«Հակառակ գոյություն ունեցող քաղաքական, տնտեսական եւ ռազմական արդարացի մտահոգություններին, Իսրայելը չպետք է անտեսի այլ ժողովուրդների տառապանքները, թեկուզ այն պատճառով, որ ինքն էլ է արժանացել նույն ճակատագրին», նշել է Երուսաղեմում գործող «Հոլոքոսթի եւ ցեղասպանության ինստիտուտի» երկարամյա տնօրեն Իսրայել Չառնին «Անգլոֆայլին» տված հարցազրույցի ժամանակ:
Ըստ «Հաարեցի», հրեա ցեղասպանագետը մտահոգված է, որ թուրք-իսրայելական հարաբերությունները կարգավորելուն միտված ներկայիս գործադրվող ջանքերը կարող են խոչընդոտել հայերի ցեղասպանության պաշտոնական ճանաչման գործընթացին, որի համար նա պայքարում է երկար տարիներ:
«Հաշտեցումը պետք է լինի, իմ կարծիքով, բայց ոչ ի հաշիվ հայերի ցեղասպանությունը ժխտելուն», նշել է նա: Ցեղասպանության ճանաչման հարցը առաջնահերթություն էր ստացել անցյալ տարվա Գազայի մոտ տեղի ունեցած ռազմանավային իրադարձություններից հետո, բայց վերջերս թուրք-իսրայելական հարաբերությունների կարգավորման ջանքերի հետեւանքով կարծես կորցրել է իր այժմեականությունը:
«Հաարեցի» լրագրող Ռաֆայել Ահրենը խոստովանում է, որ ցեղասպանության ճանաչմանն ի սպաս դրված ջանքերում անգնահատելի ներդրում ունի պրոֆ. Չառնին, որը ժամանակին հիմնադիրներից է եղել «Ցեղասպանագետների միջազգային ասոցիացիայի», որը նախագահել է երկար տարիներ:
«Պրոֆ. Չառնին առաջինն է գուցե, որ գիտնականների, մարդկանց առաջ բացեց համեմատական ցեղասպանագիտության դռները: Դա ուսումնասիրությունների այն ոլորտն էր, որը Հոլոքոսթի տեսածիրից դուրս հաշվի էր առնում նաեւ այլ ժողովուրդների դժբախտությունները», ասել է Երուսաղեմի «Հոլոքոսթի եւ ցեղասպանության ինստիտուտի» լրատվական ծառայության տնօրեն նյույորքցի Մարկ Շերմանը:
Մասնագիտությամբ կլինիկական հոգեբան Չառնին ցեղասպանագիտությամբ սկսել է զբաղվել 1960-ական թվերից, երբ ամերիկյան լավագույն կրթօջախներն ավարտելուց հետո դիմել է «Յադ վաշեմին», խնդրելով օգնել գտնելու Հոլոքոսթի հոգեբանական վերլուծության մասին գրքեր: Երբ տեղեկացել է, որ այդպիսի գրքեր չկան, ինքն է սկսել զբաղվել այդ թեմայով: Գրել է եւ խմբագրել ավելի քան մեկ տասնյակ հատորներ, որոնցից երեքը արժանացել են «Ամերիկյան գրադարանների ասոցիացիայի տարվա աչքի ընկնող գիրքը» մրցանակի:
Օգոստոսի սկզբներին Երուսաղեմում եբրայերենով լույս տեսած նրա վերջին գիրքը վերնագրված էՙ «Դու պետք է ոչնչացնես քո մեջ գտնվող չարին»:
Հ. Ծ.