«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#149, 2011-08-26 | #150, 2011-08-27 | #151, 2011-08-30


ՀԱՂԱՐԾՆԻ ՎԱՆՔԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄԸ

Առանց բազմակողմանի ուսումնասիրության դեռեւս չի կարելի ճանաչել հայոց ճարտարապետության խմորումների զանազան աստիճանները եւ վճիռ կայացնել անոր ոճերուն վրա:

Թորոս Թորամանյան

Առավել եւս չի կարելի առանց բազմակողմանի ուսումնասիրության մասնագիտական խնդիրներում հապճեպ, ոչ մասնագիտական կարծիքներ հայտնել վերականգնվող ճատարապետական կառույցի ընթացքային խնդիրների վերաբերյալ եւ լուսաբանել դրանք:

Խնդրին բավարար պատասխան ունենալու համար դարերում իրականացված բազմաթիվ վերականգնումների եւ շինարարական շրջանների մեջ վերականգնողը պետք է խորասուզվի ծովացող խնդիրների առջեւ, գտնի ու լիազորված մարմնի գիտամեթոդական խորհրդի առջեւ դնի կառույցի կյանքի ամբողջ պատմությունը եւ ներկայացնի վերականգնման հիմնական ճշմարիտ լուծումը եւ ստանա խորհրդի կարող գիտակ մասնագետների հավաքական կարծիքը վերականգման նախագծի վերաբերյալ:

Դարերի ընթացքում պատմության մշակութային արժեքները բազմաթիվ վերականգնումներ են իրենց վրա կրել, փոփոխվել են ճարտարապետական ծավալատարածական լուծումները, ճարտարապետական ձեւերը, այնպիսի վաղ միջնադարյան կառույցների, ինչպիսիք են` Մայր տաճար, Տեկորի, Օձունի տաճարներ եւ ճարտարապետական այլ գլուխգործոցներ, որոնց նախնական կերպարների վերաբերյալ գիտնականները նախնական տեսքի իրենց տարբերակներն են առաջարկում:

Իհարկե հենց այս վերականգնումներն են, որ ապրեցրել եւ եկարատեւ կյանք են ընձեռնել կառույցներին ու հազարամյակներ պահել եւ մեզ են փոխանցել այդ արժեքները` հիանալու նրանցով եւ հպարտանալու մեր մշակույթով: Վերականգնողների խնդիրն է եղել անմար պահելու մշակույթի կանթեղը , այսօր այդ կանթեղը մեզ է փոխանցված:

Վերականգնումը արվեստ է, կարեւոր մշակութային բնագավառ: Առավել զարգացնելու եւ հարստացնելու համար բնագավառը Հայաստանի Հանրապետությունը Մշակութային արժեքների պահպանման եւ վերականգնման բնագավառում այժմ համագործակցում է մի շարք երկրների եւ միջազգային կազմակերպություննեի հետ, ուսումնասիրում նրանց վերականգնողական գիտական եւ աշխատանքային փորձը:

Հաղարծնի վանքային համալիրի պատմական եւ մշակութային արժեքի մասին շատ է խոսվել, բայց երբեք չի խոսվել թե ինչ ավերակ վիճակում են հայտնվել վանքի կառույցները անցած դարասկզբին եւ վերջին հարյուրամյակի ընթացքում ինչ վերականգնողական աշխատանքներ են կատարվել նրա վրա:

Հաղարծնի վանքային համալիրը իր վրա կրում է դարերի ընթացիկ վերականգնումները: Քսաներորդ դարի վերականգնողական աշխատանքները վերաբերում են առաջինը համայնավարության 50-ական թվականներին, երբ հուշարձանը պահպանելու նպատակով, տանիքածածկերը թիթեղապատվել ենՙ ջրերի ներթափանցումը հուշարձանի ներսը կանխելու համար: Երկրորդը 60-ական թվականների վերջին եւ 70-ականների սկզբին է կատարվել: Վանքային համալիրի մի քանի կառույցներ մասնակի վերականգնվել են (շատ ճարտարապետական լուծումներ տրվել են ոչ ճիշտ), մի քանի շինությունների տանիքածածկերը իրականացվել են քարե ծածկասալերով: Սխալ նորոգումներն էլ իրենց պատճառներն են ունեցել: Տարածքները ամբողջապես չեն պեղվել եւ մաքրվել, բոլոր փլատակները հիմնավոր ուսումնասիրության չեն ենթարկվել, պատճառը ֆինանսներն են, որ միշտ էլ բավարար չեն եղել:

Աննախադեպ են Հաղարծնի վանքային համալիրում ներկայիս իրականացվող վերականգնողական աշխատանքները:

Հայաստանում համայնավարական տարիներին եւ ոչ էլ հիմա չկա գեթ մեկ վանքային համալիր, որը իր բոլոր կառույցներով ամբողջական վերականգնման ենթարկվի:

Այդ բախտը ընձեռնվել է Հաղարծնի վանքային համալիրին:

Մեր հասարակության համար կորած է վանք հասկացողությունը: Մեկ հարյուրամյակ էր հարկավոր, որ մենք կորցնեինք մեր հոգեւոր կառույցների մասին հասկացողությունները: Չէ որ դրանք մշակութային կենտրոններ են եղել, այնտեղ եղել է հոգեւոր կյանք, ուր ծնվել եւ զարգացել են մշակույթի շատ ճյուղեր: Մեզ շատերիս համար էլ այժմ կոմունիստական հասարակարգից մնացել է, որ վանքերը զբոսաշրջության եւ զվարճանքի վայրեր են:

