Երեւանյան բուհերի երեկվա` սեպտեմբերմեկյան բակերից առանձնանում էր մի մասնաշենք: Առանձնանում էր, որովհետեւ դիմացը կանգնեցված չկային թանկարժեք կամ պարզապես` մեքենաներ, որովհետեւ մասնաշենքի հենց տեսքից երեւում էր, որ պատրաստ է սիրով ընդունել իր նոր ուսանողներին, որոնք պիտի կոչվեն «մեծ ու ուրախ ընտանիքի անդամներ»:
Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի` դեռեւս 1970-ին Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Կառլեն Միրզախանյանի հիմնադրած կուլտուրայի ֆակուլտետը երեկ իր 13 բաժիններում ընդունում էր առաջին կուրսեցիներին: Ֆակուլտետի վերջերս վերակառուցված շենքի պատերին` մեր մշակույթի մեծերի նկարների համայնապատկերում ընդգծված էին հետեւյալ տողերը` «Բարի գալուստ կուլտուրայի ֆակուլտետ. դեպի լույս եւ գիտություն»: Արդեն քառասուն տարուց ավելի կուլտուրայի ֆակուլտետի շրջանավարտները էական դերակատարում ունեն երկրի մշակութային, լրատվական, հասարակական կյանքում: Դիմելով առաջին կուրսեցիներին, ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Գեւորգ Թադեւոսյանը ընդգծեց. «Դուք մուտք եք գործում մի հաստատություն, որտեղ ուսանել են շատերը եւ հետագայում դարձել անվանի արվեստագետներ ու մեր մշակույթի նվիրյալներ: Հավատարիմ եղեք ձեր նախորդների թողած ժառանգությանը»: Թադեւոսյանը արդեն մեր զրույցում նշեց, որ ֆակուլտետի շրջանավարտների մոտ 99 տոկոսն այսօր աշխատանք ունի:
Իսկ այսօր կուլտուրայի ֆակուլտետն ունի 1800 ուսանող, որոնցից 450` հեռակա: Այս տարի, երբ հանրապետության դպրոցները շրջանավարտ չտվեցին, կուլտուրայի ֆակուլտետ ընդունվողների թիվը աչք է շոյում: Հատկացված 275 տեղերից ֆակուլտետ են ընդունվել 116 երիտասարդներ: Դեկանի պաշտոնակատարը ընդգծեց, որ «անգամ որպես կանոն «քիչ պահանջարկ» ունեցող բաժիններում, օրինակ` փողային նվագախմբի ղեկավար եւ ժողովրդական գործիքների նվագախմբի ղեկավար, եղել են դիմողներ եւ ընդունելություն»: Մեր օրերում խիստ պահանջարկ ունեցող պարարվեստի մասնագետների պաստրաստման գծով կուլտուրայի ֆակուլտետը միակն է Հայաստանում. սա միակ ֆակուլտետն է, որ տալիս է պարարվեստի մասնագիտական բարձրագույն կրթություն: Ավանդաբար այս բաժինն այս տարի էլ լի է եղել դիմումներով ու այժմ` ընդունվածներով: Գրեթե նույն իրավիճակն է մասսայական հանդիսությունների, հեռուստահաղորդումների եւ ֆիլմերի ռեժիսուրա, օպերատորական գործ բաժիններում: Անցյալ տարվա համեմատությամբ զգալիորեն նվազել է հեռուստալրագրության բաժին ընդունվածների թիվը:
Ֆակուլտետի վերակառուցված եւ տեխնիկապես բավականին զինված դահլիճում` առաջին կուրսեցիներին ողջունում էր հենց ֆակուլտետի փողային նվագախումբը: Միջոցառմանը ներկա էին ֆակուլտետի ամբիոնների վարիչները, որոնցից յուրաքանչյուրը իր ոլորտում` անվանի եւ փորձառու: Եվ մինչ շփոթված առաջին կուրսեցիները ծափահարում էին, որ իրենց դասավանդելու են կոմպոզիտոր Արա Գեւորգյանը, անվանի լրագրող Արմեն Ամիրյանը, մշակույթի եւ գիտության այլ դեմքեր, հեռուստաֆիլմերի եւ օպերատորության ամբիոնի վարիչ տիկին Աիդան, շատ անմիջական ու ժպտալով դիմեց վերջիններիս. «Դուք եկել եք մեծ ընտանիք: Այստեղ բոլորովին այլ է մթնոլորտը, այստեղ պետք է լինել համարձակ, աշխույժ, ակտիվ: Սակայն այս բառերը չպետք է սխալ ընկալվեն. ամենակարեւորը անձնական շփումների մակարդակն է. ազնիվ, կիրթ, ընկերական, ընտանեկան մթնոլորտ ապահովելու համար, ինչով մշտապես առանձնացել է կուլտուրայի ֆակուլտետը»: Այնուհետեւ, եւս մեկ անգամ` իր եւ ՀՊՄՀ-ի ռեկտոր, նախկինում հենց կուլտուրայի ֆակուլտետի դեկան Ռուբեն Միրզախանյանի անունից շնորհավորելով առաջին կուրսեցիներին, դեկանի պաշտոնակատարը կատարեց, ինչպես ինքը նշեց` «իր արդեն 20 տարվա առաքելությունը». «Այժմ բոլորդ գնում եք ձեր ամբիոնները, ծանոթանում դասացուցակին: Այս շաբաթ համեմատաբար թեթեւ կլինի, կլինեն ավելի շատ ծանոթություններ, բայց արդեն երկուշաբթի օրվանից` բավական խիստ սկսելու ենք աշխատել»:
Եվս 116 հոգի մտան կուլտուրայի ֆակուլտետ, եւ եթե անգամ ամեն բաժնից առնվազն երկու-երեք հոգի դառնան իրենց ոլորտների գիտակ-մասնագետներ, ապա մեր մշակույթի, հասարակագիտության վաղվա օրը ամպամած ու մռայլ չի լինի: «Բարի գալուստ կուլտուրայի ֆակուլտետ. դեպի լույս եւ գիտություն, սիրելի առաջին կուրսեցիներ»:
Հ. ԱՖՅԱՆ