Յան Չառնոգուրսկին Սլովակիայի հանրապետության առաջին վարչապետն է, Ֆրանտիշեկ Միկլոշկոն ` նույն հանրապետության Ազգային խորհրդի առաջին նախագահը: Երկուսն էլ` Ադրբեջանի «սեւ ցուցակ»-ի «պատվավոր» անդամներ են` ԼՂՀ այցելելու համար երկուսն էլ, համաձայն տարբեր տեսակի «ալիհասանովների»` «կիսով չափ հայ» կամ «հայկական փողերով կաշառված»: Իսկ եթե ավելի լուրջ` այս երկու պարոնայք, որոնք սեփական ինքնորոշման իրավունքի իրացման փայլուն օրինակ, նախկին Չեխոսլովակիայի մաս կազմող Սլովակիայի հանրապետության առաջին ղեկավարներն են, օգոստոսի 31-ի ամսաթվով ուղերձ են հղել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանին եւ շնորհավորելով ԼՂՀ անկախության տոնը, մասնավորապես նշել են. «Արցախի Հանրապետությունը ծնվել է իր գոյությունը պահպանող ծանրագույն պատերազմի պայմաններում: Հանրապետության բնակչությունը ցուցաբերել է իր զարմանահրաշ հպարտությունն ու հայրենասիրությունը: Պաշտպանել են իրենց ընտանիքները` կանանց, երեխաներին, պաշտպանել են իրենց հողը եւ նվաճել են հաղթանակ այդ կռվում: Մենք այցելել ենք Ձեր երկիրը եւ ականատես եղել, թե ինչպես մարտական սխրանքներին հաջորդել են Ձեր ժողովրդի անսահման աշխատասիրությամբ ձեռք բերված նվաճումները, քրիստոնեական մշակույթի պահպանման գործի նկատմամբ հոգատարությունը: Արցախի ժողովուրդը գիտակցում է, որ զենքը վայր դնելը դեռեւս վաղ է: Այդ նույն ժողովուրդը անկասկած ունի բարոյական իրավունք` ունենալու ողջ աշխարհի զորակցությունը...»:
Դժվար է ասել, թե նախատեսե՞լ է արդյոք Ադրբեջանը «սեւ ցուցակից էլ ավելի սեւ ցուցակ» այն պաշտոնյաների համար, որոնք ոչ միայն այցելել ու այցելում եմ Արցախ, այլեւ ամենեւին էլ չեն զղջում դրա համար, ավելին` հիանում են բնիկ արցախցի ժողովրդի սխրանքով ու կամքով:
Հ. Ա.