«Իրավունքի եւ հանրային քաղաքականության հանդեսի» 5-րդ տարվա 1-ին համարում տպագրվել է «Զորյան ինստիտուտի» (Կանադա) ցեղասպանության ուսումնասիրությունների բաժնի տնօրեն, պրոֆ. Վահագն Տատրյանի «Հայերի ցեղասպանությունը քննարկված պատմական, քաղաքական եւ իրավական կողմերից» խորագրով նոր ուսումնասիրությունը:
Հանդեսի 60 էջերը զբաղեցնող (ներառյալ 118 ծանոթագրությունները) ծավալուն ուսումնասիրությունը հիմնված է օսմանյան եւ թուրքական պաշտոնական աղբյուրների, այդ թվում նաեւ «Թաքվիմ-ի վեքայի»ՙ օսմանյան խորհրդարանի իրավական օրգանի հրապարակումների վրա, որոնցում ցեղասպանությունը գործադրողների զինվորական տրիբունալների դատական գործընթացներն են փաստագրված: Հարգարժան հեղինակը օգտվել է նաեւ Առաջին համաշխարհայինի ժամանակ Թուրքիայի դաշնակիցներիՙ կայզերական Գերմանիայի եւ Ավստրո-Հունգարիայի պաշտոնական արխիվներից, ինչպես նաեւ թուրք ժամանակակից հեղինակների գործերից:
«Լեզուների եւ աղբյուրների բացառիկ իմացությունը Տատրյանին դարձնում է անգերազանցելի մասնագետ, որը բծախնդրությամբ կարող է թեմային առնչվող հարցերը քննարկել, վերլուծել եւ եզրակացությունների հանգել», նշել է «Զորյան ինստիտուտի» նախագահ Գ. Մ. Գրեգ (Գուրգեն) Սարգիսյանը :
Տատրյանի համոզմամբՙ պատերազմները, հատկապես գլոբալ բնույթի պատերազմները հրաշալի առիթ են պատեհապաշտ, հանցավոր նպատակներ հետապնդող խմբակցությունների զինվորական կադրերի համար, որ աչքի ընկնող դիրքեր գրավեն եւ բռնություններ գործի դնեն: Այդ բռնությունների օրինականացմանը նպաստում են իշխանությունները, որոնք թիրախ դարձած զոհերին բնութագրում են «ներքին թշնամիներ»: Հատկանշական է, որ անցյալ դարում իրագործված երկուՙ հայերի եւ հրեաների ցեղասպանությունները կատարվել են երկու համաշխարհային պատերազմների օրերին:
Մյուս հատկանշական երեւույթը, ըստ Տատրյանի, տնտեսական-նյութական միջոցների անընդհատ հոսքն է զոհերից դեպի հանցագործները: Վերջիններս ֆիզիկապես ոչնչացնելով թիրախ դարձած բնակչությանը, տիրանում են նրա հարստությանը եւ դրանով վերակազմավորում իրենց շարքերը:
Ուսումնասիրությունն ավարտվում է Արիստոտելի իմաստալից խոսքերով. «Օրենքից եւ արդարությունից կտրված մարդն ամենավայրենին է կենդանիների մեջ»:
Հ. Ծ.