Նյու Մեքսիկոյի (ԱՄՆ-ի նահանգ) մայրաքաղաք Սանտա Ֆեյում մադրիդցի Ջոնսոններին պատկանող Գեղարվեստի «Մադրիդ» պատկերասրահում օգոստոսի 6-ին բացված կտավների խմբակային ցուցահանդեսում ներկայացվել է նաեւ հայազգի նկարիչ Ռիչարդ Թաշճյանի ջրաներկ կտավները, տեղեկացնում է «Արմինյն միրոր սփեքթեյթր» շաբաթաթերթը:
«Թաշճյանի ներկապնակը մաքուր է ու փխրուն, ինչպես Նյու Մեքսիկոյի օդը», գրում է թերթը: Հիմնականում նա կտավին է հանձնում ԱՄՆ-ի այդ նահանգի յուրօրինակ տեսարանները, «Դիսբլո կանյոնը» (Սատանայի կիրճը), «Ջեմեզ» լեռները, «Նամբեն» եւ այլն: Հատկանշական են մասնավորապես 1980-ականներին Հայաստանում նկարած երկու կտավները, որոնք հարազատ են դարձել իրեն, որովհետեւ նմանություններ է հայտնաբերել դրանց եւ իր ապրած նահանգի տեսարանների միջեւ: Դրանցից մեկը Արագածն է, որը նրան հիշեցրել է «Ջեմեզը», իսկ մյուսըՙ Հրազդան գետն ու նրա շրջակայքը, որը նման է Ռիո Գրանդեյի երկայնքին ձգվող «Էմբուդո վելարե» տարածքին:
Ցուցահանդեսը գործելու է մինչեւ սեպտեմբերի 6-ը:
Հ. Ծ.