Երեւան, 30 օգոստոսի, 2011թ.: Բենուա Շինը, որը ներկայումս զբաղեցնում է Ֆրանս Տելեկոմի բելգիական մասնաճյուղ Mobistar ընկերության գլխավոր տնօրենի պաշտոնը, 2011թ. սեպտեմբերի 1-ից կստանձնի Եվրոպայում (բացառությամբ Ֆրանսիայի) Ֆրանս Տելեկոմ-Orange խմբի գործադիր փոխնախագահի պաշտոնը: Այս պաշտոնում նա կղեկավարի Ֆրանս Տելեկոմ-Orange խմբի ծավալած գործունեությունը Հայաստանում, Ավստրիայում, Բելգիայում, Դոմինիկյան Հանրապետությունում, Լյուքսեմբուրգում, Մոլդովայում, Լեհաստանում, Ռումինիայում, Սլովակիայում, Իսպանիայում եւ Շվեյցարիայում, որտեղ ընկերությունը միասնական ցուցանիշներով 2010թ. վերջին ունեցել է ավելի քան 60 միլիոն հաճախորդ եւ 12.5 միլիարդ եվրո շահույթ:
Նշված պաշտոնում Բենուա Շինը կփոխարինի Օլաֆ Սուանտիին, որը 2011թ. սեպտեմբերի 1-ից ստանձնելու է Միացյալ Թագավորությունում Ֆրանս Տելեկոմի եւ Deutsche Telekom-ի համատեղ Everything Everywhere ընկերության գլխավոր տնօրենի պաշտոնը: Բենուա Շինն իր հետ բերում է նշանակալի փորձ հեռահաղորդակցության եւ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ինչպես սպառողական, այնպես էլ բիզնես շուկաներում: Նախքան Mobistar ընկերությունում աշխատելը Բենուա Շինն աշխատել է եվրոպական մի շարք երկրներում` Hewlett-Packard, Compaq, IBM Siemens-Nixdorf ընկերություններում:
Բելգիացի 45-ամյա Բենուա Շինը Նամուրի համալսարանի շրջանավարտ է: Նրան շնորհվել է համակարգչային տեխնոլոգիաների մագիստրոսի եւ տնտեսագիտության ու հասարակական գիտությունների բակալավրի կոչում: Բենուա Շինը 2008թ. հունվարից զբաղեցրել է Mobistar ընկերության գլխավոր տնօրենի պաշտոնը, իսկ մինչ այդ, դեռեւս 2005թ. համալրելով Mobistar ընկերության կազմը, զբաղեցրել է ընկերության կոմերցիոն տնօրենի պաշտոնը: