«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#150, 2011-08-27 | #151, 2011-08-30 | #152, 2011-08-31


ԱՐՑԱԽԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՀԱՄԱՆԵՐՄԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ

ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, Ստեփանակերտ

Անկախության անցած ժամանակահատվածում ԼՂՀ խորհրդարանը համաներում հայտարարել է վեց անգամ: Համաներման վերջին որոշումը Ազգային ժողովն ընդունեց երեկ` ԼՂՀ հռչակման 20-ամյակի առթիվ:

Արցախի նախագահի կողմից տվյալ օրակարգով արտահերթ նստաշրջան հրավիրելու վերաբերյալ առաջարկություն ԱԺ-ն ստացել էր օգոստոսի 22-ին, որը սահմանված ժամկետում քննարկվելով պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում` ներկայացվել է խորհրդարանի քննարկմանը:

Համաներման նախագծի կառուցակարգն օրենսդրական մարմնում ներկայացրեց ԼՂՀ նախագահի աշխատակազմի պետաիրավական վարչության պետ Արայիկ Լազարյանը: Համաձայն նախագծի` առաջարկվում էր, մասնավորապես, պատժի կրումից ազատել ԼՂՀ դատարանների կողմից ազատազրկման հետ չկապված պատիժների, ինչպես նաեւ մինչեւ 3 տարի ժամկետով ազատազրկման դատապարտված անձանց, մինչեւ 5 տարի ժամկետով ազատազրկման դատապարտված 1-ին կամ 2-րդ կարգի հաշմանդամներին, մինչեւ 18 տարին լրանալը հանցագործություն կատարած անձանց, 60 տարին լրացած անձանց, Արցախյան պատերազմի մասնակիցներին եւ նրանց հավասարեցված անձանց, ԼՂՀ պաշտպանության համար զոհվածների հարազատներին, ինչպես նաեւ նրանց հավասարեցված անձանց եւ այն անձանց, որոնց նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել: Բացի դրանիցՙ առաջարկվում էր կարճել ներկայումս քննվող եւ հետագայում հարուցվող այն քրեական կամ դատական գործերը, որոնցով անձինք մեղադրվում են մինչեւ 2011թ. օգոստոսի 1-ը կատարած ոչ մեծ կամ միջին ծանրության հանցագործությունների համար: Պատժաչափի չկրած մասն առաջարկվում էր կրճատել որոշակի ժամկետներով, համապատասխանաբար ներառելով անզգուշությամբ հանցագործություն կատարած արցախյան պատերազմի մասնակիցներին, ԼՂՀ պաշտպանության համար զոհվածների հարազատներին ու դիտավորությամբ հանցագործություն կատարած այլ անձանց:

Համաներումը չի կիրառվի, մասնավորապես, ռեժիմի չարամիտ խախտումներ թույլ տված, նախկինում ներում կամ համաներում ստացած անձանց, հետախուզման մեջ գտնվող անձանց նկատմամբ (չնայած վերջիններիս համար որպես վերապահում` մինչեւ 2011թ. նոյեմբերի 1-ը սահմանվել է ներկայանալու ժամկետ, եւ որի դեպքում նրանք կարող են ենթարկվել համաներման), հանցագործությամբ պատճառված վնասը չհատուցած անձանց, ինչպես նաեւ մի շարք ծանր, առանձնապես ծանր, սահմանադրական կարգի եւ պետության անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների համար դատապարտված անձանց, առանձնապես վտանգավոր կրկնահանցագործների նկատմամբ:

Ազատազրկման մեջ գտնվող անձանց նկատմամբ համաներման կիրառման վերջնաժամկետ է սահմանվել մինչեւ այս տարվա դեկտեմբերի 1-ը: Ըստ Ա. Լազարյանի, համաներմամբ ազատ կարձակվի ԼՂՀ-ում ազատազրկման մեջ գտնվող անձանց մոտ մեկ քառորդը, պատժից կազատվեն ազատազրկման հետ չկապված պատիժների դատապարտված բոլոր անձինք:

Ստանալով խորհրդարանի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը, պատգամավորները համաձայնություն տվեցին նախագծին, որն ընդունվեց լրիվ տեսքով:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4