ԶՈՐԻ ԲԱԼԱՅԱՆ
Կարմիր ծովի մասին ես համառոտակի պատմել եմ, բայց չեմ ընդգծել ամենագլխավորըՙ այն բիբլիական ծով է: Ծրագրել էինք այցելել Սուդան, որտեղ Խարթումում կան ոչ մեծ հայկական համայնք եւ Սուրբ Գրիգոր եկեղեցի: Իմանալով, որ դեռեւս 1993-ին Եթովպիան Էրիտրեայի հանրապետության զատման հետեւանքով կտրված է Կարմիր ծովի ափեզերքից, այնուամենայնիվ որոշել էինք ցամաքային ճանապարհով այցելել նաեւ Եթովպիայի մայրաքաղաք Ադիս Աբեբա: Չափից ավելի հարուստ եւ ուշագրավ է հայ համայնքի պատմությունը այդ հինավուրց երկրում, որը դեռեւս մեր թվարկությունից առաջ 1-ին դարում ներառված էր Սաբայի թագուհու եւ Սողոմոն թագավորի տիրույթներում: 7-րդ դարում հայերը արաբների նվաճած Եգիպտոսից, Պաղեստինից, Սիրիայից վերաբնակություն հաստատեցին Եթովպիայում: Այդ ժամանակ էլ կառուցեցին առաջինՙ Սուրբ Ստեփանոս եկեղեցին, ինչպես նաեւ մի քանի մատուռներ, իսկ 20-րդ դարի սկզբին կառուցվեց Սուրբ Գեւորգ եկեղեցին, որը գործում է մինչեւ օրս: Ցավոք, զրկված էինք աֆրիկյան այդ երկրներն այցելելու հնարավորությունից:
Աֆրիկա մայրցամաքում կա եւս մեկ հայկական համայնք, որը, ճիշտ է, չի մտնում սփյուռքի դասական հասկացության մեջ: Խոսքը Հարավաֆրիկյան Հանրապետության մասին է: Այնտեղ ունենք ոչ մեծ խումբՙ կազմավորված վերջին տարիներին: Այնպես որ մեզ մնում է հիմնավորապես աշխատել միայն Աֆրիկայի հյուսիս-արեւելքիՙ Եգիպտոսի վրա, որտեղ հայ համայնքի պատմությունն ունի հարուստ եւ դրամատիկ էջեր, որոնք նույնիսկ տասնյակ ռեպորտաժներում չեն կարող ընդգրկվել: Ասենք, այդպիսի հսկայական խնդիր էլ չենք դրել մեր առջեւ: Մեզ մոտ ամեն ինչ շատ ավելի համեստ է. «Արմենիա»-ն շուրջերկրյա նավարկություն է կատարում, եւ անձնակազմը պետք է հանդիպի մեր հայրենակիցների հետ այն երկրներում, որտեղ համայնքներ ունենք, նկարահանի եկեղեցիները, պատմական հուշարձանները, պատմի իր տպավորությունների մասին:
Սկսենք նրանից, որ Եգիպտոսը, ավելի ճիշտՙ Եգիպտոսի Արաբական Հանրապետությունը տեղավորված է ոչ միայն Աֆրիկայում, այլեւ մասնակիորեն Ասիայում (Սինայի թերակղզի): Երկիրն աշխարհում քսանիններորդն է տարածքով (997 հազար քառակուսի կիլոմետր) եւ տասնհինգերորդըՙ իր բնակչությամբ (73 միլիոն): Ջրային մակերեւույթն ընդամենը կես տոկոս է:
Ես երկար էի սպասել այդ ժամին, երբ ոտք կդնեմ այն հողին, որտեղ հինգ հազար տարի առաջ գոյություն է ունեցել Վերին եւ Ստորին Եգիպտոսների միացյալ, հզոր պետությունըՙ իր Մեմֆիս մայրաքաղաքով, հիերոգլիֆյան գրերով եւ բարձր մշակույթով: Եվ իհարկե, իր հայտնի, եգիպտական փիլիսոփայությամբ: Զարգացած էր ծովագնացությունը: Եվ գուցե աշխարհում առաջին անգամ փիլիսոփայական մտքերը ծովի մասինՙ որպես