«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#151, 2011-08-30 | #152, 2011-08-31 | #154, 2011-09-02


ԵՐԵՔ ԴՊՐՈՑԱԿԱՆ ՆՈՐԱՄՈՒՏ` «ԼԻՆՍԻ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԾՐԱԳՐՈՎ

Սեպեմբերի 1-ը դպրոցական նորամուտով նշեցին Շիրակի մարզի Նոր Կյանք եւ Արեւշատ գյուղերում: «Լինսի» հիմնադրամի դպրոցաշինության ծրագրով հիմնանորոգված ընդարձակ եւ հարմարավետ երկու կրթօջախների բացումն էլ կազմակերպվել էր մեծ հանդիսավորությամբ, բացման արարողություններին ներկա էին ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը, կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը, Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանը, այդ համայնքների մեծ ու փոքրը, բազմաթիվ հյուրեր Գյումրուց եւ մայրաքաղաքից:

«10 մլն դոլարի դպրոցաշինության ծրագիրը, որը ներառում էր Շիրակի եւ Լոռու մարզերում 3-ական դպրոցների կառուցում ու վերակառուցում, կարող ենք հայտարարել, որ ավարտված է,- Նոր Կյանքում լրագրողների հետ զրույցում ասաց «Լինսի» հիմնադրամի «Դպրոցաշինություն» ԾԻԳ-ի տնօրեն Հրայր Սարգսյանը:- Դպրոցները կառուցվել են ժամանակակից չափորոշիչներին համապատասխան եւ ոչնչով չեն զիջում քաղաքային դպրոցներին: Դրանք ապահովել ենք լոկալ ջեռուցման համակարգով, ցանկապատով, բարեկարգումով, մարզահրապարակով ու մարզադահլիճով, ունեն հանդիսությունների դահլիճ, բուժկետ, լաբորատորիաներ եւ այն ամենը, ինչ անհրաժեշտ է նորմալ դասաժամեր անցկացնելու համար»: Շենքերն ապահովված են տաք եւ սառը օդամատակարարման, անվտանգության, հակահրդեհային համակարգերով եւ նոր գույքով: Նոր Կյանքի դպրոցում կառուցված է նաեւ ժամանակակից հրաձգարան, որը կարող է ծառայել ոչ միայն այդ կրթօջախի աշակերտներին:

Նշված երկու դպրոցներն էլ նախատեսված են 360-ական աշակերտի համար: Ինչպես տեղեկացրեց Նոր Կյանքի միջնակարգ դպրոցի տնօրեն Զավեն Պետրոսյանը, այսօր այստեղ սովորում է 200 աշակերտ:

Մաքուր, լուսավոր միջացքներ ու դասասենյակներ, իրոք տրամադրող պայմաններ էին ստեղծված երկու կրթօջախներում էլ: Արեւշատի դպրոցը կրում է այս գյուղում ծնված բանաստեղծուհի Մետաքսեի անունը, որը ներկա էր եւ իր ողջույնի խոսքն ասաց բացման ժամանակ: Ելույթ ունեցողների թվում էր ծնունդով արեւշատցի եւս մեկ արվեստագետ` գեղանկարիչ, ՀՀ վաստակավոր նկարիչ Հրանտ Թադեւոսյանը:

Շիրակի մարզում նույն ծրագրով երրորդ` Սարակապի գյուղական դպրոցի բացումը նախատեսված է այսօր:

Գ. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4