«Ազգ»-ի ընթերցողներին արդեն տեղեկացրել ենք, որ սփյուռքի նախարարությունը սեպտեմբերի 19-20-ը կազմակերպում է «Սփյուռքի կազմակերպությունների ներկայացուցիչների եւ համայնքների ղեկավարների» համահայկական համաժողով: Սփյուռքյան բոլոր կառույցներին ուղարկվել են հրավերներ եւ համաժողովում քննարկվելիք հարցերի մասին տեղեկություններ: Արդեն իսկ շուրջ 300 ներկայացուցիչներ տվել են իրենց մասնակցության համաձայնությունը: Ստացվում են առաջարկություններ ու լրացուցիչ տեղեկություններ սփյուռքի նախարարության համապատասխան վարչություններում:
Երեկ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց ԱՄՆ-ի եւ Կանադայի Թեքեյան մշակութային միության ներկայացուցիչներ, ՌԱԿ-ի համաատենապետներ Երվանդ Ազատյանին եւ Բաբկեն Մկրյանին, որոնք սիրահոժար ընդունել են սփյուռքի նախարարի հրավերը: Ի դեպ, Բաբկեն Մկրյանն այն բարերարներից է, որ Արցախին, Ջավախքին, Գյումրիին մեծ նվիրաբերումներ անելուց զատ, հովանավորեց սփյուռքի նախարարության նախաձեռնած եւ Հայաստանի շախմատի ակադեմիայի հետ կազմակերպած Երեւանում շախմատի միջազգային օլիմպիադայի պատշաճ անցկացումը: Հրանուշ Հակոբյանը մեկ անգամ եւս շնորհակալություն հայտնեց պրն Բաբկեն Մկրյանին ազգանվեր գործունեության եւ Հայաստան-սփյուռք կապերի ամրապնդման գործում ունեցած կարեւոր դերակատարման համար: Այնուհետեւ նախարարը Երվանդ Ազատյանի եւ Բաբկեն Մկրյանի հետ քննարկեց առաջիկա համաժողովի հետ կապված որոշ հարցեր, արվեցին առաջարկություններ համաժողովի օրակարգի շուրջը եւ նաեւ նախնական քննարկումների շուրջը: Հյուրերը ներկայացրին սփյուռքում ԹՄՄ-ի գործառույթներին, զարգացման ծրագրերն ու հատկապես հայապահպանության խնդրի շուրջը տարվող աշխատանքները: Հրանուշ Հակոբյանի առաջիկայում կատարելիք նոր, կարեւոր ծրագրի շուրջըՙ կապված ԱՄՆ-ում հայերի վիճակագրության, նրանց հստակ թվի, լեզվի ու գործունեությանը վերաբերող գործընթացում Երվանդ Ազատյանի կողմից արվեցին մի շարք կարեւոր առաջարկներ, որոնք նախարարի կողմից ընդունվեցին գոհունակությամբ: Նախարար Հրանուշ Հակոբյանը շնորհակալություն հայտնեց պատվավոր հյուրերին, նախարարության աշխատանքներին, ծրագրերին մշտապես աջակցելու եւ Հայաստան-սփյուռք կապերը էլ ավելի ամուր հիմքերի վրա դնելու կարեւոր գործում:
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