Կառավարությունը երեկ որոշեց ստեղծել ՀՀ տնտեսական ոլորտը կարգավորող իրավական ակտերի բարեփոխման խորհուրդ, «Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն» ԾԻԳ, հաստատել արդյունավետ կառավարման օրակարգ: Այս կառույցները ստեղվելու են ըստ Հայաստանի նախագահի համապատասխան հրամանագրի, եւ նպատակ ունեն վերացնել գործարար միջավայրին ու շուկայական տնտեսության զարգացմանը խոչընդոտող դրույթները, բարելավել եւ պարզեցնել պետության կողմից քաղաքացիներին մատուցվող ծառայությունները, կրճատել տնտեսապես ոչ արդյունավետ, ծախսատար եւ աննպատակահարմար մեխանիզմները: Վարչապետի նախագահությամբ գործող խորհրդի կազմում կընդգրկվեն երկրի նախագահի գլխավոր խորհրդականը, արդարադատության, էկոնոմիկայի, ֆինանսների նախարարները:
Անդրադառնալով այս որոշմանըՙ վարչապետ Տիգրան Սարգսյանն ասաց. «Պայմանականորեն մենք սա անվանում ենք գիլյոտինի համակարգ: Ստեղծվող խումբն ըստ ոլորտների անցնելու է բիզնես գործընթացներով: Մենք կրճատելու ենք այդ բիզնես գործառույթներըՙ նպատակ ունենալով կրճատել բյուրոկրատական քաշքշուկը, ավելորդ գործառույթները, կրկնությունները, անիմաստ թույլտվությունները: ... Մենք ստացել ենք միջազգային կազմակերպությունների աջակցությունը, նաեւ գրանտային միջոցներ, որպեսզի նորաստեղծ կառույցն ունենա ֆինանսավորում ու լիակատար կերպով սկսի իրականացնել այս միջոցառումը: Եթե երկարաժամկետ հեռանկարով դիտարկենք այս խնդիրը, ապա անհրաժեշտություն է լինելու կրճատել պետական ապարատը, ավելորդ աշխատատեղերը, բաժինները, վարչությունները եւ մատուցվող ծառայությունները: Իհարկե, կբարձրացվի աշխատանքի որակը, ինչպես նաեւ կնվազեն կոռուպցիոն ռիսկերը: Սա արմատական բարեփոխումներ իրականացնելու լավագույն գործիքներից մեկն է լինելու»:
Ա. Մ.