պատկերի, պահպանվել են հենց Եգիպտոսում: Ասենքՙ «Զարտուղի ճանապարհներով նավակը հանգրվանին չի հասնի»: Կամՙ «Միայն նա, ով ազնիվ է ու բարի, բարեհաջող ափ դուրս կգա»: Ես ուշադրություն եմ դարձրել, որ լեգենդար փարավոնների դարաշրջանի ողջ փիլիսոփայությունը խաղաղության, բարու եւ այն մասին է, որ միայն «այս կյանքն արժեք ունի»: Տպավորությունն այնպիսին էր, ասես բարին կարող է գոյություն ունենալ առանց բռունցքների, իսկ չարը համարյա ինքն իրեն հեռանալու է, եթե բարին լինի... համբերատար: «Եթե չարը չուղղվի, այն կկրկնապատկվի»: Մի խոսքով, պետք է սպասել: Գլխավորը համբերությունն է: Քանզի միեւնույնն է, կգա ժամանակ, երբ «նույնիսկ հիմարի բանականությունը կհաշտվի ճշմարտության հետ»: Կամՙ «Որպեսզի պահպանես ընկերներիդ, պետք է ներես»:
Մի խոսքով, ինչ-որ քրիստոնեական բան կար եգիպտացիների փիլիսոփայության մեջ Քրիստոսի հայտնությունից դեռեւս շատ առաջ: Դրել են դասական արդարադատության հիմքերը, հաստատելով, որ պետք է սպանել ոչ միայն նրան, ով սպանում է, այլեւ նրան, ով հրամայում է սպանել (այս ամենը ես իմ հուշատետրում նշել եմ քառասուն տարի առաջ, Կամչատկայում): Բայց ահա թե ինչն է, ըստ իս, ցավալի. զարգացնելով փիլիսոփայությունը, պայքարելով հանուն ճշմարտության, ինչպես պնդում է Արիստոտելը, եգիպտացիները մոռանում էին ամենագլխավորի մասինՙ պետության անվտանգության: Նրանք առաջին տեղում դնում էին արդարությունը: Ճիշտ հայերի պես: Բայց միաժամանակ, չգիտես ինչու, մոռանում էին եթե ոչ առաջին, գոնե երկրորդ տեղում դնել անվտանգությունը:
Եվ ինչի՞ հանգեցրեց այդ, թվում է, նույնիսկ շատ հրապուրիչ փիլիսոփայությունը: Նրան, որ Ալեքսանդր Մակեդոնացին (ի դեպ, ճակատագրի հեգնանքովՙ Արիստոտելի աշակերտը) նվաճեց Եգիպտոսը, կառուցեց Ալեքսանդրիա նավահանգիստը եւ ինքն իրեն հռչակեց ոչ թե թագավոր, ոչ թե կայսր, այլ հենց փարավոն: Ահա այդպես: Հաղթեց օտարի զորությունը, հաղթեց ուժը, օտարի անվտանգությունը, օտարի մարտունակությունը: Եվ Եգիպտոսը երկար դարեր արդեն կոչվեց Հունական Եգիպտոս: Ո՛չ, հույները չոչնչացրին մարդկանց, նրանց ֆիզիկական ցեղասպանության չենթարկեցին: Պարզապես ներդրեցին իրենց մշակույթը: Եվ հերթական հույն զորավար Պտղոմեոսն արդեն եգիպտացիների հոգիները նվաճեց: Ահա այստեղ սկսվում է ահավոր հետաքրքիր ու նշանակալից մի պատմություն: Ալեքսանդր Մակեդոնացու մահից հետո նրա հաջորդներ դարձան զորավարները, այսպես կոչվածՙ դիադոխները: Նրանց մեջ ամենաազդեցիկը Պտղոմեոս Առաջինն էր, Լագի որդին: Այստեղից էլՙ Լագերի տոհմը: Տիրեցին ամբողջ երեք դար: Համարյա մինչեւ Քրիստոսի Ծնունդ: Հենց Լագիդները Եգիպտոսը «դարձրին» հունական: Բայց, ըստ երեւույթին, հիմա էլ հույները «վարակվեցին» փարավոնների պացիֆիստական փիլիսոփայությամբ, մարտունակությունն ու անվտանգությունը դնելով ոչ առաջին տեղում, նույնիսկ ոչ երկրորդՙ արդարությունից հետո: Ոչինչ չկարողացավ անել Պտղոմեոսների այդ երբեմնի հայտնի տոհմի նաեւ վերջին թագուհինՙ Կլեոպատրան: Իդեպ, այդ անվամբ շատ կանայք են իշխել, բայց պատմության մեջ մտել է հենց Կլեոպատրա Յոթերորդը, որի մահից (ինքնասպանությունից) հետո ընկավ արդեն Հունական Եգիպտոսը: Եվ մեր թվարկությունից առաջ 30 թվականից մինչեւ մեր թվարկության 640 թվականը փարավոնների բազմաչարչար երկիրն արդեն կոչվում էր Հռոմեական Եգիպտոս:
Հիմա այդ երկիրը կոչվում է, կարելի է ասելՙ ավանդաբար, Եգիպտոսի Արաբական Հանրապետություն: Բոլորը ջանում են պահպանել պատմական անվանումը, միաժամանակ բոլորը, ինչպես արդեն նշել եմ, բարբարոսաբար եւ վադալաբար կործանում են հենց Եգիպտոսը, ողջ եգիպտականը: Մանավանդ հիմա, երբ երկրում սկսվել է հեղափոխության հերթական փուլը, որի ժողովրդավարական կարգախոսների տակ խրախուսող ձայներ են հնչում բոլոր բուրգերի, բոլոր սֆինքսների, հեթանոսություն հիշեցնող ամեն ինչի վերջնական ոչնչացման մասին: Սա արդեն 21-րդ դարում: Եվ բառացիորեն Փարիզում ՅՈՒՆԵՍԿՕ-ի նստավայրի քթի տակ: Եվ այն դեպքում, երբ լավ հայտնի է, որ ազգային եկամտի առյուծի բաժինը բերում է հենց զբոսաշրջությունը, որն առանց Եգիպտոսի ճշմարիտ հեթանոսական ժառանգության պարզապես չի կարող գոյություն ունենալ: Այնպես որ, այսօր էլ մեր մոլորակի վրա շարունակվում է հետեւողական եւ մի ինչ-որ ծրագրված ոչնչացումն այն ամենի, ինչ հազարամյակների ընթացքում ստեղծել են հողերի ու երկրների, մայրցամաքների ու կղզիների իսկական նախաբնակները: Որպես սարսափելի օրինակ կարող է ծառայել պատմական Նախիջեւանի երկրամասի տարածքում, փոքր ճարտարապետական ձեւերի համաշխարհային գլուխգործոցների վանդալային ոչնչացումը Ջուղայում, որտեղ ավելի քան տասը հազար խաչքարներից եւ ոչ մի հատ չի մնացել հողի երեսից ջնջված հին հայկական գերեզմանոցում: Գիտնականներն այդ բարբարոսությունը կոչում են «փիլիսոփայությունների վաղուց արդեն սկսված պատերազմի հետեւանք»: Չէ՞ որ բարբարոսներն ու վանդալները իրենց գաղափարախոսությունը նույնպես անվանում են փիլիսոփայություն: Երկու տարվա մեր շուրջերկրյա նավարկության ժամանակ մենք անթիվ անգամներ ենք տեսել բարբարոսության եւ վանդալիզմի հետքեր: Եվ այս մտքերին ինձ հանգեցրին սեփական ականջներովս լսած, ինչպես արդեն ասել եմ, բարձրաձայնած կոչերըՙ եգիպտական բուրգերի ու սֆինքսների մնացորդները ոչնչացնելու վերաբերյալ: Ճիշտ է, մենք վստահ ենք, որ ինքըՙ արաբական ժողովուրդը չի հանդուրժի նման սրբապղծություն: Թեեւ այսօր ո՞վ է ժողովրդի կարծիքը հարցնում...
