«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#149, 2011-08-26 | #150, 2011-08-27 | #151, 2011-08-30


ՂԱՐԱԲԱՂՑԻՆԵՐԸ` ԱԶԳԱՅԻՆ ՓՈՔՐԱՄԱՍՆՈՒԹՅՈ՞ՒՆ

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հունիսի 23-ին նախագահներ Ալիեւի եւ Սարգսյանի հետ անհատական հանդիպմանը միտք էր հայտնել, որ տարածաշրջանում ստատուս քվոյի պահպանումն անընդունելի է եւ կողմերը պետք է խիզախ քայլեր ձեռնարկեն բանակցությունների միջոցով խաղաղ կարգավորման հասնելու համար: Ղարաբաղյան խնդրին առնչվող ադրբեջանական «Զերկալո» թերթի հարցին ի պատասխան նախ իր նախագահի խոսքն է հիշեցրել Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մեթյու Բրայզան, ընդ որում, հարցազրույցի համար ընտրված պահը ենթադրել է տալիս, որ Բրայզան պետք է որ ասելիք ունենար:

Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի խոսքերովՙ Օբաման նույն այդ անհատական հանդիպմանն ընդգծել է, թե «Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները, նախկինի պես, դեռեւս կարող չեն ավարտելու հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքների համաձայնեցումը, այդ իսկ պատճառով էլ խնդիրը մնում է ոչ կառուցողական ու վտանգավոր իրավիճակում»: Բրայզայի փոխանցմամբՙ Օբաման հունիսի 23-ին նաեւ մտահոգություն է հայտնել շփման գծում լարվածության մեծացման առնչությամբ, առաջարկելով «խնդրի լուծման առավել խիզախ քայլեր ձեռնարկել»:

ԱՄՆ աջակցությունը հայտնելով հակամարտության կարգավորման լուծման ուղղությամբ տարվող ջանքերին` ԵԱՀԿ Մինսկի խմբում ԱՄՆ-ը ներկայացնող նախկին համանախագահ Բրայզան, հիշեցնելով, որ Մինսկի խումբը աջակցում է հիմնարար սկզբունքների համաձայնեցմանը, ենթադրություն է հայտնել. «Հակամարտության լուծումը կողմերից փոխզիջումներ կպահանջի»:

«Մադրիդյան փաթեթը հիմնարար է: Այն բովանդակում է Լեռնային Ղարաբաղում հակամարտության կարգավորմանը նպաստող բոլոր անհրաժեշտ հիմնարար սկզբունքները», նշել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը, հիշեցնելով, որ մադրիդյան սկզբունքների հիմքը նույն հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքներն են «պետությունների տարածքային ամբողջականության հետ կապված խնդիրներում ուժի չկիրառման եւ ազգային փոքրամասնությունների ինքնորոշման իրավունքների մասին»:

Վերջին միտքը թերեւս հերթական անգամ կարող է առիթ դառնալ Բրայզայի համար վերադառնալու իր իսկ կողմից բազմիցս կիրառված արատավոր պրակտիկային, երբ ասում էր մի բան, ապա հերքումՙ պարզաբանելով, թե իբր իրեն ճիշտ չեն հասկացել: Խնդիրն այն է, որ «ազգային փոքրամասնություն» տերմինն օգտագործելու պարագայում մադրիդյան սկզբունքներին քաջատեղյակ Բրայզան շատ ազատորեն է մեկնաբանում հելսինկյան եզրափակիչ ակտն ու նույն մադրիդյան սկզբունքները, քանի որ ժողովուրդների ինքնորոշման իրավունքը փորձում է նույնացնել ազգային փոքրամասնությունների իրավունքների հետ այն դեպքում, երբ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը մաս չէ Ադրբեջանի, հետեւաբար` նաեւ չի կարող կոչվել ազգային փոքրամասնություն: Իսկ որ Բրայզան չի հիշեցրել նաեւ ուժի սպառնալիքի չկիրառման մասին որպես ուժի չկիրառման սկզբունքի մաս, թերեւս վկայում է ադրբեջանամետ ամերիկացի դիվանագետի դիրքորոշման, այլ ոչ թե հելսինկյան սկզբունքներին չտիրապետելու մասին:

Ամեն դեպքում, որպես Մինսկի խմբի համանախագահ, լավատեսության ժպիտներ շռայլող Բրայզան Ադրբեջանում կորցրել է լավը տեսնելու «պրոֆեսիոնալ դիվանագետի» ունակությունը: Նա կարծիք է հայտնել, թե տարիներ շարունակ ընթացող գործընթացը, «ինչպես երեւում է, այսօր ոչ մի դրական արդյունք չի տվել»: «Կողմերը միմյանց չեն վստահում, զիջումների ու փոխզիջումների չեն գնում, ինչով էլ խորացնում են խնդիրը», ասել է Բրայզանՙ հավելելով, որ եթե մոտակա ապագայում այդ հարցը չլուծվի, «այն կարող է երկարաձգվել ավելի երկար ժամանակով»:

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4