«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#150, 2011-08-27 | #151, 2011-08-30 | #152, 2011-08-31


ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԸ ԿՅՈՒՐԱՑՆԵՆ ՇԱԽՄԱՏԻ ԳԱՂՏՆԻՔՆԵՐԸ

Կառավարության որոշմամբ նոր ուսումնական տարվանից Հայաստանի բոլոր հանրակրթական դպրոցներում դասավանդվելու է շախմատ առարկան: Այս առիթով երեկ շախմատի ակադեմիայում ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանն ու միջազգային գրոսմայստեր, շախմատի ակադեմիայի տնօրեն, շախմատի Հայաստանի ֆեդերացիայի փոխնախագահ Սմբատ Լպուտյանը հանդիպեցին լրագրողներին:

  Արմեն Աշոտյանը նշեց, որ դպրոցներում շախմատ դասավանդելու մտադրություն վաղուց կար: Վերջին տարիներին այս հարցի շուրջը բուռն քննարկումներ էին տեղի ունեցել, համապատասխան աշխատանքներ են կատարվել մանկավարժների, մասնագետների, հոգեբանների մասնակցությամբ: Կատարված հսկայածավալ աշխատանքի արդյունքում հնարավոր եղավ այս տարվանից շախմատի առարկան դասավանդել հանրապետության հանրակրթական բոլոր դպրոցներում: Այն դասավանդվելու է 2-րդ դասարանում եւ նախատեսված է 3 տարվա համար:

Ըստ նախարարի, արդեն հրատարակվել եւ դպրոցներին են բաժանվել «Շախմատ» դասագիրքը, «Շախմատի դասավանդման հոգեբանական ձեռնարկը», «Ուսուցչի ձեռնարկը» եւ «Գործնական վարժությունների ժողովածուն»: Մինչեւ ուսումնական տարվա սկիզբը բոլոր դպրոցները կապահովվեն դասավանդման համար անհրաժեշտ պարագաներովՙ շախմատի խաղասեղաններ, աթոռներ, ժամացույցներ, խաղատախտակներ, ցուցադրական խաղատախտակներ: Դպրոցների ղեկավարությանը խորհուրդ է տրվել առանձին սենյակ հատկացնել շախմատի դասավանդման համար:

Արմեն Աշոտյանը նաեւ նշեց, որ Հայաստանը կդառնա աշխարհում առաջին երկիրը, որտեղ հանրակրթական բոլոր դպրոցներում կդասավանդվի շախմատ առարկան: Շախմատին կտրամադրվի շաբաթական 2 ժամ, որից մեկ ժամը վերցվելու է ֆիզկուլտուրա առարկայից: Այս ծրագիրն իրականացվելու է նաեւ Արցախի խոշոր դպրոցներից մեկում, որում գործում է 5 հատ 2-րդ դասարան:

Նախարարի համոզմամբ, շախմատի դասավանդումը դպրոցներում հնարավորություն կընձեռի զարգացնելու աշակերտների տրամաբանությունը, մտավոր կարողությունները, կձեւավորի արդարամտություն եւ կկատարելագործի անհատի բնավորության լավագույն գծերըՙ կամքի ուժը, վճռականությունը, սառնասրտությունը, համբերությունը, կարգապահությունը, հաղթանակի ձգտելու կամքը, օբյեկտիվությունը: Մյուս կողմից ի հայտ կբերի պատանի նոր շախմատիստների, որոնք հետագայում իրենց վարպետությունը կկատարելագործեն շախմատի ակադեմիայում:

  Սմբատ Լպուտյանն անդրադարձավ առարկայի դասավանդման համար մասնագետների պատրաստման հարցին: Նա ուրախությամբ նշեց, որ այսօր հանրապետության բոլոր հանրակրթական դպրոցներն ապահովված են շախմատի համապատասխան մասնագետներով, որոնք հատուկ դասընթացներ են անցել, վերապատրաստվել են ու քննություն հանձնելով, իրավունք են ստացել դասավանդելու առարկան: Ընդհանուր առմամբ 1219 մասնագետ է պատրաստվել, որից 621-ը դպրոցների տարբեր առարկաների ուսուցիչներ են: Ըստ անվանի գրոսմայստերի, 5 տարեկանից երեխան արդեն լավ ընկալում է շախմատի խաղի կանոնները: Այնպես որ 2-րդ դասարանցու համար դժվար չի լինի շախմատի առարկան ընկալելը: Սմբատ Լպուտյանը հավատում է, որ այս հիանալի նախաձեռնությունը մեծ օգուտ կտա երեխաների մտավոր ունակությունների զարգացմանը եւ տարիներ անց կտա իր դրական պտուղները:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4