ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ
Սեպտեմբերի 1: Այդ օրվան սրտի թրթիռով են սպասել առաջին անգամ դպրոց ոտք դնող, ինչպես նաեւ բոլոր դպրոցականները, ուսանողները, մանկավարժները: Յուրաքանչյուրը նոր սպասելիքներ ունի ուսումնական տարուց: Վաղ առավոտից քաղաքը նմանվել էր մեղվի փեթակի: Ամենուր գեղեցիկ հագնված, կոկիկ, ծաղկեփնջերը ձեռքներին կարելի էր տեսնել դպրոցականների, որոնք հարազատ դպրոցին կարոտած, շտապում էին, որ րոպե առաջ մտնեն հարազատ դարձած օջախ:
Նույն ուրախ եռուզեռն էր տիրում նաեւ Մալաթիա-Սեբաստիա վարչական տարածքում գտնվող Վահան Թեքեյանի անվան կրթօջախում: Հուզված էին եւ փոքրիկները, եւ ծնողները, եւ մանկավարժները: Ուսումնական տարին ազդարարվեց բացված հանրապետության հիմնով եւ համայնքի Ս. Մարիամ Աստվածածին եկեղեցու հոգեւոր հովիվ տեր Տիրան քահանա Առուշանյանի տերունական աղոթքով ու բարեմաղթանքի խոսքով: Տոնի առթիվ ներկաներին շնորհավորեցին ու հետագա հաջողություններ, գիտելիքների մեծ պաշարի կուտակում ու երկրի արժանավոր զավակ լինելու մաղթանքներ հղեցին կրթօջախի տնօրեն Անահիտ Խալաթյանը, փոխտնօրեն Մարիամ Խաչատրյանը, ծնողներ, դպրոցի սաներ: Քիչ անց տկն Խաչատրյանը ընթերցեց հայ ուսուցչի երդումը եւ կրթօջախի ողջ մանկավարժական խորհուրդը երդվեց բարձր պահել ուսուցչի վեհ կոչումը եւ մատաղ սերնդին դաստիարակել որպես մեր պետության համար արժանի ու պետքական քաղաքացի, նաեւ բարձր պահել թեքեյանցի լինելու պատիվը:
Տոնական օրը թեքեյանցիների հետ ուրախությունը կիսելու էր եկել նաեւ ԱՄՆ-ի եւ Կանադայի ԹՄՄ կենտրոնական վարչության պատասխանատու Բաբկեն Մկրյանը: «Սրտանց շնորհավորում եմ բոլորիդ այս կարեւոր տոնի առիթով: Շնորհակալ եմ տնօրեն Անահիտ Խալաթյանից, որ ստեղծեց նման առիթ: Շատ զգացված եմ, որովհետեւ առաջին անգամն եմ մասնակցում նման տոնակատարության: Շատ տպավորված եմ այս հանդիսությունից: Ամերիկայում նման տոն չկա եւ այս կերպ չեն նշում ուսումնական տարին: ԱՄՆ-ի ԹՄՄ կենտրոնական վարչության անունից շնորհավորում եմ բոլորիդ եւ հատկապես այս անուշիկներին, որոնք առաջին անգամ ոտք են դնում հայոց դպրոց, դառնալու են հայ լեզվի ու մշակույթի կրողները: Բերելով ձեր հասակակիցների ողջույնն հազարավոր կմ հեռվից, մաղթում եմ, որ դուք բարձր պահեք մեծ բանաստեղծ Վահան Թեքեյանի անունը, սովորելով այս հարկի տակ, եւ մի օր դառնաք բանաստեղծ, գիտնական, բժիշկ, մանկավարժ, զինվորական: Բարեբեր ուսումնական տարի եմ մաղթում բոլորիդ», եզրափակեց պրն. Մկրյանը:
Կրթօջախին տոնի առիթով շնորհավորական ուղերձներ էին հղել Մալաթիա-Սեբաստիա վարչական տարածքի ղեկավար Դավիթ Օհանյանը եւ ԱԺ պատգամավորներ Սամվել Ալեքսանյանն ու Կորյուն Նահապետյանը: Ուղերձները ընթերցեց ու բարի երթ մաղթեց համայնքի ընդհանուր բաժնի պետ տկն. Շահվերդյանը , որի զավակները նույնպես սովորում են Թեքեյան կրթօջախում: Գիտելիքի օրվա առթիվ ՀՀ պաշտպանության նախարարի ողջույնի ուղերձը փոխանցեց Ռազմական ավիացիայի ինստիտուտի ավտոմատ կառավարման համակարգերի ամբիոնի պետ, փոխգնդապետ Նվեր Դավթյանը:
Կրթօջախի «երգի դեսպան», միջ. մրցույթներում մրցանակի արժանացած 11-ամյա Ալբերտ Ասատրյանի եւ «Աստղիկներ» պարախմբի ելույթներից հետո հնչեց ուսումնական տարվա առաջին զանգը եւ հենց այդ զիլ հնչյունների ներքո կրթօջախ մտան 500 թեքեյանցիներ, որոնցից 50-ըՙ առաջին անգամ: Քիչ անց փոխտնօրենի ուղեկցությամբ Բաբկեն Մկրյանը շրջեց դպրոցում, մտավ Հակոբ Պողոսյանի անվ. դասարան ու կրկին բարեմաղթանքներ հղեց բարձր դասարանցիներին: Այնուհետեւ պրն Մկրյանը հետաքրքրվեց դպրոցի առօրյայով եւ տեղեկացավ, որ համայնքի միակ դպրոցն է, որ դեռեւս չունի ջեռուցում: Թեքեյանցիներին հրաժեշտ տալուց առաջ պրն Մկրյանը կրթօջախի մուտքի մոտ, Վ. Թեքեյանի արձանին ծաղիկներ դրեց:
Թեքեյանի անունը կրող մյուսՙ Գյումրիի, Ստեփանավանի, Կարպիի եւ Բերձորի կրթօջախներում նմանատիպ միջոցառումներով երեկ ազդարարվեց ուսումնական տարվա սկիզբը եւ հնչեց մեծ բանաստեղծ Վ. Թեքեյանի խոսքերըՙ «Կը սիրեմ քեզ, հայ լեզու, մրգաստանի մը նման...» :