...Արդեն ոչ թե անձնակազմը, այլ անձամբ ես մի ավանդույթ ունեմ, որն անվանում եմ էստաֆետ: Ճիշտ է, «Կիլիկիա»-ի վրա այն շատ ավելի հաճախ էր կրկնվում: Խոսքը մեր դիվանագետների մասին է, որոնք միմյանց հետ յուրօրինակ էստաֆետի մեջ էին: Դիմավորում եւ ճանապարհում էին առագաստանավը: Շատերն էին երջանկանում հանդիպումից, այն բուն փաստից, որ ինքնըստինքյան դառնում էին անձնակազմի պատվավոր անդամներ: Իսկ իմ ավանդույթն այն է, որ ես նախապես զանգում եմ Հայաստանի դեսպանին, եւ սկսվում է ամենակարեւորըՙ ճշտել, թե երբ է «Արմենիա»-ն մտնելու նավահանգիստ: Դա, իհարկե, շատ կարեւոր է: Չէ՞ որ պետք է նախապես իրազեկել համայնքին: Բոլորը գործ ունեն, բոլորը ցրված են երկրով մեկ: Եվ հանդիպումն էլ պետք է այնպիսին լինի, որ հուշ մնա: Ինչքան չլինիՙ տախտակամածը Հայաստանի տարածքն է: Դա նշանակում է, որ ինքըՙ Հայաստանն է գալիս հայրենակիցների մոտ: Բացի այդ, շատերն արդեն լավ գիտեն ծովարշավի մասին, տեսել են կադրերը համացանցում, տեսել են հսկայական եռագույնը նավի վրա, Հայաստանի, Արցախի, Հայ առաքելական եկեղեցու դրոշները կայմաձողին, տեսել են ժպիտները, արցունքները, լսել են երգերը, պետական օրհներգի մեղեդին:
Սակայն այդ ամենի վերեւում կանգնած է դեսպանը: Մենք թերեւս դեռ «Կիլիկիա»-ի նավարկության ժամանակ հասցրեցինք ծանոթանալ մեր դիվանագետների բացարձակ մեծամասնության հետ: Իսկ անձամբ ես յուրաքանչյուրի վերաբերյալ յուրատեսակ ծրար պատրաստեցիՙ դիվանագիտական կենսագրության սխեմայով: Ահա հիմա էլ, երբ այնքան քիչ ժամանակ է մնացել մինչեւ Եգիպտոսում Հայաստանի դեսպանի հետ հանդիպումը, կուզենայի ընթերցողին պատմել մեր դեսպանիՙ Արմեն Աշոտի Մելքոնյանի մասին: Նախապես ասեմՙ նա միակն է, ով հայկական դրոշով մեր նավը դիմավորում է երկրորդ անգամ: Յոթ տարի առաջ նա դա արեց, երբ վարում էր Սիրիայում, ավելի ճիշտՙ Հալեպում Հայաստանի գլխավոր հյուպատոսի պաշտոնը: Իսկ հիմա ահա Եգիպտոսի մեր դեսպանն է: Կարդում ես կենսագրությունը եւ բոլորովին չես զարմանում, որ Արմենի մոտ ամեն ինչ ստացվեց այնպես, ինչպես ստացվեց: Ամեն ինչ տրամաբանական է: Ճիշտ է: Քսաներկու տարեկանում ավարտել է Երեւանի պետհամալսարանի արեւելագիտության ֆակուլտետի արաբական բաժինը: Քսանութ տարեկանում ավարտել է Գիտությունների ակադեմիայի Արեւելագիտության ինստիտուտի ասպիրանտուրան: Դիսերտացիան պաշտպանել է, թեմա ընտրելով «Հայկական միջնադարյան աղբյուրները 7-8-րդ դարերի Արաբական խալիֆայության մասին»: Խորհրդային տարիներին արաբերենի թարգմանիչ էր Եմենում, ծառայել է բանակում, ի դեպ, որպես թարգմանիչ: