ՀԱԿ-ը, իր խնդիրները չլուծած, այժմ էլ միջազգային ասպարեզի խնդիրներին է հասել ու, ողջունելով «լիբիական ժողովրդի դարակազմիկ հաղթանակը», երեկ հայտարարությամբ պահանջել է Հայաստանի իշխանություններից`պաշտոնապես ճանաչել Լիբիայում ձեւավորված նոր իշխանությունը. «Պատմության ու մասնավորապես նորագույն շրջանի պատմության օրինաչափությամբ ու տրամաբանությամբ տապալվեց աշխարհում գոյություն ունեցող բռնապետություններից եւս մեկը, այս անգամ Լիբիայում: Լիբիայի ժողովուրդն ստիպված եղավ դա անել համառ ու արյունալի պայքարում, քանզի այստեղ հաստատված բռնապետական ռեժիմը տեւական ժամանակի ընթացքում հնարավորություն էր ստացել երկրի ողջ ռեսուրսները ներդնել սեփական իշխանության ամրապնդման ու հավերժացման համար ու զրկվել քաղաքական ընկալման ու քաղաքական լեզվով խոսելու որեւէ ունակությունից: Թունիսից ու Եգիպտոսից հետո Լիբիան ստացավ օրինակարգ իշխանություն ունենալու, ժողովրդավարության ներդրման, իրավական պետություն դառնալու եւ ազատ հասարակություն դառնալու հնարավորությունՙ ի շահ իր յուրաքանչյուր քաղաքացու: Անքակտելի այդ իրավունքն ունեն աշխարհի բոլոր ժողովուրդներըՙ անկախ դրա իրականացման ձեւից», իր երազանքն է ձեւակերպել ՀԱԿ-ը:
Մ. Խ.