Իսկ Մարգար Օհանյանի գործը քննության փուլում է
Պաշտոնեական դիրքը չարաշահելու եւ գույքի առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու կասկածանքով ձերբակալված ճանապարհային ոստիկանության ծառայության պետ, ոստիկանության գնդապետ Մարգար Օհանյանի գործի առնչությամբ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը երեկ լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց, որ գտնվում է քննության փուլում, եւ ինքը որեւէ կանխատեսում չի ցանկանում անել: Նա նշեց, որ իր եւ Մարգար Օհանյանի հարաբերությունները եղել են «ամենամարդկային, ամենաջերմ, ընկերական», բայց միաժամանակ նշեց, որ շատ ամոթալի երեւույթ է տեղի ունեցել: Ըստ ոստիկանապետիՙ բենզինի յուրացման հետ կապված մինչ այժմ որեւէ ահազանգ չի եղել, այլապես ինքը ավելի վաղ դրան կարձագանքեր: Իսկ հարցին, թե Նոր Նորքի ոստիկանապետըՙ Մարգար Օհանյանի եղբայրը, կշարունակի՞ աշխատել, Ալիկ Սարգսյանը պատասխանեց. «Ես նրան չեմ հորդորել, չեմ պահանջել որեւէ դիմում գրել, նա շարունակում է պաշտոնավարել»:
Ինչ վերաբերում է այն հարցին, թե ով կլինի Ճանապարհային ոստիկանության նոր պետը, Ալիկ Սարգսյանը հայտնեց, որ այս պահին 8-10 թեկնածուների անձնական գործերը մանրակրկիտ ուսումնասիրվում են, եւ հաշված օրերի ընթացքում կորոշվի, թե ով կլինի այդ պաշտոնում: «Ճանապարհային ոստիկանությունը կլինի իմ անմիջական հսկողության տակ: Իսկ պետն այսուհետեւ այլ ստատուսով հանդես կգա` մշտապես համազգեստով, մշտապես ծառայության կողքին եւ ուղղակի կզբաղվի ճանապարհային ոստիկանության ծառայության որակի բարձրացման գործով», խոստացավ ոստիկանապետը:
Ալիկ Սարգսյանը հայտնեց, որ Ճանապարհային ոստիկանությունը եւ պահակապարեկային ծառայությունը կմիավորվեն եւ կվերանվանվեն պարեկային ծառայություն: Այդ միավորման հետեւանքով Ճանապարհային ոստիկանությունից դուրս կմնան 300-350 մարդ: Խոսելով նրանց հետագա ճակատագրի մասին, ոստիկանապետն ասաց. «Նրանց դուրս չենք հանելու համակարգից: Այս պահին մոտավորապես 40-50 մարդ Ճանապարհային ոստիկանությունից տեղափոխվում են: Բայց ես նրանց մի մասին ուղարկում եմ թոշակի, որովհետեւ թոշակային տարիքն է, մի մասը ալիմենտար ճարպակալում ունեն, դա ճանապարհային ոստիկանին հարիր տեսք չէ: Չեմ ուզում մեր փողոցներում քաղաքացիները մեր ոստիկանին այդ տեսքով տեսնեն: Ես կարծում եմ, որ արտաքին տեսքը շատ կարեւոր է: Մենք էլի շատ ծառայություններ ունենք, որ մեր հին աշխատակիցները, ովքեր տարիների ընթացքում փոքր-ինչ դեֆորմացվել են, ճարպակալում ունեն, թող նստեն, կաբինետներում աշխատեն»:
Ա. Մ.