Եղել է Արեւելագիտության ինստիտուտի աշխատակից, դասավանդել է ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետում: Աշխատել է Հայաստանի առաջին նախագահի աշխատակազմում: 1994-ին տեղափոխվել է ԱԳՆ, ստանձնելով Մերձավոր Արեւելքի վարչության առաջին քարտուղարի պաշտոնը: Ապա (1997-1998) խորհրդական է աշխատել Եգիպտոսում Հայաստանի դեսպանատանը (այն ժամանակ դեսպանը Հայաստանի ներկայիս արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն էր): Հետո եղավ Հայաստանի գլխավոր հյուպատոսը Լոս Անջելեսում, Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի միջազգային կապերի բաժնի վարիչը, Հայաստանի գլխավոր հյուպատոսը Հալեպում (Սիրիա), ԱԳՆ Մերձավոր Արեւելքի վարչության պետը: 2007 թվականին նրան շնորհվեց նախարարի արտակարգ եւ լիազոր դեսպանորդի դիվանագիտական աստիճան: Եվ ահա 2009 թվականից ծառայում է Եգիպտոսում որպես Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան: Համատեղության կարգով դեսպան է Եթովպիայում, Լիբիայում: Դիտորդ է Աֆրիկյան միությունում եւ լիազոր ներկայացուցիչՙ Արաբական երկրների լիգայում: Այս ամենին հավելենք եւ այն, որ Արմեն Մելքոնյանը բացի հայերենից, տիրապետում է ռուսերենին, արաբերենին եւ անգլերենին: Ամուսնացած է, ունի երկու զավակ:
Դիվանագիտության թեմային ես դեռ կանդրադառնամ: Այդ մասին մենք շատ ենք խոսել Հնդկաստանում Հայաստանի դեսպան Արա Հակոբյանի հետ: ԽՍՀՄ-ի փլուզումից եւ հայ ազգային դիվանագիտության կազմավորումից անմիջապես հետո այդ հարցը դարձավ ամենահրատապներից մեկը: Դեռ այդ ժամանակ ես սկսեցի նյութեր հավաքել, թե ինչպես Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Ճապոնիայում ողջ հասակով մեկ ծառացավ ժողովրդի եւ երկրի վերածնման հարցը, թե ինչպես փիլիսոփաները եւ պետիրավագետները ամենագերակա խնդիրներից մեկն ընդունեցին դիվանագիտությունը, իսկ ավելի ճշգրիտՙ դիվանագետների գործունեությունը: Այդ թեմայով մենք շատ անգամներ ենք խոսել Սեւանում եւ ճապոնական Բիբա լճում հետպատերազմյան Ճապոնիայի ականավոր փիլիսոփա եւ հրապարակախոս Հիրոսի Նոմոյի հետ, երկար տարիներ նրա եւ Վալենտին Ռասպուտինի հետ լինելով «Բայկալյան շարժում» միջազգային բնապահպանական կազմակերպության համանախագահներ: Ես կարծում եմ, դիվանագիտության թեման այսօր Հայաստանում քաղաքական, տնտեսական, միջդավանական իրադրության բարդացման պայմաններում առավել այժմեական եւ գերակա է դառնում:
Իսկ առայժմ սկսենք ծանոթությունը խռովահույզ Եգիպտոսի Արաբական Հանրապետության մայրաքաղաքիՙ տասնհինգ միլիոնանոց Կահիրեի հետ: