«Արմինյն միրոր սփեքթեյթր» շաբաթաթերթի փոխանցմամբ կանադահայ տաղանդավոր լուսանկարիչ Յուսուֆ (Հովսեփ) Քարշի արվեստով եւ նրա մարդկային հատկանիշների բացահայտման եզակի ունակությամբ հիանալու բացառիկ առիթ է ընձեռել Ամերիկայի Հայկական գրադարան-թանգարանի (ԱԼՄԱ) հոգաբարձուների վարչությունը, կազմակերպելով նախ գալա-հանդիսություն, որը տեղի կունենա սեպտեմբերի 16-ին «Ֆերմոնտ կոպլի պլազա Բոստոն» հյուրանոցի դահլիճումՙ կոկտեյլ-ճաշկերույթով պատվելու համար Քարշի այրունՙ Էստրելիտա Քարշին, ամուսնու լուսանկարներից մի ամբողջ հավաքածու թանգարանին նվիրելու առիթով եւ հաջորդ օրըՙ սեպտեմբերի 17-ին «Քարշ: Մարդկային հատկանիշների ոգեկոչումը» խորագրով ցուցահանդեսի բացումըՙ գրադարան-թանգարանի վերջերս ամբողջովին վերաձեւափոխված Պետուկյան պատկերասրահում:
Քարշը աշխարհով մեկ ճանաչված լուսանկարիչ է, որի լուսանկարչական ապարատի «ծառայություններից» օգտվել են բազմաթիվ նախագահներ, վարչապետներ, հոլիվուդյան աստղեր, գրողներ եւ երեւելի այլ անձնավորություններ: Նրանց թվում են եղել Ուինստոն Չերչիլը, Նիկիտա Խրուշչովը, Էլիզաբեթ Թեյլորը, Գրեյս Քելլին, Էռնեստ Հեմինգուեյը եւ Նորման Մեյլերը:
Հ. Ծ.