Բայց այլ է, երբ մենք ասում ենք, թե վանք ենք վերականգնում, մենք վերականգնում ենք վանքի գործունեությունը եւ հոգեւոր կայնքը վանքի տարածքում: Այդ առումով վերականգնվում են վանքի կյանքին անհրաժեշտ բոլոր ֆունկցիոնալ կառույցները:

Վանքի վերականգնման աշխատանքները սկսվել են դեռեւս 2006թ-ից սկսած, երբ մի շարք ատյաններում երկարատեւ փոխհամաձայնությունների արդյունքում հաստատվեց Վանքի վերականգնման ծրագիրը: Այնուհետեւ հաստատվեց նախագծային առաջադրանքը:

Հաղարծնի վանքային համալիրի հիմնական բոլոր կառույցների համար կատարվեցին ուսումնասիրական, չափագրական եւ նախագծային աշխատանքներ: Ուսումնասիրվեցին բոլոր արխիվային նյութերը` չափագրություններ, լուսանկարներ, նախագծեր, որոնց արդյունքում հաստատման ներկայացվեց վերականգնման էսքիզային նախագիծը, որը նախատեսում էր վանքի հիմնական կառույցների վերականգնումը 13-րդ դարում իրականացված իրենց նախկին տեսքով: Նախագծի էսքիզային փուլը մի քանի անգամ քննարկվել է Մշակույթի նախարարության գիտա-մեթոդական խորհրդում եւ միայն հավանության արժանանալուց հետո իրականացվել է նախագծի աշխատանքային փուլը: Մայր աթոռ Սուրբ Էջմիածինը ամենանախանձախնդիրն է ճշգրիտ վերականգնողական աշխատանքներ իրականացնելու առումով: Չէ որ այսօր արդեն մշակութային համաշխարհային գանձարան մտած հայկական հուշարձանները Հայ առաքելական եկեղեցու առաջնորդների եւ հոգեւորական արվեստագետների մտքի ու ճաշակի արդյունք են: Եվ այդ գանձերի պահպանությունը 1700 տարի իրականացվում է Հայ առաքելական եկեղեցու կողմից:

Այսպիսով Հաղարծնի վանքի վերականգնողական աշխատանքները սկսվեցին բոլոր ուսումնասիրական, հետազոտական ու նախագծային փուլերն անցնելուց եւ վերականգնման հիմնական լուծումները հաստատվելուց հետո 2008-ին: Վերականգնման աշխատանքների ընթացքին պարտադիր կարգով եւ հետեւողական իրենց մասնակցությունն են բերել նախագծի հեղինակը, Մայր աթոռ Սուրբ էջմիածնի ճարտարապետական բաժինը: Իրենց մասնակցությունը եւ հսկողությունն են իրականացրել ՀՀ մշակույթի նախարարության հուշարձանների պահպանության գործակալությունը, հնագիտության եւ ազգագրության ինստիտուտը, հասարակական կազմակերպություններ` ազգային խորհուրդը, ճարտարապետների միությունը, Պատմական հուշարձանների վերականգնող ճարտարապետների ասոցիացիան: Արտագնա նիստերով եւ մոնիտորինգներով մասնագետները հայտնել են իրենց դրական կարծիքները վերականգնողական աշխատանքների որակի վերաբերյալ:

Վերականգնման աշխատանքները միշտ էլ լի են անակնկալներով: Նման անակնկալ մատուցեց նաեւ Հաղարծնի վանքային համալիրը: Տարածքի փլատակների մաքրման ժամանակ հայտանաբերվեցին եկեղեցու 13-րդ դարի պատկան բեկորները, գտնվեցին դիմաքանդակներ, Սուրբ Աստվածածին եկեղեցու հատակի վերականգնողական աշխատանքների ընթացքում բացվեց բավականին մեծ հոր, որի պատը շարված էր կոպտատաշ քարերով: Նորահայտ հորի ուսումնասիրության համար կազմվեց հանձնախումբ համապատասխան մասնագետներով, ուսումնասիրությունները կատարվեցին եւ տրվեց եզրակացություն:

Այժմ ենթադրվում է, որ սա այն հորն է, որի միջից տասնյակ տարիներ առաջ գտնվել էր Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում պահպանվող մյուռոնի օրհնության կաթսան: Վանքի տարածքից գտնված իրերը մեկ-առ մեկ հաշվառված եւ գրանցված են նախապես կազմված հանձնախմբի կողմից եւ բոլոր գտածոները կցուցադրվեն տեղում կամ Մայր աթոռի թանգարաններում:

Վերջին քսան տարիների ընթացքում ոչ մի վերականգնվող հուշարձան վերականգնման եւ աշխատանքային փուլի նման հսկողության չի արժանացել տարբեր կազմակերպությունների կողմից, ինչպիսին եղել է Հաղարծնի վանքի վերականգնողական աշխատանքների ընթացքում: Արդյունքում փայլուն կերպով ավարտին են մոտենում վերակնգնողական աշխատանքները: Ոչ մասնագետ եւ արկածախնդիր լրագրողներ չեն կարող նսեմացնել տարիների կատարված այդ աշխատանքը: Բազմաթիվ ոչ մասնագիտական մոտեցումներով, լրատվությամբ չփորձենք ստվեր գցել կատարված աշխատանքի վրա:

Այլ եկեք մեր գոհունակությունը եւ շնորհակալական խոսքը ասենք` Հայաստանի Հանրապետության իշխանություններին, Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսին, հովանավորին եւ բոլոր մասնակիցներին:

Թող, որ նման հնարավորություն ընձեռնվի մեր բոլոր վանքերին եւ պատմամշակութային հուշարձաններին:

ՄԵՐԻ ԴԱՆԻԵԼՅԱՆ, Վերականգնող ճարտարապետ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4