Ձերբակալվել է Լիբիայի արտգործնախարարը
Ռուսաստանը ճանաչել է լիբիացի ապստամբների Ազգային անցումային խորհրդինՙ որպես Լիբիայի միակ գործող կառավարության: Այդ մասին հաղորդվում է ՌԴ ԱԳՆ կայքէջում:
«Մեր երկիրը Լիբիայի հետ դիվանագիտական հարաբերություններ ունի 1955 թ. սեպտեմբերի 4-ից, եւ դրանք երբեք չեն ընդհատվելՙ անկախ Տրիպոլիում իշխող կառավարությունից», ասվում է ԱԳՆ հայտարարության մեջ: ԱԳՆ-ում հույս են հայտնում, որ երկու երկրների ստանձնած պարտավորությունները այսուհետեւ էլ բարեխղճորեն կկատարվեն: Ներկայումս վտանգված են Լիբիայում Ռուսաստանի կատարած միլիարդանոց ներդրումները. եթե Տրիպոլիի նոր տերերը որոշեն Ռուսաստանից վրեժ լուծել երկրի նախկին ղեկավարի հետ բարեկամության համար, ապա Մոսկվան կարող է տնտեսական եւ միջազգային առումով ծանր կորուստներ կրել:
Ավելի վաղ խռովարարների կառավարությանը ճանաչել էին Արեւմուտքի մի շարք երկրներ, սակայն Ռուսաստանը սահմանափակվել էր նրանով, որ ԱԱԽ-ն անվանել էր օրինական գործընկեր, որի հետ կարելի է բանակցել Լիբիայի պաշտոնական կառավարության հետ մեկտեղ:
Ինչ վերաբերում է մարտական գործողություններին, Մուամմար Քադդաֆիին հավատարիմ զորքերի վերահսկողության տակ է մնում նրա ծննդավայր Սիրտ քաղաքը: Անձամբ Քադդաֆիի գտնվելու վայրը մնում է անհայտ: Նրա գլխի դիմաց նշանակված է 1,6 մլն դոլար պարգեւավճար:
Ռոյթեր գործակալությունը հայտնում է, որ ապստամբները ձերբակալել են Քադդաֆիի կառավարության արտգործնախարար Աբդուլատի ալ Օբեյդիին: Նա ձերբակալվել է Տրիպոլիից արեւմուտք գտնվող իր ագարակում:
Աբդուլատի ալ Օբեյդին արտգործնախարարի պաշտոնում նշանակվել էր 2011-ի ապրիլինՙ այն բանից հետո, երբ ծավալված հակամարտության պայմաններում պաշտոնում նրան նախորդած Մուսա Քուսան փախել էր Մեծ Բրիտանիա:
Քադդաֆիի որդիներից Սեյֆ ալ Իսլամը «Ալ Արաբիա» հեռուստաալիքի եթերում տարածված հեռախոսային հարցազրույցում հայտարարել է, որ գնդապետին հավատարիմ ուժերը շարունակում են պայքարը եւ շուտով հաղթելու են ապստամբներին: Նրա խոսքերով, Մուամմար Քադդաֆին ողջ-առողջ է: Ֆրանսպրեսը մեջբերում է Սեյֆ ալ Իսլամի այն խոսքերը, որ ապստամբները չպետք է հարձակվեն Սիրտ քաղաքի վրա, քանի որ այնտեղ նրանց սպասում են Քադդաֆիի կողմնակից 20.000 զինյալներ: