեղեկատվություն ստացանք եւ այնքան գիտական հիմնարկների ներսուդուրսն իմացանք, որ թերթում հնարավոր չէ այդ մասին պատմել: Միգուցե հետագայում այդ տեղեկատվությունը տարբեր առիթներով ընթերցողին հասցնենք, ավելի լավ է` միայն պատմենք երիտասարդներին տրված խոստումների մասին. նախՙ ՀՀԿ պատգամավոր Կարեն Ավագյանն անորոշ ասաց, թե այս տարվա բյուջետային քննարկումներն սկսվել են, եւ գիտության ֆինանսավորման որոշ ավելացում չի բացառվում: Հետո երիտասարդական հիմնադրամի տնօրեն Ալեքսանդր Տեր-Հովակիմյանը պատմեց, որ հիմնադրամը պատրաստ է աջակցել երիտասարդ գիտնականներին, օրինակներ բերեց` Աբովյան փողոցի դահլիճները տրամադրել են ԱՐՄԱԿԱԴ-ին քննարկումների համար, խրախուսում են երիտասարդ գիտնականների մասնակցությունը միջազգային կոնֆերանսների (քննարկումն էլ, ասացինք, հիմնադրամի ֆինանսավորմամբ էր):
Ծաղկաձորյան բավական տարողունակ քննարկմանն ու ելքերի որոնման առումով նշանակություն ունեցավ նախագահ Սերժ Սարգսյանի անսպասելի այցը քննարկումների դահլիճ (նա այցելել էր «Բազեի» հավաքների բազա դարձած նախկին մարզական համալիրի շենք, որտեղ եւ քննարկումն էր): Նախագահը մոտ 25 րոպե պարզ զրույց ունեցավ գիտնականների հետ` նախ հավաքվածներին հիշեցնելով այն պայմանավորվածության մասին, որ նախագահականում մոտ օրերս հանդիպելու են նախաձեռնողների հետ եւ այդ հանդիպմանն արդեն ուզում է առաջարկների տեսքով տեղյակ լինել պրոբլեմներին:
Երբ նախագահին պատմեցին քննարկումների նյութի մասին, նա նկատեց. «Ես կարծում եմ` ավելի առարկայական քննարկումներ պետք է ունենաք, ավելի ճիշտ ճանապարհով պետք է գնաք: Միգուցե ճիշտ կլինի` ֆինանսների կառավարման մեջ փորձեք մտնել, փորձեք տեսնել` էդ միջոցներն արդյո՞ք արդյունավետ են ծախսվում, թե չէ: Ճիշտ կլինի մինչեւ այդ հանդիպումը, որպես երիտասարդ շահագրգռված գիտնականներ, գոնե ակադեմիական համակարգի համար փորձեք տեսնել` անհրաժեշտություն կա արդյո՞ք այդքան հաստատությունների, եւ այդ հաստատություններն աշխատո՞ւմ են ամբողջովին, թե՞ հաստատություններ կան, որ ուղղակի թղթի վրա են: Ու հետո նոր կխոսենք փող ավելացնելուց»: Նա խոստացավ հիմնադրամ ստեղծել երիտասարդ գիտնականների համար. «Դուք այդ ֆոնդը կկառավարեք` դրանով ուրիշներին օրինակ ցույց տալով: Երբ լավ կկառավարեք` էն ժամանակ ֆոնդն էլ կավելացնենք, ձեր կառավարման շրջանակներն էլ կավելացնենք»:
Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանը նկատեց, թե նախագահը ունի պահուստային միջոցներ, եւ եթե նա իր կողմից ներդրում անի, թեկուզ փոքր գումարով, դա երիտասարդության հանդեպ վերաբերմունքի հարց կլինի: Այնուհետեւ Ա. Միքայելյանը խոսեց գիտության հանդեպ հարգանքի մթնոլորտի ստեղծման, հասարակության ներսում պատկերացումները փոխելու անհրաժեշտության մասին, որին ի պատասխան նախագահ Սարգսյանն ասաց. «Ճիշտն ասած` մեր պետության մեջ էդպիսի շեղում մտել է` երբեք իշխանությունները չեն փորձել ճիշտ մարդու հերոսի կերպար ձեւավորել, որպեսզի մնացածները, երեխաները կարողանան ընդօրինակել: Յուրաքանչյուր իշխանության համար դա պետք է պարտադիր պայման լինի` չենք արել: Բայց դա միայն իշխանությունների մեղքը չէ, դա կոնկրետ խավի, կոնկրետ կատեգորիայի մեղքն է»:
Մի խոսքով` ֆեյսբուքյան նախաձեռնությունը, փաստորեն, առարկայական հաջողություն կարող է արձանագրել, համենայն դեպս ծաղկաձորյան քննարկման ընթացքում, հոռետեսական բազմաթիվ ելույթներից զատ, նաեւ հույս էր երեւում` համատեղ ուժերով գոնե երիտասարդ գիտնականների խնդիրների լուծման ուղղությամբ: